Իրանահայ համայնքի մասնակցութիւնը` Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 38-րդ տարեդարձի ծրագրերին

Երեքշաբթի յունւարի 31-ի առաւօտեան մեկնարկւեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 38-րդ տարեդարձի միջոցառումները:

Այդ առիթով, նոյն օրը առաւօտեան բահմանի 12-ին, որը համընկնում էր Իսլ. յեղափոխութեան առաջնորդ՝ լուսահոգի Էմամ Խոմէյնիի Իրան վերադարձին, համայն երկրում հնչեցին դպրոցների և ղօղանջեցին եկեղեցիների զանգերը:

Առաւօտեան նաեւ իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի դամբարանում, որին իրենց մասնակցութիւնը բերեցին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները: 

Այդ առիթով Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանից մի պատւիրակութիւն բաղկացած քահանայ հայրերից, ազգային մարմինների և եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներից, մեկնեցին Էմամ Խոմէյնի դամբարան և ներկայ գտնւելով արարողութեանը՝ յարգանքի տուրք մատուցեցին հանգուցեալ Էմամի յիշատակին: