Դպրոցների եւ Կրթական հաստատութիւնների տւած իր տարեկան այցելութիւնների շարանում թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեան- (առաջնորդական փոխանորդ) եւ Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի վերակացու տկն. Շաքէ Եղիայեանի այցելեց Ս. Աստւածածնի երբեմնի մայր եկեղեցու շրջափակում գործող Ակունք կենտրոնը։
Կենտրոնի տնօրէնուհին տկն. Անգինէ Մարգարեանը, ծնողական խորհուրդն ու Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շահմիրեանը դիմաւորեցին Սրբազան հօր եւ իր ընկերակիցներին եւ նրանց առաջնորդեցին Հ. Կ. Ե. Միութեան սրահ, որտեղ հաւաքւած էին աշակերտները թւով 35 հոգի իրենց ուսուցիչներով միատեղ։
Աշակերտների կողմից կատարած «Տէրունական Աղօթք»ից ետք Սրբազան հայրը խօսեց աշակերտների հետ ասելով. «Ես ձեզ համար Աստծուն փառք եմ տալիս, որովհետեւ ձեզմով Աստծու անունը մի անգամ եւս փառաւորւում է». այնուհետ Սրբազան հայրը խօսքը ուղղելով տնօրէնութեան, ուսուցիչներին եւ ծնողական խորհրդին մեծապէս գնահատեց իրենց աշխատանքն յաւելելով, որ «Ակունքը բացառիկ այն տեղն է, ուր Աստծու սէրն ու գութը մարմնաւորւում են ձեզանով, ձեր աստւածահաճ գործով»։
Պատշաճ հիւրասիրութիւնից յետոյ, Սրբազան հայրը իր ընկերակիցներով այցելեց Վաչէ Յովսէփեան մշակութային համալիրում պատսպարւող սիրիացիներին, որոնք երկրում տիրող անապահովութեան պատճառով ապաստան գտեր են Թեհրան։ Սրբազան հայրը հետաքրքրւեցաւ իրենց պարագաներով եւ յաջողութիւն եւ համբերութիւն մաղթեց բոլորին։
Այնուհետ Սրբազան հայրը այցելեց թանգարան, իր գնահատանքը յայտնեց պատասխանատուներին իրենց բծախնդիր աշխատանքի համար եւ առաւել յաջողութիւն եւ եռանդ մաղթեց իրենց։
{gallery}201611/2016112401{/gallery}