Համբարձման Տօնակատարութիւն

Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 25-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր: Բոլոր քրիստոնեայ եկեղեցիները յիշատակում են յիշեալ տօնը և օրւայ առիթով նաև պատարագներ են մատուցում:

Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում նաև հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք համբարձման տօնի սուրբ պատարագը:

Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող և արժևորող կարևորագոյն տօներից մէկնն է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը և Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:

Համաձայն Ս. Աւետարաններին, Քրիստոս մեռելներուց և յարութիւն առնելուց յետոյ փառաւորեալ մարմնով քառասուն օրեր երկրի վրայ մնաց, բազմիցս երևաց իր աշակերտներին, նրանց մտքերը բացեց Հին Կտակարանի Օրէնքի և մարգարէութիւնների լոյսի տակ և ապա բոլորի աչքերի առաջ Ձիթենեաց լեռից ամպերի վրայ դէպի երկինք համբարձաւ և նստեց Հօր աջ կողմում: Դա արեց, որպէսզի մեզ համար ճամբան պատրաստի, որպէսզի բոլոր իրեն հաւատացողներս նոյնպէս վերջին դատաստանից յետոյ փառաւորեալ մարմիններով ամպերի վրայ բարձրանալով դիմաւորեն իրեն՝ Տիրոջը եւ նրա հետ մտնեն յաւիտենական արքայութիւն:  

Այդ առիթով Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում արարողութեան նախագահեց և յաւուր պատշաճի քարոզեց՝ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Պատարագի աւարտին բոլոր եկեղեցիների եկեղեցական խորհուրդները պատրաստել էին Համբարձման յատուկ հիւրասիրութեան սեղաններ, որոնք օրհնւելուց յետոյ հրամցւեցին եկեղեցիների բակում հաւաքւած ժողովուրդին: Պատրաստւել էին նաև ջանգիւլումներ, որոնք մեծ խանդավառութեամբ կիրառւեցին համաձայն մեր ժողովրդական աւանդութեան: