Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի 38-րդ տարեդարձի առիթով` Թեհրանի հայ համայնքը ներկայացրեց իր ծրագրերը

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 38-րդ տարեդարձի առիթով` Իրանում կրօնական փոքրամասնութիւններին նւիրւած, կամ նրանց միջոցով նախաձեռնւած ծրագրերը հանրութեան տեղեկացնելու նպատակով, կիրակի յունւարի 22-ի առաւօտեան, Իսլամական Քարոզչութեան Կազմակերպութեան Կենտրոնում կազմակերպւել էր մամլոյ ասուլիս:

Ասուլիսին ներկայ էին Իսլամական մշակոյթի և առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների պատասխանատու՝ Սայիդ Թաղաւին և Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, որոնցից իւրաքանչիւրը ներկայացրեց իր ծրագրերը:

Մամլոյ ասուլիսի ընթացքում պրն. Թաղաւին նախ ցաւակցութիւն յատնեց, Թեհրանում հրդեհի դէպքի ընթացքում զոհւած հրշէջների, նաև օրերս վախճանւած այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի կապակցութեամբ, ապա անդրադարձաւ մշակւած ծրագրերին: Նա կարևորելով Իրանում կրօնական փոքրամասնութիւնների եւ Իրանի մուսուլման հայրենակիցների խաղաղ գոյակցութիւնն և փոքրամասնութիւնների մատուցած ծառայութիւններն Իրանին, աւելացրեց. «Թեհրանից բացի, կրօնական փոքրամասնութիւնները  միջոցառումներ են նախաձեռնել նաև Իրանի այլ քաղաքներում: Բահմանի 12-ին (յունւարի 31-ին) կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները ներկայ են գտնւելու հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարանում, իրենց յարգանքի տուրքը մատուցելով նրա յիշատակին: Կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման արարողութիւնը այս տարի կատարւելու է հրեաների գերեզմանատանը»:

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Յարաբերական մարմնի ներկայացուցիչ՝ Արթին Բաբայեանսը, ներկայացրեց Թեհրանի հայոց թեմի ծրագրերը, որոնք կատարւելու են թէ' եկեղեցիներում, թէ' միութիւններում ու դպրոցներում, և թէ' ազգային «Ա. Աւետիսեան» բուժարանում: 

Թեհրանի հայոց թեմից մամլոյ ասուլիսին մասնակցել էր նաև Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը: