Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՊԱՏԳԱՄ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ - 2017 ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻ ՏԱՐԻ  

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմակալ առաջնորդներին, հոգեւոր դասուն, ազգային իշխանութեանց, եւ մեր ժողովրդի զաւակներին 

Նոր տարւայ սեմին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքից հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով ողջունում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին: Աղօթում ենք առ Բարձրեալն Աստւած, որ մեր ազգի բոլոր զաւակների, մեր ընտանիքների, մեր միութիւնների ու կազմակերպութիւնների եւ մեր եկեղեցու ու հայրենիքի կեանքը լցնի ու պայծառացնի Իր երկնային առատ բարիքներով:

Ինչպէս գգիտէք, անցնող տարիների ընթացքում իւրաքանչիւր տարւայ սեմին մեր ժողովրդի զաւակներին հրաւիրեցինք իրենց մտածումներում, աշխատանքներում ու կեանքում լուսարձակի տակ բերել մեր ազգին ու եկեղեցուն առնչւող հիմնական մի արժէք, խոր մի մտահոգութիւն կամ մի լուրջ սպասում: Մեր փորձառութիւնը ու մանաւանդ մեր ժողովրդի դրական ընդառաջումը անհատական, թեմական թէ համայնքային մակարդակներում, ցոյց տւեց թէ նման նախաձեռնութիւնը կենսական է՝ մեր կեանքը հեռու պահելու կաղապարւած մտածողութիւններից, հնամաշ գգործելակերպերից եւ յոռի կենցաղակերպերից, եւ մեր զաւակներին հրաւիրելու՝ մէկ կողմից ամրօրէն կառչած մնալու մեր կրօնական, ազգային ու բարոյական արժէքներին, աւանդոյթներին ու ձգտումներին, եւ միւս կողմից՝ բացւելու, միշտ քննական ոգով ու զգուշաւոր մօտեցմամբ մեզ շրջապատող իրականութիւններին ու մարտահրաւէրներին: Թեմերին տւած մեր այցելութիւնները եւ ընդհանրապէս մեր կառոյցների ու ժողովրդի հետ մեր ունեցած շփումները եւս ցոյց տւեցին այս նախաձեռնութեան կարեւոր տեղն ու դերը ներկայ համաշխարհայնացած աշխարհում, ուր մեր ժողովուրդը միշտ ենթակայ է թէ՛ իր ինքնութիւնը կազմող արժէքներից հեռացման վտանգին, եւ թէ՛ նրան մեկուսացման մղող ազդակների ազդեցութեան: Հետզհետէ բազմացող ու տարածւող երեւոյթներ ու մտահոգութիւններ, որոնք վնասաբեր են մեր ազգի առողջ ու հզօր պահպանմանը:

2016 տարին հռչակել էինք ՙԾառայութեան տարի՚: Անցեալ տարւայ ընթացքում տարբեր ծրագրերի ու ձեռնարկների միջոցով շեշտեցինք եկեղեցու ու ազգի կեանքում ծառայութեան առանցքային կարեւորութիւնը՝ յիշեցնելով, թէ Աստծու Որդին ինքն իրեն որպէս ծառայ նկատեց եւ որպէս ծառայ իր երկրաւոր առաքելութիւնը իրագործեց. հետեւաբար, Նա մեզ համար պէտք է դառնայ  ճշմարիտ ծառայութեան գերագոյն տիպարը: Վստահ ենք, որ այս առիթով կատարւած բոլոր նախաձեռնութիւնները մնայուն մի հետք կը թողնեն մեր կեանքում մեր ժողովրդի զաւակներին հրաւիրելով առաւել յանձնառութեամբ ծառայելու մեր եկեղեցուն, հայրենիքին ու ազգին եւ զօրակից դառնալու մեր կառոյցներին, որոնք կոչւած են մեր հոգեւոր, ազգային ու մշակութային արժէքների եւ իդէալների կենսագործմանն ու հարստացմանը:

Արդարեւ, կեանքը, բանական թէ անբան, ինքնագոյ չէ, այլ Աստծու ստեղծագործութիւնն է: Աստւած ստեղծեց տիեզերքը, ինչպէս նաեւ՝ մարդը, որպէս պահակը ու խնամակալը ստեղծագործութեան: Կեանքը իր բոլոր տարրերով ու տարածքներով կարիքը ունի մնայուն վերանորոգման, այլապէս կը կորցնի իր ներքին կենսունակութիւնը, իմաստն ու նպատակը, ինչպէս շեշտում են Աստւածաշունչը եւ աշխարհի բոլոր կրօնների ուսուցումները: Վերանորոգումը երաշխիք է զարգացման, հզօրացման ու յաւերժացման: Հետեւաբար, մեկնելով այս իրողութիւնից, ինչպէս նաեւ մեր ապրած կեանքը վերանորոգելու հրամայականից, 2017 տարին հռչակում ենք՝

«ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՏԱՐԻ»

Անհրաժեշտ ենք համարում ամփոփ գծերով, մի շարք մատնանշումներ կատարել վերանորոգման մասին, ընդգծելով դրա առանցքային կարեւորութիւնը մեր անհատական թէ հաւաքական կեանքում: Այս ծիրում, հարկ է առաջին հերթին դառնալ աստւածային յայտնութեան աղբիւրի եւ քրիստոնէական հաւատքի ու ուսուցումների հիմքը հանդիսացող Աստւածաշնչին:

Ա - ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ՝ ԱՍՏՒԱԾԱՇՆՉԻ ՆՊԱՏԱԿԸ

Աստւածաշունչը իր էութեամբ, իր խորքով ու նպատակով մարդը դէպի հոգեւոր ու բարոյական վերանորոգում առաջնորդող երկնային մի պատգամ է՝ Աստծու յայտնութեամբ փոխանցւած մարդուն: Այս հայեցակէտով հարկ է ճանաչել ու ապրել Աստւածաշունչը: Աստծու յայտնութիւնը, տիեզերքի ստեղծագործութիւնից մինչեւ մարդու ստեղծումը, մարգարէների կոչից մինչեւ Աստծու Որդու ծնունդը, Մեսիայի գալստեան պատմութիւնից մինչեւ Քրիստոսի աշակերտների առաքելութիւնը, մէկ ու յստակ նպատակ ունէր՝ մարդկութեան ու ստեղծագործութեան փրկութիւնը, չարից ու մեղքից ազատագրումը, այլ խօսքով՝ ամբողջական վերանորոգումը: Այս պրիսմակից դիտելով Աստւածաշունչը, նախ տեսնենք թէ ի՞նչ է ասում Հին Կտակարանը:

Յատկապէս սաղմոսները ու մարգարէները լայնօրէն պարզում են վերանորոգման կարեւորութիւնը: Ադամն ու Եւան հաւատարիմ չէին գտնւել երկնային պատւէրին, անտեսել էին իրենց աստւածային պատկերը ու վտարւել դրախտից: Արդ, մարդը կարիքը ունէր իր աստւածային պատկերի վերստեղծման, իր մարդկային բնութեան վերանորոգման ու աստւածատուր կոչման վերահաստատման: Սաղմոսեր ուն Աստծուն աղերսում է, թէ իր մէջ ՙուղիղ հոգի դնի՚ (Սղ. 51.10), որովհետեւ Աստւած է աղբիւրը վերանորոգութեան, որ միաժամանակ ՙաշխարհն է վերանորոգում՚ (Սղ. 104.30): Նոյն մօտեցմամբ ու սպասումով, մարգարէները Աստծուց խնդրում են, որ երկնային միջամտութեամբ՝ նորոգի մարդն ու տիեզերքը ու կոչ են ուղղում մարդուն դառնալու Աստծուն, սպասելով գալուստը Աստծու Մեսիային:

Վերանորոգումը Նոր Կտակարանում ներկայացւում է որպէս անյետաձգելի անհրաժեշտութիւն: Քրիստոսի մարդեղութեան նպատակը ու փրկագործական առաքելութիւնը մարդու ու տիեզերքի վերանորոգումն էր: Արդարեւ, Նոր Կտակարանը աստւածային միջամտութեամբ մարդու ու ստեղծագործութեան վերանորոգման պատմութիւնն է: Յայտնութեան գիրքը այն խտացնում է հետեւեալ բառերի մէջ՝ ՙԱհաւասիկ ամէն ինչ նոր եմ դարձնում՚ (Յյտ. 21. 5):

Կեանքը իր էութեամբ Քրիստոսով նորոգւեց: Քրիստոս ինքն է վերանորոգման աղբիւրն ու ճանապարհը: Իր հրաշքներում, առակներում ու ուսուցումներում Քրիստոս առանցքային տեղ է յատկացրել վերանորոգման: Այսպէս, քահանայապետի ծառային՝ Մաղքոսի կտրւած ականջը բժշկելով (Ղկ. 22.51), Քրիստոս ցոյց տւեց, թէ ի՛նքն է, որ կտրւածը վերանորոգում է: Երիքովի կոյրերի աչքերը բացելով (Յհ. 9.67), յիշեցրեց, թէ ի՛նքն է, որ մարդկանց կեանքի շիջած լոյսի ձէթն է վերանորոգում: Կափառնայումի անդամալոյծին բժշկելով (Մր. 2.10-12) շեշտեց, թէ ի՛նքն է, որ Աստծու ու մարդկանց միջեւ անդամալուծւած յարաբերութիւնն է վերականգնում: Նոյնպէս, իր առակների միջոցով, Քրիստոս պատգամեց մարդկանց, թէ ի՛նքն է վերանորոգիչը համայն մարդկութեան: Այսպէս, Բարի Սամարացու առակով (Ղկ. 10.25-37), Քրիստոս ցոյց տւեց, որ ի՛նքն է գետին ընկած մարդուն վերականգնողը: Անառակ որդու առակով (Ղկ. 15.1132) պարզեց, թէ ի՛նքն է մարդու մէջ աստւածատիպ մարդուն վերանորոգողը: Կորած ոչխարի առակով (Մտ. 18.1214) յիշեցրեց, թէ ի՛նքն է կորած մարդուն վերականգնողը: Աւետարանները նաեւ պարզում են, թէ Քրիստոսի հետ հանդիպումը դառնում է կեանքի վերանորոգման առիթ: Այսպէս, հանդիպելով Պետրոս ու Անդրէաս եղբայրներին, Քրիստոսը ձկնորսներին վերածեց Աստծու արքայութեան քարոզիչների (Մտ. 4.1820): Հանդիպելով Մատթէոս հարկահաւաքին, նրան դարձրեց աւետարանիչը Աստծու խօսքին, իսկ Զակքէոս դրամասէրին՝ բարեսէր (Ղկ. 19.8): Վերջապէս, Քրիստոսը հին ուխտը վերածեց նոր ուխտի (Մտ. 26.28), հին մարդը՝ նոր մարդու (Եփ. 4.24), հին օրէնքը՝ նոր օրէնքի (Յհ. 13.34), հին ճամբան՝ նոր ճամբի (Եբր. 10.20), հին ստեղծագործութիւնը՝ նոր ստեղծագործութեան (Եփ. 2.10):

Վերանորոգման հրամայականի վրայ Քրիստոսի կողմից դրւած շեշտին արձագանգեցին Առաքեալները, նորահաստատ եկեղեցիներին ուղղած իրենց հովւական նամակներով ու քարոզախօսութիւններով: Պօղոս Առաքեալը կեանքի վերանորոգման մասին խօսելով կոչ է ուղղում նորադարձ քրիստոնեաներին ասելով, որ  ՙապրենք մի նոր կեանքով՚ (Հռ. 6.4) եւ ՙՍուրբ Հոգու բերած նորոգութեամբ՚ (Հռ.7.6) ծառայենք Աստծուն: Նոյն Առաքեալը նաեւ թելադրում է՝ ՙմի՛ ընդօրինակէք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղէք նորոգւած մտքերով՚ (Հռ. 12.2) ու շարունակում է՝ ՙորեւէ մէկը որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլեւս այն չէ, ինչ որ նախապէս էր, որովհետեւ նա ամբողջութեամբ նորոգւեց՚ (Բ.Կր 5.17):

Նոր Կտակարանը վերանորոգումը ըմբռնում է համապարփակ իմաստով. - ա) Քրիստոսով մարդը կոչւած է իր ապրելակերպը, մտածելակերպը ու գործելակերպը, այլ խօսքով՝ իր ողջ կեանքը վերանորոգելու: բ) Վերանորոգումը աստւածային պարգեւ է տրւած մարդուն, որ մարդուն մղում է Աստծուն մօտենալ: գ) Վերանորոգումը միաժամանակ երկնային պատւէր է՝ Աստծու Որդու մարդեղութեամբ վերածնւելու: դ) Քրիստոսով իրագործւած վերանորոգումը աշխարհի չար ուժերը ու ապականիչ երեւոյթները յաղթահարելու ազդու միջոց է: ե) Վերանորոգումը համատիեզերական նպատակ ունի, որովհետեւ Քրիստոսով ողջ տիեզերքը վերստեղծւեցաւ:

Բ - ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ԱՌԱՆՑՔԸ

Աստւածաշնչից եկող վերանորոգման պատգամը դարձաւ եկեղեցու առաքելութեան հէնքը ու կիզակէտը: Պատմութեան ընթացքում եկեղեցին ո՛չ միայն իր սպասաւորների, հովւական թղթերի, հասարակութեանը ծառայելու, մարդասիրական աշխատանքների եւ հոգեւոր ու բարոյական դաստիարակութեան ճանապարհով, այլ նաեւ տեղական թէ տիեզերական ժողովներին հաստատած կանոններով, իր կեանքում ու առաքելութեան օրակարգում միշտ առաջնահերթ տեղ տւեց վերանորոգմանը:

Արդարեւ, եկեղեցու հայրերը իրենց ուսուցումներում լայնօրէն անդրադարձել են վերանորոգութեան, յատկապէս՝ հոգեւոր ու բարոյական բնագաւառներում: Հին հայրերի գրականութիւնը հարուստ է վկայութիւններով ու խոր մեկնաբանութիւններով: Այսպէս, Որոգինոս Աղեքսանդրացին ասում է, թէ՝ չի կարող նորոգւել միտքը այն մարդու, ով անտարբեր է Աստւածաշնչի նկատմամբ: Յովհան Ոսկեբերանը յիշեցնում է, թէ Քրիստոսի հետեւողների համար երկիրը պիտի վերանորոգւի ժամանակների վախճանին: Եփրեմ Խուրի Ասորին, վկայում է թէ Քրիստոսը ինքն է միայն, որ վերանորոգում է մեր կեանքը: Գրիգոր Նիւսացին մարդու եւ Աստծու միջեւ հաշտութիւնը համարում է համայն մարդկութեան ու տիեզերքի վերանորոգման  նախապայման:

Մեր եկեղեցու հայրերը եւս ընդգծել են Քրիստոսով վերանորոգւելու անհրաժեշտութիւնը: Ս. Գրիգոր Լուսաւորիչը շեշտում է, թէ Տիրոջ խօսքը վերանորոգում է մեր կեանքը: Յովհաննէս Մանդակունին ասում է, թէ սուրբ հաղորդութեան մօտենալը վերանորոգում է մեր հոգին: Ներսէս Շնորհալին Քրիստոսին ներկայացնում է որպէս ապականեալ տիեզերքի ու մեղքով հնացած մեր անձերի նորոգիչը: Գրիգոր Նարեկացին Քրիստոսին համարում է մեղքի, ցաւի, սատանայի ու մահւան ճիրաններում տւայտող մարդու կեանքի միակ վերանորոգիչը: Վերջապէս, Գրիգոր Տաթեւացին  յիշեցնում է, թէ ո՛չ ոք չի կարող մեզ վերանորոգել բացի մեր Արարիչը: Հայ եկեղեցու ժողովները եւս յաճախակի կերպով անդրադարձել են վերանորոգման հրամայականին, բնականաբար, հոգեւորը միշտ նկատելով աղբիւրը ու մեկնակէտը ճշմարիտ վերանորոգման:

Գ - ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ՝ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԷՏՈՎ

Ասացինք ու կրկնում ենք՝ վերանորոգումը քրիստոնէական կեանքի ամենահիմնական պայմաններից մէկն է, եւ իր ուղղութիւնը ստանում է  ընդհանրապէս Աստւածաշնչի ուսուցումներից ու յատկապէս Աստծու Որդու երկրաւոր առաքելութիւնից:

Քրիստոնէական մօտեցմամբ մա՛րդն է վերանորոգման կիզակէտը: Պօղոս առաքեալը Քրիստոսի առաքելութեան նպատակը խտացնում է հետեւեալ բառերի մէջ. մոռացէ՛ք ձեր հին ինքնութիւնը, այսինքն՝ ձեր նախկին ապրելակերպը, որ ապականւած էր խաբուսիկ ցանկութիւններով, վերանորոգւեցէ՛ք հոգով՝ փոխելով ձեր մտածելակերպը, եղէ՛ք նոր մարդ ¥Եփ. 4.22-24¤: Քրիստոսով հին մարդը վերանորոգելու ու նոր մարդ դառնալու կոչը միշտ մնում է եկեղեցու միջոցով մեզ հասնող քրիստոսահիմն պատգամ: Մարդու վերանորոգումը հարկ է ըմբռնել համապարփակ հայեցակէտով.- ֆիզիկականից այն կողմ հոգեւոր ու բարոյական արժէքների վերականգնումով. մարդ-Աստւած յարաբերութեան վերահաստատմամբ. մեր շրջապատի, մեր ընտանիքի, մեր համայնքի ու ազգի հետ մեր յարաբերութեան բարելաւումով. եւ այս բոլորի առանցքն ու մեկնակէտը կազմող ինքնաքննութեամբ ու ինքնասրբագրումով: Քրիստոս վերանորոգման իր պատգամը կենտրոնացրեց մարդ անհատի վրայ, որովհետեւ մարդը արժէք է Աստծու համար եւ մարդու վերանորոգումը նախապայման է համայն աշխարհի ու տիեզերքի վերանորոգման:

Մարդու մէջ աստւածատիպ մարդուն քանդող ներկայ աշխարհի ապականիչ հոսանքների դիմաց որքա՜ն դժւար է մարդու վերանորոգումը: Բազմաթիւ ու բազմատեսակ մտահոգութիւններով ու մարտահրաւէրներով կլանւած ներկայ հասարակութեանը պատկանող մարդը յաճախ մոռանում է իր անձը. յաճախ նրան պակասում է  իր անձին հետ առանձնանալու ու խորհրդածելու առիթը: 1935-ին ֆրանսացի մեծ մտածող ու աշխարհահռչակ բժիշկ Ալեքսիս Գարելի հեղինակած գիրքը ՙՄարդը՝ այս Անծանօթը՚ այսօր եւս այժմէական է: Առանց Աստծու մարդը անծանօթ է իր անձի նկատմամբ: Մարդու վերանորոգումը  սկսում է ինքնաճանաչումով եւ իր աստւածատուր կոչումի նկատմամբ իր ունեցած հաւատարմութեան վերահաստատումով:

Հայ մարդն եւս ենթակայ է իրեն շրջապատող իրականութիւններին ու դրանց ազդեցութիւններին: Հետեւաբար, հայ մարդու վերանորոգումը առաջնահերթ կարեւորութիւն է ներկայացնում, որովհետեւ մեր ազգի, մեր եկեղեցու, մեր հայրենիքին, մեր գաղութների ու մեր կառոյցների հիմքը ու մեկնակէտը հայ մարդն է: Հարկ է հայ մարդուն վերանորոգել՝ առաջին հերթին իր մէջ ամրացնելով քրիստոնէական հաւատքը: Քրիստոնէութիւնը, ինչպէս հինգերորդ դարում մեր պապերը ասացին, մեզ համար սոսկ հագուստ չէ. այն մեր արեան, էութեան ու գոյութեան անքակտելի մասն է: Հպարտ ենք, որ առաջին քրիստոնեայ ազգն ենք եղել: Սակայն, այս արդար հպարտութիւնը հայ մարդուն պէտք է մղի աւելի զօրեղ ու գիտակից կապւածութեան քրիստոնէական հաւատքին: Հարկ է, որ հայ մարդը քրիստոնէական հաւատքը ապրի որպէս հոգեւոր կենսաւորման ու լիցքաւորման աղբիւր: Հարկ է, որ հայ մարդը վերանորոգւի իր մէջ արմատացնելով իր հաւատարմութիւնը բարոյական արժէքների նկատմամբ: Քրիստոնէութիւնը կեանքի որակ է, որ մէկ անհատի  կամ ընկերութեան կեանքում գործնապէս արտայայտւում է հոգեւոր ու բարոյական արժէքների տիրական ներկայութեամբ: Արդ, հայ մարդու կեանքում դեռ նահանջող բարոյական ու հոգեւոր արժէքների վերականգնումը համարում ենք անյետաձգելի հրամայական:

Վերանորոգման կարիքը ունեցող երկրորդ մարզը համայնական կեանքն է: Մարդը ինքնանպատակ մի գոյութիւն չէ: Քրիստոնէութիւնը մարդուն դիտում ու արժեւորում է հասարակութեան հաւաքական կեանքի շրջագծում: Անհատ մարդկանց առնչւող իր հրաշքների, առակների ու ուսուցումների ճանապարհով, Քրիստոսը մօտենում է ժողովրդին: Ժողովուրդն էր վերանորոգման ձգտող Քրիստոսի առաքելութեան նպատակակէտը: Քրիստոս Աստծուց հեռացած ժողովրդին դարձրեց Աստծու ժողովուրդ, նոր ժողովուրդ՝ աստւածակենտրոն ու աստւածանպատակ կեանքով:

Հայ եկեղեցին, որպէս ժողովրդի եկեղեցի ու հաւատքի համայնք, կարիքը ունի վերանորոգման: Այս ծիրում վերանորոգումը չպէտք է ըմբռնել որպէս սոսկ վարչա-կազմակերպչական կամ ծիսական բարեկարգում, այլ՝ եկեղեցու պատկանելիութեան նախանձախնդրութիւնը առաւել խորացնելու, եկեղեցու անդամների միջեւ փոխյարաբերութիւնը աւելի սերտացնելու, նրա ներքին կեանքը աւելի պայծառակերպելու, ներքին թէ արտաքին աւետարանչութիւնը աւելի հզօրացնելու, հասարակութեանը ծառայելու նոր թափ տալու, քրիստոնէական դաստիարակութիւնը աւելի կազմակերպելու ձգտող՝ ծրագրւած ու հանգրւանային զարգացումով աճող գործընթաց: Այլ խօսքով, եկեղեցու վերանորոգումը հարկ է իրագործել եկեղեցին իր վայրից ու կառոյցից այն կողմ տանելու եւ Սուրբ Հոգու վերանորոգող ներկայութեամբ հզօրացած առաքելութեան ու ծառայութեան վերածելու հաւաքական ու մնայուն ճիգ: Այսպէ՛ս եղաւ Առաքելական եկեղեցին. հալածւեց, սակայն տարածւեց. նահատակւեց, սակայն Սուրբ Հոգու ներգործութեամբ միշտ մնաց կենսունակ ու հզօր: Եկեղեցու հոգեւոր վկայութեան ու ծառայական յանձնառութեան վերանորոգումով մեր ժողովրդի կեանքը կոչւած է վերանորոգւելու՝ քրիստոնէական արժէքների ներթափանցմամբ ու կենսագործմամբ:

Աստւածաշունչը վերանորոգումը առնչում է նաեւ ստեղծագործութեան: Ինչպէս Առաքեալն է ասում՝ Քրիստոսով ամբողջ տիեզերքը վերստեղծւեց ու վերանորոգւեց ¥Կղ. 1.16¤: Քրիստոսի փրկագործական խորհուրդը մարդուց այն կողմ ներառում է ողջ տիեզերքը: Ուղղափառ աստւածաբանութեան յատուկ այս շեշտաւորումը համարում ենք էական: Մեր եկեղեցում աստւածաբանական մտածողութեան ու ծէսի եւ ընդհանրապէս հայրական գրականութեան մէջ եւս այս մօտեցումը տիրական է: Ստեղծագործութիւնը, ներկայ ժամանակներում կենսոլորտ բացատրութեամբ ծանօթ, անբաժանելի մասն է եկեղեցու կեանքում ու առաքելութեան, որովհետեւ քրիստոնէական հաւատքի ու մտածողութեան մէջ Աստւած-մարդ-ստեղծագործութիւն յարաբերութիւնը ու յարակցութիւնը պէտք է դիտւի որպէս մէ՛կ ու անբաժանելի ամբողջութիւն: Եթէ կենսոլորտային ներկայ հարցերի մէկ մասը աղերս ունի տիեզերքի ինքնակազմաւորման հոլովոյթի հետ, սակայն մեծ մասը ստեղծագործութեան չարաշահումի հետեւանքն է մարդու կողմից: Արդ, տիեզերքի առողջ ու անվթար պահպանումը եւ դրա վերանորոգումը մարդու աստւածատուր պարտաւորութիւնն է:

Դ - ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԵՑԱԿԷՏՈՎ

Չի՛ կարելի եւ ճի՛շտ էլ չի բաժանման գիծ  քաշել քրիստոնէական ու ազգային մօտեցումների, մտահոգութիւնների կամ արժեւորումների միջեւ: Հայ կեանքի այս երկու տարածքները անքակտելի կերպով միաձուլւած են՝ քրիստոնէութեան հայացումով ու հայութեան քրիստոնէացումով: Սակայն, փորձենք վերանորոգումը տեսնել, այս անգամ առաւելաբար ազգային հայեցակէտով՝ միշտ հիմք ունենալով քրիստոնէական մօտեցումը:

Ազգերի պատմութեան մէջ թւականներ ու դէպքեր կան, որոնք դառնում են յուշարար ու վերանորոգման մարտահրաւէր: Մենք այսպէս ենք  բնորոշել 2015 թւականը: Արդարեւ, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը, Հայաստանի անկախութեան 25-ամեակը, Ղարաբաղի ազատագրութեան 25-ամեակը ու Հայոց Ցեղասպանութեան նահատակների սրբադասման, անկասկած որ մեր ժողովրդի վերանորոգման պերճախօս վկայութիւնները դարձան: Միաժամանակ, Հայաստանի դիմագրաւած տնտեսական դժւարութիւնները, շարունակւող արտագաղթը, Ղարաբաղի ապրիլեան պատերազմը, սիրիահայութեան ճգնաժամը, ինչպէս նաեւ Սփիւռքի դիմագրաւած բազմազան ու այլազան հիմնահարցերը՝ վտանգի ենթարկւած հայի ինքնութիւնից մինչեւ արեւմտահայերէնի նահանջը, մշակութային արժէքների աղաւաղումից մինչեւ համաշխարհայնացման բացասական հետեւանքները, ազդանշաններ են լուրջ ու համապարփակ վերաքննութեան ու վերարժեւորման վրայ հիմնւած համահայկական մասշտաբով վերանորոգման անյետաձգելի հրամայականին:

- Առաջին հերթին մեր հայրենիքի վերանորոգումը, քսանհինգ տարիների փորձառութեան լոյսի տակ, համարում ենք էական: Հայրենիքը միայն հող չէ. հողը իմաստաւորողը, նրա ինքնութիւն ու հզօրութիւն տւողը ժողովուրդն է: Մեր հայ ժողովրդի կենսամակարդակի բարելաւումը ու հայրենիքի հանդէպ նրա ուժեղ կապւածութիւնը ազդու միջոցներ են հայրենիքի առաւել զօրացման: Այս շրջագծում առնւած մի շարք բարեկարգչական քայլերը՝ սահմանադրութեան բարեփոխումից սկսած մինչեւ տնտեսական կացութեան բարելաւում, բնականաբար, կարեւոր քայլեր են, որոնք պէտք է շարունակւեն վերանորոգ թափով ու ծրագրւած աշխատանքով:

- Նոյնպէս Ղարաբաղի անկախութեան ամրացումը ապահովւում է միայն մեր ժողովրդի ամուր կապւածութեամբ իր իրաւունքների ու մանաւանդ արիւնով ու քրտինքով ազատագրւած իր հողին: Մեր ժողովուրդի բոլոր զաւակները Հայաստանում, Ղարաբաղում թէ Սփիւռքում իրենց հնարաւորինը պէտք է ի գործ դնեն, որպէսզի Ղարաբաղի անկախութեան ամրապնդումը դառնայ մնայուն ճիգ: Այս ուղղութեամբ որեւէ նահանջ կարող է դառն ու անդարմանելի հետեւանքներ ունենալ թէ՛ Հայաստանի, եւ թէ՛ ընդհանրապէս մեր ժողովրդի պահանջատիրական պայքարում:

- Սփիւռքի վերանորոգումը աւելի բարդ մի մարտահրաւէր է, նկատի ունենալով նրա պարզած բազմատարած ու բազմագոյն իրավիճակը, ներքին բաղկացութիւնը, դրւածքը ու շրջապատը, ինչպէս նաեւ իւրաքանչիւր համայնքի իւրայատուկ պայմանները: Փաստօրէն երեք տեսակի խաւերից է բաղկացած ներկայ Սփիւռքը.- ցեղասպանութիւնից վերապրողներ, նախկին Սովետական երկրներից հեռացողներ եւ Հայաստանից արտագաղթողներ: Սփիւռքը վերանորոգման առաջնորդող մեր ճիգը պէտք է լինի միաժամանակ համասփիւռքեան եւ համագաղութային, բնականաբար, մարտավարական ու ռազմավարական տարբեր մօտեցումների ու մեթոդների կիրարկումով: Առաջին հերթին անհրաժեշտ է ներգաղութային շրջագծում տարբեր մտածելակերպ, գործելակերպ ու կենցաղակերպ ունեցող յիշեալ երեք խաւերի միջեւ ներքին ներդաշնակութիւն առաջացնել: Մի համայնք վերանորոգման ընթացքում կարելի է դնել վերարժեւորման ենթարկելով նրա կառոյցները իրենց դրւածքով ու գործունէութեամբ, շրջապատի հետ աւելի սերտ յարաբերութիւն մշակելով, ձեւական ու պատահական դարձող Հայաստանի հետ յարաբերութեան նոր որակ տալով, վերջապէս, նրա հայկական ինքնութիւնը պահող հայ դպրոցը վերակազմակերպելով եւ դրա հոգեւոր ինքնութիւնը ու բարոյական առողջութիւնը պաշտպանող եկեղեցին պայծառացնելով իր ծառայական առաքելութեամբ:

- Հայաստանի ու Սփիւռքի, մեր ողջ ազգի վերանորոգման նախապայմանը ու երաշխիքը, ինչպէս շեշտեցինք, հայ մարդու վերանորոգումն է: Այս համոզումը պէտք է հիմք ծառայի մեր մտածումներին, մօտեցումներին, ու նախաձեռնութիւններին: Հայ մարդը վերանորոգման խիստ կարիքն ունի: Արդարեւ, վերանորոգումը սոսկ պակասը ամբողջացնելը չէ, թերին շտկելը չէ. այլ՝ լաւից լաւագոյնին ձգտելն է, ներկայ պայմանների յարաբերաբար մեր կեանքը, մեր անձը, մեր գործը վերաքննելն է ու դրանք նոր հնարաւորութիւններով հարստացնել, նոր մարտահրաւէրների յարաբերաբար նոր մօտեցումներ որդեգրել, նոր իրագործումների ի խնդիր նոր միջոցներ որոնել ու նոր հորիզոնների բացւելն է: Արդ, անհրաժեշտ է հնից նորին ուղղւել, անցեալից ներկային նայել ու ներկայից ապագային ընթանալ՝ վերանորոգ տեսիլքով ու յանձնառութեամբ եւ միշտ ինքնաքննարկումի ու ինքնասրբագրումի քաջութիւնը որպէս ուղեգիծ ունենալով: Սա՛ է ճշմարիտ վերանորոգումը: Յիշենք Ներսէս Շնորհալի Հայրապետի հետեւեալ պարզ բայց խորիմաստ բառերը, որոնք յաճախ աղօթքի մրմունջով ենք արտասանում եկեղեցու կամարների ներքոյ՝ ՙնորոգող հնութեանց, նորոգեա՛ եւ զիս նորո՛գ զարդարեա՛՚:

Ե - ԴԷՊԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Քրիստոնէական ուսուցումների լոյսի տակ, ինչպէս նաեւ մեր ազգային մտահոգութիւնների հրամայականի դիմաց, վերանորոգման շուրջ մեր կատարած յիշեցումներն ու ընդգծումները վստահաբար մեր ժողովրդի զաւակներին պէտք է մղեն լրջօրէն մտածելու վերանորոգման խիստ կենսական կարեւորութեան մասին: Արդարեւ, եթէ մեր համայնական կեանքը, հայ մարդու վերանորոգումը ունենալով որպէս մեկնակէտ, իր բոլոր մարզերով, դրւածքներով ու արտայայտութիւններով համապարփակ ու մնայուն վերանորոգման գործընթացի մէջ չդրւի, նա պիտի ընթանայ դէպի մեկուսացում, աղքատացում ու ճահճացում: Վերանորոգումը պատահական, միակողմանի կամ ձեւական քայլ չէ, եւ չպէտք է դառնայ. այլ՝ խորապէս մտածւած, լրջօրէն ուսումնասիրւած ու իրապաշտօրէն ծրագրւած մի գործընթաց՝ առաջատւական կերպով, նպատակասլաց տեսլականով ու հաւաքական մասնակցութեամբ իրագործելի: Վստահ ենք, որ մեր ժողովրդի զաւակները ու յատկապէս մեր կեանքի բոլոր ասպարէզներում գործող ու ծառայող պատասխանատուները, գոյութենական կերպով  զգում են վերանորոգման կարիքը՝ արմատական ու արագ փոփոխութիւններով բնորոշւող համաշխարհայնացած ներկայ հասարակութիւնում: Արդարեւ, նոյնը կրկնելը, նոյնը պահելը, միայն անցեալին նայելը, միայն եղածով հպարտանալը մարդը, կառոյցը կամ գաղութը պահում են անցեալում՝ անհաղորդ ներկայ իրականութիւններին: Ինչպէս տիեզերքի բոլոր տարրերը զարգացման բնական հոլովոյթի մէջ են, այնպէս էլ մարդկային կեանքը իր բոլոր մարզերով, ներքնապէս ու արտաքնապէս, վերանորոգման, առաջադիմութեան ու այժմէականացման մնայուն ընթացքի մէջ պէտք է լինեն:

Եկեղեցին կեանքի վերանորոգիչ Քրիստոսի կողմից պատւէր ունի դառնալու մղիչ ուժը յատկապէս հոգեւոր ու բարոյական վերանորոգման, որ հիմքն է կազմում հասարակութեան կեանքի ճշմարիտ վերանորոգման: Արդ, մեր ժողովրդի ղեկավարութիւնը ստանձնած ազգայիններ, հոգեւորականներ թէ՛ աշխարհականներ, մտաւորականներ թէ՛ ուսուցիչներ, մշակներ թէ՛ քաղաքական ղեկավարներ, տղամարդ թէ՛ կին, պարտաւորութիւն ունեն իրենց ամբողջական ու գործօն մասնակցութիւնը բերելու մեր կեանքը վերանորոգման առաջնորդող աշխատանքներին: Վերանորոգման այս յոյժ կարեւոր գործընթացի դրօշակիրը պէտք է դառնայ հայ երիտասարդը, որովհետեւ նա մօտկից հաղորդ է ներկայ աշխարհի խնդիրներին, մտահոգութիւններին ու մարտահրաւէրներին եւ հետեւաբար, նա թէ՛ գործնապէս կարիքն է զգում վերանորոգման, եւ թէ՛ իր մասնագիտութեամբ ու նոր մտածումներով կարեւոր նպաստ կարող է բերել վերանորոգման հաւաքական ճիգին:

Այս մտածումներով եւ 2017 թւականը մեր կեանքի վերանորոգման առաջին ու վճռական հանգրւանը համարելու հեռանկարով կոչ ենք ուղղում.-

- Մեր հոգեւոր մշակներին՝ եկեղեցու առաքելութեան ճամբով շեշտելու կենսական անհրաժեշտութիւնը հոգեւոր ու բարոյական վերանորոգման, միաժամանակ՝ մասնակից դառնալով նոյն աշխատանքին նպաստող բոլոր նախաձեռնութիւններին:

- Մեր մտաւորականներին՝ իրենց խօսքով ու գրչով արծարծ պահելու վերանորոգման առանցքային կարեւորութիւնը մեր ազգային կեանքում:

- Մեր համայնքային, կուսակցական թէ քաղաքական ղեկավարներին՝ իրենց ստանձնած պատասխանատւութեան ծիրում առաջնահերթութիւն տալու մեր կառոյցները վերանորոգման առաջնորդող ծրագրերին ու աշխատանքներին:

- Մեր ազգի իւրաքանչիւր զաւակին՝ յիշեցնելով, որպէս հարազատ անդամը մեր Մեծ Ընտանիքի, թէ կոչւած է իր ապրած կեանքի որակով ու հարուստ գործերով կարեւոր նպաստ բերելու մեր եկեղեցուն, ազգին ու հայրենիքին առաւել կազմակերպման, ծաղկման ու վերանորոգման:

Օրհնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին եւ աղօթում ենք առ Բարձրեալն Աստւած, որ առողջութեան, յաջողութեան ու երջանկութեան բարիքներով ծաղկազարդի մեր ժողովրդի կեանքը:

Հայրական ջերմ սիրով,

Աղօթարար՝

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

1 յունւարի, 2017

Անթիլիաս, Լիբանան

(Արեւելահայերէնի վերածւած)

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ