Հոգեհանգստեան արարողութիւն՝ Ս. Աստւածածին եկեղեցու բարերարի եւ հանգուցեալ ուսուցիչների յիշատակին

«ԱԼԻՔ» - Սրանից 70 տարիներ առաջ, Թեհրանի հայ համայնքը օժտւեց նորակառոյց Ս. Աստւածածին եկեղեցով: Այդ առիթով, ուրբաթ նոյեմբերի 6-ի առաւօտեան, Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ, նոյն եկեղեցում մատուցւեց Ս. Պատարագ, ապա հոգեհանգստեան արարողութիւն՝ եկեղեցու բարերար Ռոման Իսայեւի յիշատակին, որի նիւթական բարերարութեամբ կառուցւեց Ս. Աստւածածին եկեղեցին՝ ի յիշատակ իր մօր՝ Զարվարդի:

Աստւածածին եկեղեցու հիմնօրհնէքը կատարւել է 1938-ին, իսկ օծումը 1945-ի յուլիսի 29-ին եւ մինչեւ 1973 թւական ծառայել է որպէս առաջնորդանիստ:

Սոյն օրը, մատուցւած Ս. Պատարագի ընթացքում, թեմակալ առաջնորդը խօսելով եկեղեցու 70-ամեակի մասին, կարեւորեց ամեակը նշող յանձնախմբի մտայղացումը եւ ասաց. «Մենք հաւաքւած ենք այստեղ, որպէսզի մեր յարգանքի տուրքը մատուցանենք այն անձանց, ովքեր մեր համայնքի կեանքում, որեւէ ձեւով իրենց ներդրումն են ունեցել եւ իրենց զոհողութեան աշխատանքով և նւիրումով եղել են մեր համայնքի կեանքի աղն ու լոյսը»:

Նշենք նաեւ, որ իւրաքանչիւր տարի հոկտեմբերի վերջին շաբաթը Իրանահայ Ուսուցիչների Միութեան նախաձեռնութեամբ տեղի է ունենում հոգեհանգստեան արարողութիւն, նոյն տարւայ ընթացքում իրենց մահկանացուն կնքած հայ ուսուցիչների հոգու խաղաղութեան համար: Այդ առիթով թեմակալ առաջնորդը իր քարոզի մէկ այլ բաժնում անդրադառնալով այդ եզակի նախաձեռնութեանը, որը տարիների վաղեմիութիւն ունի, ասաց. «Այսօր մենք նաեւ հոգեհանգստեան արարողութիւն ենք կատարելու մեր համայնքում իրենց վաստակով, իրենց աշխատանքով, իրենց նւիրւածութեամբ, իրենց անձնուրացութեամբ այս համայնքում սերունդ դաստիարակող մեր հանգուցեալ ուսուցիչների յիշատակին»: Քարոզի աւարտին թեմակալ առաջնորդը ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառի յղած կոնդակը եկեղեցու 70-ամեակի առիթով, որից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

Արարողութեանը ներկայ էին Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ վերապատւելի Սէրգէյ Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի, ազգային մարմինների, եկեղեցական խորհուրդների ու միութիւնների ներկայացուցիչները:

Յաւարտ կրօնական արարողութեան, կազմակերպիչ յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Թեհրանի Հայ Կանանաց Եկեղեցասէր Միութեան համագործակցութեամբ, նոյն միութեան սրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն, որտեղ եկեղեցու պատմական տւեալների մասին արտայայտւեց 70-ամեակի յանձնախմբի նախագահ՝ Էդւարդ Յարութիւնեանը, իսկ վերջում եզրափակիչ օրհնութեան խօսքն ասաց թեմակալ առաջնորդը, եւ ներկաներին տրամադրւեց եկեղեցու պատմական տւեալները պարփակող նոր հրատարակւած գրքոյկը: Միաժամանակ Ուսուցիչների Միութեան սրահում եւս կազմակերպւել էր ընդունելութիւն: