Իրանի Հեռուստաընկերութեան «Առաջին Ալիք»-ի հարցազրոյցը Սրբազան Հօր հետ

Շաբաթ 4 փետրւար 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Իրանի հեռուստաընկերութեան ազգային «Առաջին Ալիք»-ի նկարահանութեան խումբը, իրագործելու համար «Իրանը, իմ հայրենիքը» խորագրով հարցազրոյցը։

Վերոյիշեալ ծրագիրը ներկայացնում է Իրանում բնակւող ազգերի, ցեղերի, կրօնների միասնական եւ խաղաղ ու համատեղ համակեցութիւնը։ Սրբազան հայրը հարցազրոյցի ընթացքին ներկայացրեց իրանահայութեան պատմականը, հայութեան ու Հայաստանի դարաւոր սերտ յարաբերութիւնը Իրանի եւ նրա ազնիւ ժողովրդի հետ։

Սրբազան հայրը Իրանը ներկայացրեց լուսամիտ ղեկավարներով ու ժողովրդով երկիր, որը իր կեանքի ուղեգիծն է դարձրել այլ կրօնների ու ազգերի ընկալումով ու սիրով վերաբերմունքը, որը Իրանը շրջակայ երկրներում վերածել է խաղաղութեան կղզու, ուր բոլոր կրօնների հետևորդներն ու ժողովուրդը համերաշխութեամբ կերտում են երկրի աճն ու բարգաւաճումը։