Հարցազրոյց Կտակա-կալւածային Մարմնի ատենապետ՝ Պրն. Վահէ Թարոյեանի հետ

Թ. Հ. Թ.-ի Յարաբերական Մարմնի հերթական հարցազրոյցը կայացաւ Թեմական Խորհրդի կողմից նշանակւած Կտակա-Կալւածային Մարմնի ատենապետ՝ պրն. Վահէ Թարոյեանի հետ:

Ստորև ներկայացնում ենք սոյն հարցազրոյցը:

Ի՞նչքան ժամանակ է սկսել էք աշխատանքը:

Կտակա-Կալւածային մարմինն այս շրջանի Թեմական Խորհրդի կողմից կեանքի կոչւեց 2015 թւականի, յուլիսի 5-ին:

Մինչ այսօր մարմինը ունեցել է 14 հերթական և արտահերթ նիստեր տարբեր անհատների ու հարցերի ուղղութեամբ:

Որպէս յանձնախմբի ատենապետ, կարելի՞ է ներկայացնել Ձեզ և ձեր մարմնի միւս անդամներին:

Վահէ Թարոյեանն եմ, մասնագիտութեամբ Իրաւաբան:  Այս մարմնում ունեմ 9 տարւայ անցեալ, կազմում աշխատում են պրն. Պօղոս Պօղոսեանը, նախկին քաղաքապետարանի պաշտօնեայ և պրն. Յարութիւն Աբնուսեանը, նախկին Թեմական խորահրդի անդամ: Այս շրջանի կազմին անդամակցում են նաև պարոնայք՝ Արա Գալստեանը՝ գործարար կառավարման (مدیریت بازرگانی) մասնագէտ, Թադէ Այւազ Բալեանը՝ ճարտարագէտ և Քրիստ Արզումանեանը՝ համակարգչի մասնագէտ, որոնք անհրաժեշտ են մեր գործողութեան լաւագոյն առաջընթացի համար:

Ուրախ եմ յայտնելու, որ մարմնի անդամների միջև գոյութիւն ունի ջերմ յարաբերութիւն և փոխհասկացողութիւն, որը դիւրացնում է որոշումների կայացման գործը:

Թեմական Խորհրդի կողմից կապ է նշանակւել Տկն. Արմինէ Սեթխանեանը, որ իր կանոնաւոր և հետևողական մասնակցութեամբ նիստերին՝ օգտակար է հանդիսանում իր խորհուրդներով և տեղեկութիւնների փոխանցումով:

Խնդրեմ նշէք մինչ այժմ կատարած Ձեր աշխատանքները:

Մարմինն իր աշխատանքի առաջին իսկ օրւանից, բնականաբար զբաղւել է համայնքին պատկանող կալւածներին վերահասութիւն տալու գործով, որոնց մէջ են մտում դպրոցները, եկեղեցիները և բոլոր այն վարչական (اداری ) , գործարարական (تجاری) և բնակելի  կալւածները, որոնք գոյութիւն ունեն Թեհրան քաղաքում և թեմին պատկանող այլ շրջաններում: Մարմինը ուսումնասիրել է կալւածների վիճակագրական խնդիրները, որի հիման վրայ ճշտւել են ապագայ անելիքները:  Այդ շարքում կարող եմ նշել հետևեալ կարևոր կալւածների վերաբերեալ կատարւած աշխտանքները, որոնց խնդիրներին առաջնահերթութիւն ենք տւել՝

  1. Նկատի ունենալով «Բէյհաղիում» գտնւող մեր նորակառոյց շէնքի օրինական գործածութեան բնոյթը, քաղաքապետարանի նորմաներով ուսումնասիրել ենք դա և հանգել ենք լաւագոյն օգտագործման ձևի, որը ներկայացւել է Թեմական Խորհրդին:
  2. «Միրզայէ Շիրազի»-ի շէնքը ևս կարելի է համարել նորկառոյց և նկատի ունենալով շէնքի օրինական օգտագործման արտօնութիւնը և նրա բնոյթը, հաշւարկումներ ենք կատարել, որ անհրաժեշտ լինելու դէպքում, գործածութեան բնոյթը փոխել՝ քաղաքապաետարանի օրէնքների համաձայն:
  3. «Արզուման»-ի կալւածը, արդէն երկու տարի է, ինչ դատարանի միջոցով գրաւումից ազատւել է: Սոյն կալւածը չունի գործնական կառոյց և շատ հին է, և օգտագործելի դարձնելու համար անհրաժեշտ է այդտեղ մի նոր շէնք կառուցել: Քանի որ, այս կալւածն ունի բաւական մեծ տարածք, անհրաժեշտ է մեծ շինարարութիւն կատարել, որպէսզի արդարացնի ծրագիրը: Կատարւել են ուսումնասիրութիւններ, սակայն քանի որ շինարարութիւնը պահանջում է բաւականին բարձր գումարներ, առաջարկել ենք Թեմական Խորհուրդին, որ այս կալւածը տրամադրւի և օգտագործւի այլ ծրագրեր մշակելու համար:
  4. «Զանգ»-ի կալւածը, որն արդէն յայտնի է բոլորիս, մինչ այսօր ուղղակիօրէն, տնօրինւել է Թեմական Խորհրդի միջոցով, և մինչ այս կտակա-կալւածային մարմինն այս հարցով չի զբաղւել:  Այս շրջանին, առաջին անգամն է, որ մարմինը զբաղւում է այս հարցով:  Մարմնիս անդամներն անգամներ այցելել են այս կալւածը և մօտից ծանօթացել իրավիճակին:  Կալւածն ունի ուրիշ բաժնատէրեր:  Մտածւում է կալւածը վաճառելով հայթայթել սոյն բաժնատէրերի հասանելիք բաժինը, որոնք բարի են գտնւել և ժամանակին իրենց նւիրատւութիւնը կատարել են:  Այս ուղղութեամբ տեղի են ունեցել բանակցութիւններ, բայց դեռ վերջնական համաձայնութեան չենք հանգել:
  5. Կալւածների շարքում կան մի շարք հնացած շէնքեր, կամ աւելի ճիշտ՝ միաւորներ (վահեդներ), որ հնարաւոր չէ բարեկարգելու կամ յարմար չեն ուրիշ ծրագրեր մշակելու համար, որովհետև բնոյթով հնացած են և փոքր: Հին լինելու պատճառով նոյնիսկ դրանց պահպանելը և նորոգելն էլ հնարաւոր չի և տնտեսական տեսակէտից՝ ոչ ձեռնտու: Այս առումով էլ մարմինը իր տեսակէտը յայտնել է Թեմական Խորհուրդին:

Խնդրում եմ հնարաւորութեան դէպքում որոշ տեղեկութիւններ փոխանցէք  թեմիս շրջանների կալւածների մասին:

Թեմիս շրջանների կալւածների կապակցութեամբ պիտի տեղեկացնեմ, որ ուսումասիրւել և պատրաստւել են շրջանների կալւածների ցանկը:

  • Սարի քաղաքում, բաւական ուսումնասիրութիւններ ենք կատարել: Մտածւում է այնտեղ կառուցել խանութներ կամ այլ եկամտաբեր միջոցներ:
  • Գորգան քաղաքում ունենք մի քանի կալւածներ որոնք անգործածելի են և չունեն շահաբեր բնոյթ:  Դրանք կարելի է վաճառել և մեկտեղելով՝ օգտագործել շրջանի համայնքի համար:

Քանի որ բոլոր շրջանների համայնքները և բնակիչները արժանի են ունենալու լաւագոյն  յարմարութիւններ, մեր կարողութիւնների սահմաններում, մտածում ենք ինչքան շուտ ընթացքի մէջ դնել մեր օրակարգում եղած ծրագրերի իրականացումը:

Ներկայիս ի՞նչ վիճակում են գտնւում դպրոցների կալւածները:

Մեր դպրոցների հարցը կարևորագոյններից մէկն է: Թեհրանում աշխատող դպրոցներից բացի, ուսումնասիրւել են նաև չօգտագործւող դպրոցները:  Մտածում ենք այդ չօգտագործւող դպրոցների շէնքերի այլ կերպ տրամադրել համայնքի շահերին, քանի որ, մեր աշակերտութեան թւի նւազելու պատճառով, դժբախտաբար, մենք էլ այդ թւով դպրոցների կարիք չունենք: Կարելի է նաև դպրոցները մեկտեղել որակի և թւային իմաստով, որ աւելի ճիշտ կերպով ծառայի մեր համայնքին: Մենք հիմա մտածում ենք այդ դպրոցների շէնքերը անորոշ վիճակից դուրս բերել և կարելիին չափ գործածելի դարձնել:

Ի՞նչ կասէք Առաջնորդարանում Մարմնի գրասենեակի մասին:

Մարմնիս գրասենեակի կապակցութեամբ  պիտի տեղեկացնեմ, որ ունի իր կարևոր և կանոնաւոր ընթացքը, ուր զբաղւում է դիմորդների կալւածները գրանցելու և կալւածների խնդիրները հետևելու հարցերով:  Փորձում ենք մեր գրասենեակի աշխատանքային համակարգը թարմացնել և աշխուժացնել օթոմասիոն հնարաւորութիւններից օգտւելով: Բարեբախտաբար մեր գրասենեակում կան երկու փորձառու պաշտօնեաներ, պարոնայք՝ Սեպուհ Համբարձումեանը և Ժիրայր Մեհրաբեանը, որոնք ամէն կերպ մեզ աջակցում են մեր աշխատանքների ուղղութեամբ:

Ի՞նչ դժւարութիւնների դիմաց էք կանգնած:

Մեզ մօտ նկատւող հիմնական դժւարութիւնը նիւթական խնդիրն է, երկրի տնտեսական վիճակը և մեր նիւթական սահամանփակ աղբիւրները:

Ի՞նչ նոր մտայղացումներ և առաջարկներ ունէք ձեր բնագաւառի վերաբերեալ:

Նկատի ունենալով, որ մեր մարմինը բաղկացած է տարբեր մասնագէտներից և օգտւելով իրենց փորձառութիւններից ու գիտութիւններից, մեր հիմնական նպատակն է՝ այս շրջանում ծրագրել նոր եկամտաբեր աղբիւրներ և նախագծեր, որպէսզի կարողանանք լաւ արդիւնք քաղել: Իսկ իմ կարծիքով, արդէն իսկ բաւական ուշացած ենք ու պահանջւում է աւելի արագ որոշումներ կայացնել և իրականացնել դրանք: Իհարկէ պիտի ինկատի ունենալ օրւայ պահանջներն ու պայմանները, նաև առաջնահերթութիւն տալ եղած կալւածների լաւ օգտագործմանը և կրճատել հաւելեալ ծախսերը: