Ընթրիք-երեկոյ Իսլ. Մշակոյթի և Առաջնորդութեան Նախարարի Նախաձեռնութեամբ

«ԱԼԻՔ» - Թւականիս, կիրակի փետրւարի 5-ին, Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ եւ Իրանում Աստւածային կրօնների հետեւորդների ներկայացուցիչների մասնակցութեամբ, տեղի է ունեցել ընթրիք-երեկոյթ՝ նւիրւած Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 38-ամեակին:

Հանդիսութեանը եզրափակիչ խօսքով հանդէս է եկել Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրին: Իր խօսքում նա նշել է, որ Աստւածային կրօնների եւ տարբեր ազգութիւնների ներկայաութիւնը ոսկէ առիթ է համակարգի ու կառավարութեան համար եւ երկիրը պարծենում է դրանով:

Նա ներկաներին է փոխանցել Հանրապետութեան նախագահի ջերմ ողջոյնները եւ ասել է. «Մեր խօսքը հիմնւած է միասնականութեան, եղբայրութեան, միատարրութեան եւ բոլորի միջեւ սրտակցութեան ու համախոհութեան վրայ»:

Անդրադանալով կրօնական փոքրամասնութիւնների ներկայութեանն Իրանում, նախարարը նշել է. «Իրանը աստւածային կրօնների ու ազգութիւնների ներկայութիւնը երկրի երկնքում բացւած ծիածան է համարում, որի տարբեր գոյները ներկայացնում են տարբեր ազգութիւններն ու կրօնները»՝ յատուկ ընդգծելով, որ ցանկացած իրանցի այս երկրի լիիրաւ քաղաքացի է, եւ այս երկրում որեւէ խտրականութիւն գոյութիւն չունի: Նա յաւելել է, որ չի ցանկանում օգտագործել փոքրամասնութիւն եզրոյթը՝ նշելով, որ իրանցի լինելն արժէք է եւ, որ մարդկային համընդհանուր արժէքները, խոհեմութիւնը, առաքինութիւնն ու իմացականութիւնն անխտիր բոլոր իրանցիների ընդհանուր նկարագրի մասնիկն են:

Իր ելոյթում նախարարը յիշել է այն տարիները, երբ ապրելիս է եղել իրանահայ հայրենակիցների կողքին. «Այդ տարիների ընթացքում բազմաթիւ դասեր եմ քաղել իրանահայերից, ովքեր երբեւէ չեն բողոքել ու շարունակ ժպիտը դէմքերին հոգատարութեամբ հիւրընկալել են մեզ»: