Thursday, 18 July 2024
Արիստակէսը Ս. Գրիգոր Լուսաւորչի կրտսեր որդին էր և շատ վաղ հասակից մտել էր վանական կեանք: Եպիսկոպոս է ձեռնադրւել հօր կողմից դառնալով նրա գործակիցը: 325 թւականին մասնակցել է Նիկիայի Ա տիեզերաժողովին: Արիստակեմէսը հօր մահից յետոյ դարձել է հայոց հայրապետ: Սպանւել է 333 թւականին Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից՝ նրա անուղղելի վարքը քննադատելու համար և թաղւել Թիլ աւանում:
Վրթանէսը Լուսաւորչի անդրանիկ որդին էր: Ամուսնացած էր և ունէր երկու զաւակ՝ Գրիգորիսը և Յուսիկը: Եղբօր մահից յետոյ բազմել է Հայոց հայրապետական աթոռին: Թէև Հայաստանում քրիստոնէութիւնը հաստատւել էր որպէս պետական կրօն, սակայն բազմաթիւ վայրերում դեռևս գոյութիւն ունէր հին հաւատը: Այդ պատճառով Վրթանէս հայրապետն ամենամեայ մեծահանդէս պաշտամունք էր կազմակերպում Տարօնում՝ հեթանոսութիւնն աստիճանաբար վերացնելու համար: Վրթանէսը վախճանւել է 341 թւականին և թաղւել Դարանաղեաց Թորդան աւանում, Լուսաւորչի նշխարների մօտ:
Գրիգորիսը Վրթանէսի աւագ որդին էր: Նա Հայ Եկեղեցու կողմից հարևան հեթանոս ազգերի մէջ քրիստոնէութիւնը տարածելու ջանքեր է գործադրում: Նահատակւում է մազքութների Սանեսան թագաւորի հրամանով, իսկ մարմինն իր սարկաւագների ձեռքով ամփոփւում է Արցախի Ամարաս աւանում, որտեղ 489 թւականին Աղւանից Վաչագան թագաւորի օրօք, սրբի նշխարների վրայ կառուցւում է Սբ. Գրիգոր եկեղեցին:
Յուսիկը Վրթանէսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ և ունէր երկու զաւակ՝ Պապը և Աթանագինէն: 341 թւականին նա ընտրւում է կաթողիկոս: Յուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, ով ցանկանում էր Յուլիանոս Ուրացողի պատկերը դնել եկեղեցում, նրա հրամանով 347 թւականին բրածեծ լինելով՝ նահատակւում է և ամփոփւում Թորդանում: