Եռօրեայ Կրօնական Արարողութիւն՝ Ս. Աստւածածին Եկեղեցու Անւանակոչութեան Տօնի Առթիւ

Արդարև անցեալ տարւայ նման, այս տարի ևս Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն Ընծայման Տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և կրօնական յատուկ  արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, նոյեմբերի 19, 20 և 21-ին:

 

Եկեղեցին ողողւել էր ուխտաւորներով և հաւատացեալ ժողովրդով, որոնք եկել էին վերակենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատն ու կապւածութիւնը եկեղեցուն, նաև լսելու օրւայ պատգամը:

Հինգշաբթի և ուրբաթ երեկոներին, հսկումի արարողութիւններին, քարոզեց Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Շաբաթ առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: 

Իր խօսքերի սկզբում, Առաջնորդ Սրբազանը նախ բացատրեց տօնակատարութեան առիթը՝ «Քրիստոնէական եկեղեցին նոյեմբերի 21-ին մեծ հանդիսութեամբ, աղօթքով և պատարագի մատուցմամբ, տօնում է Ս. Աստւածածնի տաճարին ընծայման օրը:  Աստւածամայրը քրիստոնէական եկեղեցու կեանքում այն բացառիկ և իւրայատուկ անձնաւորութիւնն է, որ արժանացած է մեծագոյն պատիւների, որին ընծայւած են ամենագեղեցիկ աղօքթները և ամենայայտնի տաղերն ու հոգևոր երգերն ու շարականները:  Քանի որ Աստւածամայրը եղաւ Աստծոյ օրէնքի մարմնացումը, Աստծոյ կենդանի խօսքի կրողը. եղաւ նաև Աստւածային շնորքն և օրհնութեան դրսևորողը, որով նա իր շրջապատի մէջ սփռեց՝ սէր, յոյս, հաւատք և նախանձախնդրութիւն»: 

Սրբազան Հայրը շեշտեց թէ՝ հէնց սկզբից, բոլոր կանանց մէջ ամէնից օրհնեալն և ընտրեալն է եղել Մարիամ Աստւածածինը և քրիստոնեայ եկեղեցու լուսաւոր այն տաճարը՝ որ իր մէջ բովանդակում է նաև լոյս, Աստծոյ խօսքին առընթեր: 

Իր քարոզի միւս մասում Առաջնորդ Սրբազանն աւելացրեց՝ «Երբ մեր հոգևոր հայրերը Մարիամ Աստւածածնին «Տապանակ» տիտղոսով են բնորոշում, այդ պատճառով է, որ ինքը մեզ փոխանցեց և ծնունդ տւեց Աստծոյ խօսքին՝ Քրիստոսին, ծնունդ տւեց Աստւածային օրհնութեան և եղաւ օրինակելի անձնաւորութին և հաւատքի մարմնացում»: 

Իր քարոզի վերջում, Սրբազան Հայրն ասաց՝ «Երբ այսօր մենք ուխտի ենք եկել, մեր նւիրական պարտականութիւնն է ամէն մի վայրկեան մտադրել Աստւածամայրը իր ամբողջ պատկերով և իր ամբողջ կեանքով, իր հաւատքի և սիրոյ, յոյսի, նւիրումի և զոհողութեան կեանքով, նաև երկինք բարձրացւելու իրողութեամբ:  Մտաբերենք և փորձենք այդ մտաբերումով մեր կեանքն ապրել, այն ժամանակ մենք կը լինենք Աստւածամօր իրական ու վաւերական հաւատակիցները»: