2017 Թւի Ս. Յարութեան Տօնի Յաջորդող Մեռելոցի Պատարագը Նոր Բուրաստանում

Մեր եկեղեցու հայրերը տարւայ ընթացքում տաղաւար կոչւած հինգ մեծ տօների յաջորդող օրը նւիրել ու յատկացրել են մեզանից մարմնաւորապէս բաժանւած ննջեցեալների հոգիների յիշատակման, նրանց համար աղօթք բարձրացնելու, Աստծու ողորմութիւնը հայցելու, նրանց փրկութեան համար պատարագ մատուցելու եւ հոգեհանգստեան պաշտօն կատարելու եւ  նրանց հոգիների համար յաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն խնդրելու:

Թւականիս երկուշաբթի ապրիլի 17-ի առաւօտեան Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ մեռելոցի պատարագ: Պատարագը մատուցեց Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեան: 

Պատարագի աւարտին մատռան մուտքին տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն նախագահութեամբ Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի: Եկեղեցական զոյգ արարողութիւններին ներկայ էին նաեւ Գերշ. Տ. Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը եւ արժանապատիւ քահանայ հայրեր ու գնահատելի թւով բարեպաշտներ:

Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Առաջնորդ Սրբազան Հայրը իր ընկերակիցների հետ այցելեց նահատակաց պանթէոն եւ Թեհրան Երեւան թռիչքի Աւիավթարի զոհերի դամբարանը, որտեղ եւս յատուկ աղօթք բարձրացրեց առ Աստւած նրանց հոգիների հանգիստի եւ խաղաղութեան համար: