Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ԱՍՏՒԱԾԱՇՆՉԻ ՕՐ»-ը Թեհրանի Եկեղեցիներում

Արդէն տարիների աւանդութեամբ, նւիրականացել է «Աստւածաշնչի օր»ւան նշումը Թեհրանի հայոց թեմում։

Արդարեւ ամէն տարի, հոկտեմբերի երրորդ շաբաթ օրւան յաջորդող կիրակին, Առաջնորդ Սրբազան հօր տնօրինումով եւ թեմիս Կրօնական Խորհրդի որոշումով նշւում ու կարեւորւում է Աստւածաշնչի դերն ու տեղը մեր ժողովրդի եւ ընդհանրապէս մարդկային պատմութեան մէջ։

Այս տարի եւս, հոկտեմբերի 16-ի կիրակին, մեր եկեղեցիներում ընթերցւեց Առաջնորդ Սրբազան հօր պատգամը նւիրւած «Աստւածաշնչի օր»ւան խորհրդին, որի Առաջնորդ Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտում է Աստծու խօսքի ուժը, զօրութիւնն ու առաջնորդութիւնը հաւատացեալի կեանքում։

Ստորեւ տալիս ենք Սրբազան հօր պատգամը իր ամբողջութեամբ.-

Հայոց Եկեղեցու տօնացոյցում Սրբոց Թարգմանչաց տօնին յաջորդում են Սրբոց երկու մեծ տօներ՝ մին Աւետարանիչների տօնն է եւ երկրորդը՝ քրիստոնէական եկեղեցու վարդապետութեան, աստւածաբանութեան տիտան վարդապետների մի փաղանգի, որի իւրաքանչիւր անունը ինքնին մի լուսաւորեալ անձնաւորութիւն ու հեղինակութիւն է, ինչպէս Ռեթէոս, Դիոնեսիոս, Սեղբեստրոս, Աթանաս, Եփրեմ Խուրին Ասորի, Գրիգոր Նիւսացի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Աստւածաբան, Եպիփան Կիպրացին, Յովհան Ոսկեբերան, Կիւրեղ Աղէքսանդրացի։

Վերոյիշեալ լուսաւոր դէմքերը կազմում են առանցքն ու սիւները Քրիստոսի եկեղեցու, իւրաքանչիւրը իր կարգին եղել է մշտահոս աղբիւր, որի ծոցից ծորում է աստւածագիտութիւնը ի լուսաւորութիւն հաւատացելոց։

Աւետարանիչներն ու երկոտասան վարդապետները եղան անխոնջ մշակներն ու սերմանողները Աստծու խօսքին։

Ի յիշատակ չորս Աւետարանիչների տօնին, մեր թեմում հաստատել ենք Աստւածաշունչի օր, որը համընկնում է Աւետարանիչների տօնին յաջորդ կիրակիին։

Քրիստոսի եկեղեցու վարդապետութեան եւ դրա ուսուցումների առանցքն է Աստւածաշունչ մատեանը, եւ այն առաքեալի բառերով «Աստծու ներշնչումով գրւած բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թէ՛ ճշմարտութիւնն ուսուցանելու եւ թէ՛ սխալը հերքելու, մարդուն ճիշդ ճանապարհի վրայ դնելու եւ արդար կեանքի դաստիարակութիւնը տալու համար, որպէսզի Աստծուն նւիրւած մարդը լինի կատարեալ եւ պատրաստ՝ ամէն տեսակ բարի գործեր կատարելու» (Բ Տմ. 3։16-17)։

Աստւածաշունչ մատեանը Աստծու յայտնութիւնն է, Աստծու յաւերժական խօսքն է, որ լոյս է բերում ու լուսաւորում ինչպէս ասում է սաղմոսերգուն. «Քո խօսքերի մեկնութիւնը լոյս է բերում, իմաստնացնում է պարզամիտներին»(Սղ118։130)։ Սողոմոն իմաստուն յորդորում է իր որդիներին, որ ունկընդիր լինեն Տիրոջ խօսքին, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, որպէսզի իրենց կեանքում իմաստաւորւի. «Լսի՛ր, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները »(Առ. 4։10)։

Աստծու խօսքը Երեմիա մարգարէի բառերով սրտին ուրախութիւն եւ ցնծութիւն է տալիս. « Եւ քո խօսքն ինձ՝ ուրախութիւն եւ իմ սրտի համար ցնծութիւն կը լինի, քանզի քո անունը ինձ վրայ է դրւած ո՛վ Ամենակալ Տէր Աստւած» (Երմ. 15։10 Առ)։

Աստծու խօսքը մխիթարիչ զօրութիւն ունի հաւատացեալի կեանքում եւ նրան յոյսով է կենսաւորում. «Տառապանքիս մէջ սա է իմ մխիթարութիւնը, որ քո խօսքը կեանք տւեց ինձ»(Սղ 118։50)։ Աստծու խօսքով ապրողը կ՛ունենայ նաեւ տեսիլքը փրկութեան, քանի որ Տէրը ինքը ապաւէն ու պաշտպան է. «Իմ ապաւէնն ու պաշտպանը դու ես, քո խօսքին եմ վստահել» (Սղ118։114), «Փրկութեանդ եմ կարօտ եւ յոյսս քո խօսքի վրայ եմ դրել» (Սղ 118։8)։

Աստծու խօսքը կերպարանափոխիչ, բարեփոխող ու բարեկարգիչ զօրութիւն ունի։ Տիրոջ խօսքի գործադրութեամբ հաւատացեալը կարողանում է աստւածահաճ կեանք ունենալ։ Մովսէս մարգարէին տրւած տասնաբանեայ պատւիրանները անապատում թափառող ժողովրդի համար եղան սփոփանք ու մխիթարութիւն։

Թագաւորութեանց գրքում կարդում ենք, որ երբ Յուդայի թագաւորութեան մի ժամանակահատւածում Աստծու տունը նորոգելիս Քեղկիա քահանայապետը յայտնում է, որ ինք ՛՛Տիրոջ տանը օրէնքի գիրք է գտել՛՛ եւ այն տալիս է Սափան քարտուղարին եւ սա էլ Արքային է աւետում այս գիւտը, որի արդիւնքում Յուդայի ժողովրդի կեանքում հիմնական փոփոխութիւն եւ բարեփոխութիւն է յառաջ գալիս։

Յակոբոս առաքեալի բառերով Աստծու խօսքը աստւածահաճ ու մարդս յաւերժի ժառանգորդ դարձնող զօրութիւն ունի, որ միաժամանակ մեզ մաքրելու, մեղքից հեռացնելու ուժն ու կարողութիւնը ունի իր մէջ։ «Ուստի, թօթափեցէ՛ք ձեզանից ամէն կեղտոտ սովորութիւն ու չար ցանկութիւն եւ հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ սերմանւած Աստծու խօսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։»(Յկ. 1։21)

Սաղմոսասած մարգարէն՝ Դաւիթ ասում է. «Խօսքդ ճրագ է քայլերիս, լուսաւորող՛ ճամբաներիս»(Սղ 118։105)։ Այ՛ո, Աստծու խօսքով ապրողը զերծ է մնում մեղանչելուց եւ դառնում է Աստծու սիրելի էակ, դրա համար պէտք է հայցել Աստծուց, որ օրհնի մեզ իր օրէնքների տըւչութեամբ, «Քո ներկայութեամբ օրհնիր ինձ՝ քո ծառային, եւ կանոններդ սովորեցրու ինձ»(Սղ 118։135) որովհետեւ դրանք մեզ մի քաղցրութիւն են տալիս քիմքին «Ինձ համար ի՜նչ քաղցր են քո խօսքերը, ինչպէս որ մեղրը՝ քիմքիս համար» (Սղ 118։103)։

Որքա՜ն ներշնչող են Պօղոս առաքեալի խօսքերն ու խրատները տրւած Եփեսոսի երէցներին, երբ պատրաստւում էր հրաժեշտ առնել իրենցից ուղեւորւելու Երուսաղէմ։ Առաքեալն ասում է «Ամենայն խոնահրութեամբ եւ յաճախ արցունքով ծառայեցի Տիրոջը՝ հրեաների նիւթած բոլոր փորձութիւնները կրելով։…… Եկայ ձեզ՝ բոլորիդ մօտ, շրջեցի ու քարոզեցի Աստծու Արքայութիւնը եւ ահա յայտարարում եմ այսօր, որ իմ խիղճը հանգիստ է, որովհետեւ առանց քաշւելու յայտնեցի ձեզ Աստծու կամքը։ Ուշադի՛ր եղէք ձեր անձերին եւ ձեր ամբողջ հօտին, որի վրայ Ս. Հոգին տեսուչ կարգեց ձեզ։ Հովւեցէ՛ք Տիրոջ եկեղեցին, որ նա իր արիւնով գնեց, որովհետեւ ես գիտեմ, որ իմ մեկնումից յետոյ ձեր մէջ կը մտնեն յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին»(Գրծ. 20։19,25-30)

Առաքեալը չէր սխալւած իր ենթադրութեան մէջ, իր մեկնումից յետոյ Աստծու խօսքից հեռացածներ մի պահ տագնապեցուցին Եփեսոսի եկեղեցու կեանքը, սակայն Ս. Հոգին թոյլ չտւեց, որ նրանք, այսինքն՝ այլասէրները յաջողւեն։ Քրիստոսի եկեղեցին իր հիմնադրութեան առաջին օրերից հանդիպեց դժւարութիւնների, սակայն իր Հիմնադրին ու Վէմին վրայ կանգնած եկեղեցին շարունակեց իր երթը եւ դեռեւս շարունակում է ու շարունակելու է։

Այսօրւայ մեր կեանքը դիտելիս, ցաւով ենք նկատում մեր եկեղեցու զաւակների աստիճանաբար եկեղեցուց, Աստծու խօսքից հեռացումը։ Մեծամտութիւնն ու նիւթապաշտութիւնը, օտարամտութիւնն ու անտարբերութիւնը մեր հոգեւոր արժէքների նկատմամբ, Աստծու խօսքից եւ իմաստութիւնից հեռացումը մեր կեանքը պարպում, դատարկում է իր արժէքներից։

Ազգովին կարիքը ունենք Քեղկիա քահանայի նման աստւածահաճ անձանց, որ մեզ առաջնորդեն Աստծու խօսքին, զգաստութեան ու զգօնութեան հրաւիրեն, որպէսզի վերականգնենք մեր հաւատքի մէջ, մեր հայրերի հաւատարմութեան մէջ եւ ընդհանրապէս մեր ազգային-եկեղեցական թանկագին արժէքների մեր կեանքում վերակենսաւորման մէջ։

Այսօր մեր հաւատքը, մեր մայրենի լեզուն, մեր պահանջատիրական պայքարի շունչն ու ոգին սկսել են աղօտիլ. նւիրական այս սրբութիւնները հրապարակային լոզունքներով չի կարելի վերականգնել։

Տօնը Սրբոց Թարգմանչաց, Սուրբ Աւետարանիչների թող գեղեցիկ առիթ լինեն բոլորիս, որպէսզի աղօթքով զօրանանք, հաւատքով լիցքաւորւենք եւ վառ ու անվրէպ յոյսով ապագային նայենք միշտ տեսիլքովը մեր ժողովրդի հոգեւոր եւ ազգային երազների իրականացման։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ