ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ «Սրբազան լեռնաշխարհ» գրքի շնորհանդէսը

«ԱԼԻՔ» -Հայ-իրանական բարեկամական կապերը ի յայտ բերող եւս մէկ ապացոյց «Սրբազան լեռնաշխարհ» գրքի պարսկերէն թարգմանութիւնն կարելի է համարել:

Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երկուշաբթի՝ հոկտ. 17-ի երեկոյեան նոյն հաստատութեան կենտրոնատեղիում կայացաւ «Սրբազան լեռնաշխարհ» գրքի պարսկերէն թարգմանութեան շնորհանդէսը:

Գիրքը հեղինակել է պատմաբան Արտակ Մովսիսեանը, իսկ թարգմանիչն է Անահիտ Եղիայեանը:

Միջոցառումը մեկնարկեց Հայ Դատի յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանի արտայայտութիւններով: Նա համապարփակ գծերով անդրադարձաւ գրքի բովանդակութեանը, Հայաստանի եւ Իրանի պատմական երկու երկրների միմեանց կապակցւած դարաւոր յարաբերութիւններին եւ մշակութային ընդհանրութիւններին եւ փոխադարձ հանդուրժողականութեանը:

Շնորհանդէսը յագեցած էր արտայայտութիւններով: Թարգմանիչ Անահիտ Եղիայեանը նշեց, գրքին ծանօթացել է տարիներ առաջ, երբ Թեհրանում ուսանում էր Իրանի հին լեզուների եւ մշակոյթ ճիւղում եւ հետազօտութեան համար Հայաստանում հանդիպում է պատմաբան Արտակ Մովսիսեանին, որը իրեն է նւիրում գիրքը: Նա աւելացրեց, որ տարիներ անց, երբ մասնագիտացած ուսումնասիրում է գիրքը, իր մօտ միտք է յղանում, այն թարգմանել պարսկերէնի, որը եւ ընդառաջւում է հեղինակի կողմից:

Ապա ելոյթ ունեցաւ գրքի խմբագիր Մահնազ Մողադդասին: Նա հակիրճ տողերով ներկայացրեց գրքի երեք հիմնական գլուխները, ընդգծելով որ հայերէն տարբերակը 80 էջանոց է, սակայն պարսկերէնով թարգմանութիւնը շատ աւելի էջեր է պարունակում, իր բացատրական տողատակերի եւ պարսիկ ընթերցողին նիւթը աւելի մատչելի դարձնող բացատրութիւնների բերումով: Նա կարեւորեց նաեւ նման բաղդատական գիտահետազօտական աշխատանքների առկայութիւնը:

Արտայայտւողներից էր գրքի պարսկերէն թարգմանութեան հրտարակիչ գիտահետազօտող, մարդաբան դոկտ. Մաասումէ Էբրահիմին: Նա անդրադառնալով թարգմանչուհու բծախնդիր անհատականութեանը եւ Իրանի ու Հայաստանի երկու ժողովուրդների պատմական ընդհանրութիւններին, կարեւորեց երկու ժողովուրդների խաղաղ գոյակցութիւնը:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց արտայայտւելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ գրքի հիմնական արժէքը նիւթերի եւ աղբիւրների հաւաստիութիւնն է եւ յաւելեց. «Այս գիրքը հայ-իրանեան յարաբերութիւնների զարգացման, ընդարձակման եւ խորացման տեսակէտից մեծ ներդրում է: Այս գիրքը մեր երկու ժողովուրդների հնամենի յարաբերութիւնների, մշակութային թէ՛ աշխարհագրական, պատմական, թէ՛ հասարակական յարաբերութիւնների տեսակէտից, յարաբերութիւնների ոսկեայ շղթայի, ոսկեայ օղակն է»:

Աւարտին, գրքի շնորհանդէսին, թարգմանչուհին գիրքը մակագրելով նւիրեց «ՀՈՒՍԿ»-ին: