Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Կրօնական Տօն՝

Thursday, 03 December 2020

Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ
Ա)Պօղոս Թեբայիդցի անապատական

Նրա մասին ոչինչ չպիտի իմանայինք, եթէ Ս. Անտոնը, Նախախնամութեամբ առաջնորդւելով, նրան չայցելեր: Համարվում է, որ մատաղ տարիքում, Դեկոս Կայսեր հարուցած հալածանքների տարիներին՝ 249-251թթ., հրաժարւել է աշխարհից, ապաստանել անապատում, որտեղ քարայրում աղօթքով եւ ապաշխարութեամբ ապրել է շուրջ հարիւր տարի:
Պատմւում է, թէ Ս. Անտոնը մի անգամ փորձութեան մէջ ընկաւ՝ պարծենալով, որ ինքն է առաջին քարայրաբնակ ճգնաւորը: Սակայն Աստւած մի տեսիլքով յայտնում է, թէ մէկ ուրիշը նոյն բնագաւառում արդէն իրեն կանխել է, եւ այդ մարդը Պօղոսն էր: Ուստի Ս. Անտոնը ճանապարհ է ընկնում, որպէսզի գտնի այս ճգնաւորին: Երբ հանդիպում է Պօղոսին՝ նա արդէն 113 տարեկան էր: Ս. Անտոնը հազիւ մի փոքր ժամանակ ունեցաւ լսելու նրա կեանքի ամփոփ պատմութիւնն այն ժամանակ, երբ նա մահանում էր, վախճանւեց սուրբը եւ թաղւց Ս. Անտոնի ձեռքով:
Հայերս նրա յիշատակութիւնը կատարում ենք Յիսնակի պահոց Բ հինգշաբթի օրը, «Եգիպտացի հայրեր» խմբի հետ, այդպիսին է պարագան նաեւ ստորեւ յիշատակւող Եգիպտացի բոլոր ճգնաւորների համար:

 

Բ)Պօղ անապատական

Յայտնի է նաեւ Պօղ Պարզամիտ անունով: Մի երկրագործ շինական էր Պօղը, երբ տեղեկացաւ, որ իր կինը ապօրէն կապի մէջ է ոմն մէկի հետ: Տուն եւ ընտանիք թողնելով՝ միացաւ Ս. Անտոնին, երբ արդեն 60 տարեկան էր:
Եւ այնքան առաքինացաւ եւ հոգով զօրացաւ, որ «Դեւերը սարսռում էին Պօղի անունից»: Եւ երբ հիւանդները, կամ դիւահարները Ս. Անտոնին էին դիմում՝ նրանց Պօղի մօտ էր ուղարկում, որը, ձեռքը նրանց վրայ դնելով, բոլորին բժշկում էր: Մեծ ճգնութիւններով, հրաշագործութիւններով եւ առաքինի կեանքով աւելի քան հարիւր տարի ապրելուց յետոյ խաղաղութեամբ վախճանւեց: Նրա մասին ասւում է, որ ծայրաստիճան խոնարհ էր, համակ հեզութիւն էր, անբիծ եւ պարզամիտ:

 

Գ)Մակար անապատական


Առաջին Մակարը Եգիպտացի է, Մակար Մեծ մականունով, ծնւել է Վերին Եգիպտոսում 301 թ.-ին եւ ապրել է մինչեւ 391 թ.-ը: Երիտասարդ տարիքում խոկմանը եւ ճգնութեանն ընծայւելու նպատակով քաշւել է անապատ: Որոշ ժամանակ չարախօսութեան եւ զրպարտութեան է ենթարկւում, սակայն ոչինչ չի ձեռնարկում իրեն արդարացնելու համար: Երբ նրա անմեղութիւնը ի յայտ է գալիս՝ մարդիկ նրա մօտ են գալիս ներում խնդրելու եւ որպէս սուրբ սկսում են յարգել նրան: Սրանից խուսափելու համար խորագոյն անապատ է հեռանում: Տասը տարի անց՝ քառասուն տարեկանում կուսակրօն քահանայ է ձեռնադրւում: Գրեթէ ամէն տեսակ հիւանդութիւններ բուժելու կարողութեամբ էր օժտւած: Նրան են վերագրւում լաւագոյն ուսուցումներով եւ հոգեւոր կենցաղի մասին ցուցումներով թւով 50 ճառեր: Ցաւում եւ արտասւում էր իր փոքրագոյն թերացումների համար: Ոչ ոքի թոյլ չէր տալիս իրեն ծառայել եւ ինքը միշտ պատրաստ էր ծառայելու համար: 12 տարի յատկապէս տքնեց իրական պարզութեան հասնելու համար եւ իր խնամքին յանձնւածներին այս հոգով էր դաստիարակում: Հեթանոսների հանդէպ ազնիւ վերաբերմունք ունէր եւ այդ իսկ պատճառով նրանցից շատերին դարձի բերեց: Պատմւում է, որ Աստւածային ձայնը, նրան խոնարհութեան մէջ պահելու համար, ասել էր. «Մակա՛ր, չկարծես, թէ կատարելութեան գագաթն ես հասել, դու դեռ չունես մօտակայ գիւղում ապրող երկու կանանց առաքինութիւնը»: Մակարը տեղեկանում է, որ այս երկու կանայք ամուսնացած են երկու եղբայրների հետ եւ խաղաղ ապրում են նոյն յարկի տակ: Երբեք վէճ կամ աշխարհիկ խօսք ու հետաքրքրութիւն չէին ունեցել, այլ իրենց կեանքը լոկ աշխատանքի եւ աղօթքի մի շրջապտոյտ էր:

Միւս Մակարը յայտնի է որպէս Ալեքսանդրացի եւ վերոյիշեալ Մակարի հետ համեմատած՝ յայտնի է որպէս «Կրտսեր»: Նաեւ«պարկեշտ» կամ «քաղաքավարի» է կոչւել իր ազնիւ բարքի պատճառով: Ահաւոր փորձութիւնների է ենթարկւել, որոնցից յաղթանակած է դուրս եկել: Մի անգամ, անապատում, աւազով լեցուն երկու զամբիւղներ կրելիս, երբ հարցնում են. «ինչո՞ւ ես այդ անում», պատասխանում է. «չարչարում եմ ինձ չարչարողին», այսինքն մարմնին: Իրեն ընծայւող յարգանքից խուսափելու համար մի այլ հեռաւոր վանք է գնում, որտեղ որպէս արհեստաւոր ներկայանալով, հակառակ իր մեծ տարիքի, վանքի ամենասովորական գործերն էր անում: Սակայն ի վերջոյ յայտնի դարձաւ, որ մարդիկ աւելի իր հոգեւոր շնորհներից եւ կարողութիւններից են օգտւում, քան «արհեստաւորի» նրա գործերից: Գրեթէ վաթսուն տարի ապրեց անապատում եւ մահացաւ ծեր տարիքի եւ առաքինութեան մէջ՝ Ե դարի սկզբներին:

 

Դ)Եւագր Ճգնաւոր

Եւագրը նախ աշակերտում է Բարսեղ Կեսարացի Հայրապետին, որի կողմից սարկաւագ է ձեռնադրւել, ապա տեղափոխւել Երուսաղէմ, որտեղ մի ծանր հիւանդութիւն նրան յիշել է տալիս անապատում առանձնանալու իր ուխտի մասին, որը արդարեւ անում է եւ շուրջ յիսուն տարի ճգնում եւ յատկապէս պայքարում է ցանկական խորհուրդները յաղթահարելու համար, որոնց ենթարկւել էր յատկապէս երիտասարդութեան ժամանակ եւ որոնց ի վերջոյ սանձահարեց եւ իր կեանքի վերջին երեք տարիները խաղաղութեան մէջ անցկացրեց: Եւագրոս Սուրբ Հայրը՝ անապատի զարդը, իր բարի վարքը եւ հոգելից մխիթարական հարիւրաւոր գրւածքներ եւ այլ օգտակար խօսքերը բարի յիշատակ թողեց ընթերցողների եւ լսողների շահի համար:

 

Ե) Յովհաննէս Գբեցի

Նրա վարքի վերաբերեալ երկու տարբերակներ կան՝ արեւմտեան եւ արևեւելեան: Ապրել է Ե դարի երկրորդ քառորդին՝ 426-450թթ., Կ. Պոլսից է, ազնւականների զաւակ, որը ծնողներից գաղտնի, մատաղ հասակում, մէկուսացաւ անապատում: Վեց տարի յետոյ տեսնելով, որ ծնողների կարօտից մաշւում է՝ նրան տուն ուղարկեցին: Վերադառնալով՝ իրեն ծնողներին չյայտնեց, այլ բնակութիւն հաստատեց նրանց մերձակայ մի խղճուկ խրճիթում եւ այս պատճառով էլ արեւմուտքում յայտնի է որպէս «խրճիթաբնակ»: Այստեղ 7-8 տարի ճգնելով, իր մահւան օրերին կանչեց ծնողներին ե ցոյց տալով նրանցից նւէր ստացած Աւետարանը, յայտնեց իր ով լինելը եւ իր փափագով թաղւեց այդ նոյն խրճիթում, նոյն աղքատիկ հագուստներով:

Իսկ ըստ արեւելեան աղբիւրների՝ Յովհաննէսը ծագումով հայ, կամ ասորի էր: Ապրել է Պաղեստինում, իր այրիացած մօր հետ՝ հալածանքների վերջին շրջանում: Մատաղ հասակում խոր անապատում առանձնանալով, մի ցամաքած հոր գտնելով՝ նրա մէջ բնակութիւն հաստատեց եւ այնտեղ, յաղթահարելով ծնողների հանդէպ տանջող կարօտը, ապրեց տասը տարի: Սրա վերաբերեալ իր ներքին ապրումները եւ պայքարները հրաշապատում եւ սրտառուչ դրւագներով ներկայացւում է իր վարքում: 24 տարեկան հասակում մահացաւ նույն այդ գբի մէջ, որից էլ արեւելեան աւանդության մեջ ստացավ «Գբեցի» անունը:

Արեւելեան «Գբեցին» տօնւում է մայիսի 23-ին: Իսկ յոյներն ու լատինները «Խրճիթաբնակ» Յովհաննէսին տօնում են Յունւարի 15-ին:

Զ)Յովհաննէս Կարճահասակ

«Մեծ սրբութեան տէր անձ էր, որը ի թիւս մնացած արտասուոր առաքինութիւնների, լի էր նաեւ մարգարէական շնորհով եւ նախագուշակել էր 394թ.-ի Թէոդորոս Կայսրի յաղթանակը Մաքսիմոս եւ Եւգինէոս բռնակալների դէմ»:
Մատաղ հասակում, Եգիպտոսում, իր աւագ եղբօր հետ կրօնական կեանքի անցաւ: Նախ մի ծերունի կրօնաւորի մօտ որպէս փոքրաւոր ծառայեց, որը մի չոր ճիւղ տնկելով հրամայեց, որ ամէն օր ջրի այն, որպէսզի փորձւի հնազանդութեան մէջ: Ջուր բերելու համար պէտք էր երեկոյեան ճանապարհ ընկնել, որպէսզի հնարաւոր լինէր առաւօտեան վանք վերադառնալ: Աւանդութիւնը պատմում է, որ երեք տարի կատարեց այս հրահանգը, եւ ով հրաշք, մի օր էլ ճիւղը դալարեց եւ պտուղ տւեց, որից ծերունին բերեց իր միաբանակից միւս եղբայրների մօտ եւ ասաց. «Հրամեցէ՛ք եւ կերէ՛ք հնազանդութեան պտղից»:

Նրա մասին շատ են նմանատիպ գողտրիկ պատմութիւնները, որոնցից երկուսը յիշատակվում են Թորգոմ Պատրիարքի «Սուրբեր եւ Տօներ» գրքոյկում, մի երրորդն էլ հետեւեալն է.

Մի օր ասում է իր եղբօրը. «Ուզում եմ հրեշտակների նման ապրել՝ մեղքից եւ նրա յարձակումներից ամբողջովին ազատ»: Եւ կրօնական սովորական զգեստները հանելով՝ մազեղէն քուրձ է հագնում եւ աւելի հեռաւոր ու ամայի վայրում առանձնանում է: Երբ փնտրածը չի կարողանում գտնել՝ վերադառնում է եղբօր մօտ եւ դուռը թակում է.

- Ո՞վ է,- հարցնում է եղբայրը ներսից:

- Ես եմ՝ Յովհաննէսը:

- Յովհաննէսը հրեշտակ դարձաւ, այլեւս մարդկանց հետ չի բնակւում,- ասում է եղբայրը հեգնելով:

Երբ վերջինս շարունակում է երկար դուռը թակել՝ ի վերջոյ բացում է եղբայրը եւ ասում.

- Կարծում եմ հիմա հասկացար, որ մարդ ես եւ մարդու պարտականութիւնն է երկրի վրայ միշտ մաքառել չար ուժերի դէմ:

- Ների՛ր եղբայր, սխալւեցի. կարծեցի հեշտ ու հնարաւոր է հրեշտակների նման լինել:

Առհասարակ, երբ երկրաւոր խնդիրների շուրջ խօսք էր բացւում, ինքը, վարպետութեամբ, այն հոգեւոր նիւթերի շուրջ էր դարձնում: Օրինակ՝ երբ ոմանք ուրախութեամբ ասացին. «Փա՛ռք Աստծոյ, անձրեւ եկաւ այս տարի, շատ արմաւ եւ բանջարեղէն կունենանք», Յովհաննէսը պատասխանեց.

- Այդպես է լինում նաեւ երբ Ս. Հոգին իջնում է մարդկանց սրտերի մէջ. դալարում, նորոգւում եւ էլ աւելի պտուղ է տալիս Աստծու երկիւղով:

Այսպիսին էին երանելիի խօսքերը՝ իմաստութեամբ լեցուն եւ զգալի օրինակներով համեմւած, որոնք արդարեւ լսողին մղում էին առաքինութեան, խոնարհութեան եւ սիրոյ:

 

Է)Աբբա Նեղոս

Ծնւած է համարւում Անկարայում, մի ազնւական ընտանիքում: Բնուեամբ հոգեւորը սիրող լինելով՝ աշակերտել է Յովհաննէս Ոսկեբերան Հայրապետին: Թէոդոս Կրտսեր (408-450) կայսրի օրօք եղել է Կ. Պոլսի եպարքոսը (բարձրաստիճան խշխանաւոր): Ապա հրաժարւում է աշխարհից. իր կնոջն ու աղջկան կուսանոց-վանք ուղարկելով, տղայի հետ գնում է Սինա լեռ՝ ճգնողական կեանք վարելու:

Անապատի լռութեան եւ հանդարտութեան մէջ աւելի ծաղկեց բարձրաստիճան, գիտնական եւ ազնւական այս անձնաւորութիւնը, որպէսզի դառնայ երկնապարգեւ գիտութեան եւ հոգետես իմաստութեան ընդունարան: Նրա հռչակը տարածւեց ամենուրէք, եւ շատ-շատերն իրենից բխող առատաբուխ վտակից ըմպելու համար նրա մօտ էին գալիս, նրա յստակ եւ ուղիղ ուսուցումներից ուսանելու եւ բարոյապէս կազդուրւելու, քաջալերւելու եւ լիանալու համար, որոնցից իր բազմաթիւ հոգեշահ գրութիւններով եւ յորդորական թղթերով. որոնցում փայլում են նրա իմաստութիւնը, ուղղափառութիւնը եւ մեղրահոս ուսուցումները, բաժին է հանել նաեւ գալիք սերունդների համար ոչ միայն վանականներին խրատելու, այլեւ այն աշխարհականներին, որոնք փափագում են առաքինութեան մէջ ճոխանալը: Սրանցից որոշները, դեռեւս Ոսկեդարից սկսած, թագմանւած են հայերէն: Յիշւում են Նեղոսին վերագրւող եւ հայերէն թարգմանւած զանազան նիւթերի շուրջ 15-17 գրւածքներ, օրինակ՝ ընդդէմ արծաթասիրութեան, բարկութեան, տրտմութեան, ձանձրոյթի, սնափառութեան, պոռնկութեան եւ այլն, ինչպէս նաեւ բազմաթիւ հոգեշահ խրատներ՝ ուղղւած մենակեացներին, ճգնաւորներին, վերակացուներին, մանուկներին, կրօնաւոր դառնալու փափագողներին, եւ վերջապէս նաեւ հեզութեան, աղօթքի եւ այլ նմանատիպ դրական նիւթերի մասին: Վախճանւած է համարւում 430 թթ.-ին:

 

Ը)Հայր Արսէն

Ազգութեամբ Հռոմէացի է, ծնւել է ազնւական ընտանիքում 354 թ.-ին: Ինչքանով որ հարստութեամբ էր ճոխացած, նոյնքան եւ առաւել յունա-հռոմէական մշակոյթով էր զարդարւած Արսէնը: Այս արտաքին առաւելութեան վրայ աւելանում էր նաեւ երկիւղած եւ բարեպաշտ բնաւորութիւնը եւ առաքինի վարքը:

Թէոդորոս Մեծը նրան կարգում է իր երկու զաւակների՝ Արկադէոսի եւ Ոնորիոսի դաստիարակ: 394 թւականին, երբ Արսէնը յիսուն տարեկան էր, պալատում շուրջ տասը տարի ծառայելուց յետոյ, իր մէջ հոգեւոր կեանքով ապրելու զօրաւոր ձգտում զգաց եւ հրաժարւելով արքունական փառքից եւ պատւից, որոնք իր հոգին դէպի կորուստ էին առաջնորդում՝ Եգիպտոսում կրօնաւորական ծառայութեան անցաւ: Նախ աշակերտեց Յովհաննէս Կարճահասակին, որը նրա խոնարհութիւնը եւ կրօնաւոր դառնալու փափագի ամրութիւնը փորձելու համար, մի օր ճոխ սեղան պատրաստեց, որի ընթացքին հեռւից ոտքի վրայ հետեւում էր Արսէնը: Յովհաննէսը մի պաքսիմատ նրան նետելով՝ ասաց. «Ա՛ռ, կե՛ր»: Արսէնը չորեքթաթ մօտեցաւ, վերցրեց եւ կերաւ նետւածը: Այդ ժամանակ Յովհաննէսն ասաց եղբայրներին. «Կներէ՛ք եղբայրներ, ձեզ համար պատրաստւած այս ճոխ սեղանի համար, մի խղճահարւէք եղածից, նորեկ եղբօրը փորձելու համար է այս, այժմ համոզւեցինք, որ կարող է միայնակեաց լինել»:

Արդարեւ հաւատքի եւ մտքի այս հսկան՝ Արսէնը, Կարճահասակից սովորեց մենակեցութեան կարգն ու բոլոր օրէնքները, մինչեւ որ բոլորին յայտնի դարձաւ սրբութիւնը եւ գիտութիւնը եւ բոլորն էլ ակնածում էին նրանից: Սակայն ինքը խուսափում էր փառքից եւ աւելի առանձնութեան էր տալիս իրեն: Նրա եղբայրներից մէկն ասաց, որ իզուր է հեռանում իրենցից, Արսէնը պատասխանեց. «Աստւած գիտի, որ սիրում եմ քեզ, սակայն չեմ կարող եւ՛ Աստծու հետ լինել եւ՛ մարդկանց, որովհետեւ երկնքում բազում հրեշտակներ կան, որոնք իրար հետ միակամ են, իսկ երկրի վրայ ամէն մէկն իր կամքն ունի եւ ես չեմ կարող թողնել Աստծուն՝ մարդկանց հետ լինելու համար»:

Եւ դեռեւս շատ դրւագներ են պատմւում նրա մասին եւ հոգեշահ բազում խրատներ են վերագրւում նրան, օրինակ.

- Եթէ փնտրենք Աստծուն՝ պիտի յայտնւի մեզ, եթէ Նրան ընդունենք՝ մեզ մօտ պիտի մնայ:

- Եթէ հնազանդութիւնը եւ խոհեմութիւնը միանան՝ դեւերին կհնազանդեցնեն:

- Սիրի՛ր բոլորին, բայց հեռու մնա բոլորից:

- Ինչ որ չափից աւելի է՝ դիւական է:

Մի օր նրան ասացին. «Կային մի կրօնաւոր եւ մի աշխարհական: Կրօնաւորը որոշեց աշխարհ վերադառնալ, իսկ աշխարհականը՝ հոգեւոր կեանքի: Նոյն գիշերը երկուսն էլ մահացան, սրանք որպէս ի՞նչ մտան անդենական աշխարհ»: Արսէնիոսը պատասխանեց. «Կրօնաւորը՝ կրօնաւոր, աշխարհականը՝ աշխարհական: Չար մտածումը, երբ չի իրագործւում՝ չարիք չէ եւ երբ բարի միտքն էլ չի իրագործւում՝ բարիք չէ»:

Արսէնիոսի մահւան թւականը անորոշ է մնում, այն տատանւում է 430-450թթ-ի միջեւ, հաւանաբար մահացած պիտի լինի 445 թ.-ին, գրեթէ հարիւրամեայ հասակում:

 

Թ)Սիսիանոս Ճգնաւոր

Հայր Անտոնի ժամանակակիցն է եւ նրա մահից յետոյ գնում է այն հեռաւոր անապատը, որտեղ իր կեանքի վերջին տարիներն էր ապրել Հայր Անտոնը եւ այդտեղ էլ, որպէս իրեն դիմող հոգիների առաջնորդ, անց է կացնում իր կեանքը՝ շուրջ 72 տարի: Երբ վախճանը մօտ էր, նրա երեսը լոյս ճառագայթեց եւ նա ասաց. «Ահա տեսնում եմ Ս. Անտոնին», ապա մէկ առ մէկ սկսեց թւել մարգարէներին, որոնց յաջորդեցին առաքեալները: Քիչ յետոյ նրա դէմքը աւելի փայլեց եւ ասաց. «Ահա տեսնում եմ հրեշտակներին, որոնք եկել են հոգիս առնելու», ապա մրմնջաց. «Տեսէ՛ք, հէնց նրան՝ Յիսուսին եմ նշմարում, որ ասում է. «Ինձ մօտ բերէք անապատի այդ ընտիր անոթը»» եւ ապա աւանդեց հոգին:

 

Ժ)Դանիէլ մենակեաց

Յայսմաւուրքի մէջ կայ ոմն Դանիէլ խստակրօն ճգնաւորի վարքը, որը ապրել է Կ. Պոլսում, մի շատ նեղ խրճիթի մէջ, որում անգամ շարժւել չէր կարող, այլ ծնկները ծալած, կոճղի պէս կծկւած ապրում էր: Յոյն եւ լատին տօնացոյցները յիշատակում են Միջագետքից ոմն «Սիւնակեաց» Դանիէլի, որն ի վերջոյ Կ. Պոլիս է գալիս եւ կարող է նոյնանալ վերոյիշեալ Դանիէլի հետ: Իսկ Հայրերի Վարքում յիշատակւում են մէկից աւելի Դանիէլներ, որոնցից մէկն է Արսէնիոսի աշակերտ Դանիէլը, որը գրի է առել իր վարդապետի վարքը: Մէկ այլ Դանիէլ Սարկաւագ կայ, Պափնոտիոսի աշակերտներից, որը թէեւ ստիպւած եղաւ քահանայ դառնալ, սակայն խորին խոնարհութեամբ մինչեւ կեանքի վերջ մնաց եւ պաշտօնավարեց որպէս սարկաւագ:

 

ԺԱ)Սրապիոն Անապատական

Համարւում է Ս. Անտոնի ժամանակակիցը եւ Մակար Մեծի աշակերտը: Թէեւ նախապէս մեծահարուստ էր, բայց յանուն Քրիստոսի սիրոյ՝ աղքատացաւ: Թէեւ մեծ կրթութիւն չունէր, բայց Ս. Գիրքը գրեթէ անգիր գիտեր: Նրա մասին շատ պատմութիւններ են պատմւում:

Ալեքսանդրիայում ինքն իրեն որպէս գերի վաճառեց մի արծաթասէր հեթանոսի, որին ի վերջոյ կարողացաւ քրիստոնեայ դարձնել՝ նախ նրան մեղքի գերութիւնից ազատելով եւ ապա իրեն՝ նրա գերութիւնից: Նոյնը արել է Յունաստանում մի Մանիքեցի աղանդաւորի հետ, որին կարողացել է Ուղղափառութեան բերել:

Նրա ամբողջ ունեցածը իր վրայի կրօնաւորի պարեգօտն էր եւ մի Աւետարան: Երբ Ալեքսանդրիա վերադարձաւ, մի մերկ եւ աղքատ մարդու տեսնելով՝ իր պարեգօտը հանեց եւ տւեց նրան: Երբ եղայրները նրան հարցրեցին, թէ ով է մերկացրել նրան, պատասխանեց՝ Աւետարանը:

Մէկ այլ անգամ էլ տեսաւ պարտքի մէջ եղող մի մարդու, որը չարչարւում էր պարտքատերերի ձեռքին: Աւետարանը վաճառեց, որպէսզի խեղճ մարդուն իր պարտքից ազատի: Երբ աշակերտները հարցրեցին. «Հայր Սուրբ, ո՞ւր է Աւետարանդ», պատասխանում է. «Նրա պատգամը կատարեցի, որ ասում է. «վաճառիր ունեցւածքդ եւ աղքատներին տուր. ես այն վաճառեցի Նրան»:

Անապատում բնակւել է շուրջ 67 տարի: Նա է, որ Սուրբ Հոգու ազդումով գնաց հեռաւոր անապատ, վերջին անգամ ողջագուրւեց Աբբա Մարկոսի հետ եւ թաղեց նրան: Մահացած է համարւում Ե դարի սկզբներին:

 

Ժբ) Պիմեն Անապատական

Ազգութեամբ Եգիպտացի է: Մատաղահաս տարիքում մենակեցութեան կոչում զգաց իր մէջ: Իր հինգ եղբայրներն էլ, իր խօսքերից եւ օրինակից վարակւելով՝ անապատում առանձնացան: Իր բացառիկ խոնարհութեանը միացնում էր վարքի գերազանց քաղցրութիւնը եւ համբերութիւնը: Մի անգամ իրեն այցելած մօրը հարցնում է. «Որտե՞ղ ես նախնտրում՝ ինձ հետ յաւիտենապէս երկնքում լինել, թէ՞ մի պահ ինձ երկրի վրայ տեսնել»: Մայրը ուխտ արեց դիմադրել որդուն տեսնելու ցանկութեանը՝ նրա հետ յաւիտենականութեան մէջ լինելու համար: Վախճանւած է համարւում 451 թ.-ին:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com