Հայ Նահատակների և Անձնուրացների Մեծարման Ծրագիր

Երկուշաբթի յունւարի 17-ին, Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով, Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանի և Զարքէշ թաղամասի խորհրդի նախաձեռնութեամբ և Թ.Հ. Թեմի անձնուրացների և նահատակների արժէքների պահպանման յանձնախմբի համագործակցութեամբ, «Սասուն» քաղաքամասի «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ հայ նահատակների և անձնուրացների մեծարման ծրագիր:

Ծրագրին ներկայ էին Թեհրանի Նահատակների և Անձնուրացների Հաստատութեան տնօրէն՝ դոկտ. Սամիմին, 8-րդ շրջանի քաղաքապետ՝ ճարտ. Նուրին, քաղաքապետարանի և «Զարքէշ» թաղային խորհրդի ներկայացուցիչները, իսկ Նահատակների Հիմնարկից՝ պրն. Արբի Թէյմուրեանը:

Թեհրանի Հայոց Թեմից ներկայ էին Տէր Յակոբ և Տէր Վրթաննէս քահանայ հայրերը, Թեմական Խորհրդի անդամ՝ Վարդան Բաբախանեանը, անձնուրացների յանձնախմբից՝ Արմենակ Յարութիւնեանը, Արտուշ Իսկանդարեանը և Շահէն Միրզայեանսը, հայ նահատակների ընտանիքի անդամներ և պարտադրեալ պատերազմում վիրաւորւած անձնուրացներ:

Ծրագիրն սկսւեց Տէրունական աղօթքով, ապա բացման խօսքից յետոյ, Տէր Վրթաննէս Բաբախանեանն ընթերցեց Թ.Հ.Թ.-ի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը՝ պարսկերէն լեզւով:

Ծրագրում ելոյթ ունեցան ճարտ. Նուրին և Դոկտ. Սամիմին, որոնք իրենց գոհունակութիւնը յայտնեցին հայ նահատակների և անձնուրացների մեծարման ձեռնարկին ներկայ գտնւելու առիթով:

Դոկտ. Սամիմին իր խօսքում շեշտեց «Իրանը իւրայատուկ երկիր է, որը պատկանում է բոլոր իրանցիներին և Աստւածային կրօնների հետևորդներին: Անձնուրացութիւնը շեշտւած է այդ կրօններում: Քրիստոնէութիւնը ևս յատուկ իմաստաւորում է այդ երևոյթը, որտեղ և յարգանքով է մօտենում սոյն խնդրին: Մեր Իրանն ունի այն իւրայատկութիւնը, որ երբ ոտնձգութիւն է կատարւում նրա դէմ, բոլոր իրանցիները պարտք են զգում ոտքի կանգնել և պաշտպանել իրենց երկիրը»:

Անդրադառնալով հայ նահատակներին և անձնուրացներին, դոկտ. Սամիմին շեշտեց՝ «հայերը թէ յեղափոխութեան օրերին, թէ պատերազմի և թէ ներքին տարաձյնւող խմբերի «մոնաֆեղների» դէմ պայքարում նահատակներ են ունեցել: Տարբեր փուլերում թէ ներքին և թէ արտաքին թշնամու ոտնձգութեան ժամանակ դուք սիրելիներ պաշտպանել էք ու նահատակներ տւել»:

Ապա նահատակութեան իմաստին անդրադառնալով, եզրակացրեց՝ «ես և դուք գնալու և մոռացւելու ենք, սակայն ապագայ սերունդները հպարտանալու են նահատակներով»:

Ծրագրի յաջորդ բաժնում ելոյթ ունեցաւ Արտուշ Իսկանդարեանը, որը հակիրճ ներկայացրեց իրանահայութեան մասնակցութիւնն ու տարած աշխատանքները յեղափոխութեան օրերից մինչև պարտադրեալ պատերազմն ու ապագայ տարիները:

Ծրագրի վերջում գնահատւեցին հայ նահատակների ընտանիքներն ու ներկայ անձնուրացները:

Ծրագրում ներկայ էին հայ նահատակներ՝ Վահիկ Բաղդասարեանի, Ալէն Աբգար Շահնազարեանի, Ժորժիկ Մուրադեանի, Վարդան Աղախանեանի, Վիգէն Կարապետեանի, Ռազմիկ Խաչատրեանի, Ժոզէֆ Շահիի և Ալֆրեդ Գաբրիի ընտանիքներից ներկայացուցինչներ: