Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած Միջնակարգ Օղակի աշակերտների ճամբար Նոր Ջուղայում

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Դաստիարակչական յանձնախմբի միջոցով կազմակերպւած 2015-2016 ուսումնական տարեշրջանում «Գիտելիքների մրցութեան» յաղթող թւով 77 աշակերտ-աշակերտուհիներ մասնակցեցին Նոր Ջուղայում կազմակերպւած ճամբարի:

Առաջին ճամբարը տեղի ունեցաւ յունիսի 11-13-ը միջնակարգ երկու օղակների 35 աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ եւ 6 պատասխանատուների ներկայութեամբ:

Խումբը 3 օրեայ պտոյտներ անցկացրեց Նոր Ջուղայի՝ Ս. Ամենափրկիչ վանքում, թանգարանում, գրադարանում, Ս. Գէորգ եկեղեցում, Սպահանի «Էմամ» հրապարակում՝ իր շրջակայ մզկիթներով ու «Սիոսէփօլ» կամրջով:

Աշակերտ-աշակերտուհիները իրենց գիտակից եւ կարգապահ ընթացքով ծաղիկներ մատուցեցին վանքի շրջափակում տեղադրւած Հայոց Մեծ Եղեռնի Նահատակների յիշատակին նւիրւած յուշարձանին:

Նրանք հաճելի ընկերական ժամեր անցկացրին «Կատարինեան» դպրոցում եւ «Արարատ» միութեան շրջափակում եւ վայելեցին պատասխանատուների եւ շրջանի ազգային իշխանութեան հոգատար վերաբերմունքը:

Պատասխանատուներն էին՝ Քլարա Աղախանեանը, Քամելիա Շիրւանեանը, Անդրանիկ Իփրանոսեանը, Հերմինէ Նազարբէգեանը, Քարմէն Ղահրամանեանը եւ Հելէն Այւազեանը:

Հետաքրքիր ենք համարում աշակերտ-աշակերտուհիների գրի առած տեսակէտները՝ ճամբարի վերաբերեալ, որոնցից մի քանիսը ձեր սեփականութիւնն ենք դարձնում:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Աշակերտների տպաւորութիւնները արշաւից

Երանի ոչ միայն գերազանցիկ աշակերտ-աշակերտուհիները, այլ բոլոր աշակերտները այսպիսի հնարաւորութիւններ ունենան: Երեք օր անծանօթների հետ շփւելով, բաւական ձեռքբերումներ ունեցանք եւ այս օրերը դարձան մեր կեանքի անբաժանելի մասնիկը: Առաւօտը շուտ (վաղ) արթնանալը սկզբում շատ դժւար էր, բայց արդէն երրորդ օրը դարձաւ հաճելի եւ դուրեկան:

Այցելելով Նոր Ջուղայի եկեղեցիները եւ վանքերը ու նաեւ Սաֆաւիան ժամանակում կառուցւած «Նաղշէ Ջահան»-ը աւելի մօտկից ճանաչեցինք ու հիացանք նրանցով: Բոլոր աշխատանքները ձեռք-ձեռքի պատճառ դարձան, որ մենք աւելի ամուր կապեր հաստատենք միմեանց հետ: Ոչ միայն աշակերտների, այլ պատասխանատուների հետ ստեղծեցինք անմոռանալի յուշեր: Բայց այս բոլորը այնքան արագ անցաւ, որ կարծես հէնց նոր ենք հասել այստեղ: Երանի միւս տարիներում այս յուշերը շարունակւեն, որ աշակերտները աւելի հաճոյքով ու ուրախութեամբ անցկացնեն:

9-րդ դասարան

* * *

Իսկապէս շատ հիանալի աշխատանք էր եւ ես շատ ուրախ եմ, որ իմ ուսուցիչների օգնութեամբ կարողացել ենք յաղթել եւ մասնակցել այս հաճելի ճամբորդութեան: Շատ լաւ անցաւ եւ ամէն ինչ հիանալի էր՝ խաղերը, զբօսանքը, թատրոնը եւ... տպաւորիչ էր եւ մեր յուշերում կը մնայ: Իմ կարծիքով, շատ լաւ միտք էր խմբերի բաժանումը, որովհետեւ առիթ էր, որ ծանօթացանք անծանօթ աշակերտ եւ աշակերտուհիների հետ՝ տարբեր տարիքներում:

Շատ լաւ եւ հիանալի էր նաեւ Նոր Ջուղայի տասարժան վայրերը՝ Վանքը, Ս. Գէորգ եկեղեցին եւ Ջուղայի «Արարատ»-ը: Շատ շնորհակալ եմ այս լաւ առիթի համար: Բայց երանի մի քիչ օրերը աւելի շատ լինէին, որովհետեւ աւելի լաւ կանցնէր:

* * *

Շնորհակալ ենք, այս ճոխ ժամանցի համար, որը ձեր ուշադրութեամբ յաջողեցինք դասաւորւած կերպով աւարտել եւ լաւ յուշերով վերադառնալ:

Սակայն, կը խնդրէինք մարզանքը բեկանել, առաւօտեան ուշ արթնանալ եւ գիշերը ուշ քնել, աւելի քիչ բծախնդիր լինել եւ օրերը շատացնել:

7/1 դասարան

* * *

Ես կարծում եմ այս ճամբարը բոլորիս համար շատ լաւ ժամանց է եղել: Շատ շնորհակալ ենք բոլոր պատասխանատուներից, իրենց բոլոր ջանքերի համար: Շատ հաճելի էր Վանքի այցելելը, խաղերը եւ ուրախ ժամանցը:

Ցանկանում եմ այս ծրագիրը շարունակելի լինի աշակերտների համար:

* * *

Իմ շատ սիրելի ուսուցիչ եւ ուսուցչուհիներ, ամէն ինչ շատ լաւ էր: Ձեր ուշադրութիւնը շատ դուրեկան էր: Ծրագիրը շա՜տ զւարճացնող էր: Թող որ Աստւած ձեզ օգնի բոլոր պարագաներում:

7-րդ դասարան

* * *

Այս երեք օրւայ ընթացքում ես նոր աշակերտ-աշակերտուհիների հետ հաճելի ժամանց ունեցայ: Ինձ համար ամենահաճելի պահերն էին՝ այցելութիւնները եւ ընկերների հետ զբաղւելը:

Շատ ուրախ եմ, որ կարողացայ ուրիշ աշակերտների հետ էլ շփւել եւ ընկերական կապ ստեղծել նրանց հետ:

Այս ճամբորդութեան ընթացքում ես սովորեցի, որ պէտք է մեր կեանքը ծրագրաւորենք եւ ամէն պահերը օգտագործել, որպէսզի կարողանանք լաւ յուշեր ստեղծենք:

Շատ շնորհակալ եմ, բոլոր նրանցից, ովքեր այս 3 օրւայ ճամբորդութիւնը ծրագրեցին մեզ համար, որպէսզի կարողանանք լաւ ժամանց ունենանք միմեանց հետ:

* * *

Ես միջնակարգի երրորդ դասարանի աշակերտուհի եմ: Այս երեք օրերում, որը բաւական կարճ ժամանակ էր, սովորեցինք շատ բաներ: Այցելեցինք Վանքը, Ս. Գէորգ եկեղեցին, «Արարատ»-ում ունեցանք շատ լաւ ժամեր: Ամէն ինչ շատ լաւ ծրագրւած էր: Երեխաները մտերիմ էին իրար հետ, գտանք նոր ընկերներ, շատ ուրախ օրեր ունեցայ այս երեք օրում:

* * *

Այժմ ուզում եմ յայտնել իմ կարծիքը այս երեք օրւայ համար նախաձեռնւած ճամբարի վերաբերեալ: Նախ ուզում եմ իմ խորին շնորհակալութիւնն յայտնել ճամբարի բոլոր պատասխանատուներին եւ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդին եւ յոյսով եմ, որ հետագայում էլ այսպիսի ծրագրեր կազմակերպւեն՝ լաւագոյն աշակերտների համար:

Ընդհանրապէս այս ճամբարի յատկութիւններից ցանկանում եմ նշել այն, որ բաւական ջերմ մթնոլորտ է ստեղծւում աշակերտների միջեւ եւ նրանց հնարաւորութիւն է տրւում աւելի մօտկից միմեանց հետ ծանօթանալ: Եւ ինչ որ վերաբերւում է ուտելիքի եւ աշակերտների առողջ սնւելու մասին, կարող եմ շեշտել, որ մատուցւում էր բաւական ընտիր սնունդ: Ամէն ինչ ունէր իր ժամանակը եւ պատասխանատուները ձգտում էին այն կատարել այդ աշխատանքի համար յատկացւած ժամկէտում: Ուզում եմ անդրադառնալ այն հարցին, որ ճամբարը տեւեց շատ կարճ, բայց այդ սահմանափակ ընթացքում էլ յանձնախումբը հասցրեց ամենադիւրին ձեւով երեխաներին ծանօթացնել Նոր Ջուղայի տեսարժան եւ հինաւուրց վայրերի հետ: Կատարւեցին միասնական աշխատանքներ, երեխաները բեմադրեցին թատրոն: Աշակերտներին հնարաւորութիւն տրւեց ցուցաբերել իրենց ընդունակութիւնները եւ գիտելիքների պաշարը: Որոշները ներկայացրին իրենց համար նախատեսւած առակը եւ նպատակն այն էր, որ միւս խմբերը պիտի գուշակէին, թէ որ խօսքին է վերաբերւում հետեւեալ ներկայացումը:

Շատ էին խաղերը եւ աշխատանքները, բայց հնարաւոր չէ բոլորը գրի առնել: Այսքանն էլ բաւական է նկարագրելու այս տարւայ ճամբարը:

2-րդ Ուսողական

* * *

Ամէն ինչ կատարեալ էր: Միայն թէ երանի օրերը մի քիչ աւելի շատ լինէին:

7-րդ դասարան

* * *

Ընդհանուր առմամբ ճամբարը շատ հաճելի էր: Աշխատանքները շատ հետաքրքիր էին: Միայն լոգանքի ժամը շատ քիչ էր եւ բոլորը չէին կարողանում լողանալ:

Նոյնպէս հանգումը շատ շուտ էր եւ լաւ կը լինէր, եթէ աւելի շատ արթուն մնայինք:

Սուլիչի ձայնն էլ շատ վատ էր:

Ը դասարան

* * *

Այս երեք օրւայ ճամբարը շատ լաւ յուշեր թողեց իմ կեանքում եւ բացի հաճոյական լինելը, շատ լաւ դասեր ստացայ իմ կեանքի համար: Նոյնիսկ կարողացայ լաւ շրջապատ ու լաւ ընկեր- ընկերուհիներ ձեռք բերել:

Ուրախ ժամանց ու հաճելի պահեր շատ կային, բայց ամենալաւ ժամանակը թատրոնի ժամանցն էր:

Շատ շնորհակալ եմ ուրախ եւ հաճելի պահեր ստեղծելու մեր համար:

8-րդ դասարան

* * *

Այս եռօրեայ ճամբարը շատ հաճելի եւ զւարթ էր, ձեռք բերեցի բազում ընկերներ եւ ընկերուհիներ, թատրոնը, խաղը, տեսաժապաւէնը եւ զրոյցը հիանալի էր եւ ձեռք բերեցի փորձառութիւններ: Ուսուցչուհիները շատ բարեհամբոյր էին, մարզանքները շատ օգտակար էին, այցելեցինք բազում տեսարժան վայրեր, շատ հետաքրքիր էին, բայց եթէ աշակերտների սենեակները բաժանւած լինէին, այսինքն մէկ սենեակում երեք կամ չորս հոգի լինէին աւելի լաւ կը լինէր, յամենայնդէպս կենսուրախ ճամբար էր եւ կը վերադառնամ լաւ եւ անմոռանալի յուշերով:

9-րդ դասարան

* * *

Ես որպէս 8-րդ դասարանի աշակերտուհի, յայտնում եմ իմ կարծիքը. այս երեք օրերը դարձան կեանքիս անմոռանալի յուշերից մէկը: Սովորել եմ հայկական մշակոյթի ազդեցութիւնը Սպահանի ճարտարապետութեան վրայ: Այցելեցինք Վանքը, որ բաւական հետաքրքիր էր: Այցելեցինք «Արարատ» միութիւնը: Իմ կարծիքով թատրոնի նիւթերը կարող էին լինել մի քիչ աւելի հաճելի, սակայն լաւն էր:

Ծանօթացանք նոր մարդկանց հետ եւ բոլորս դարձանք ընկերներ:

8-րդ դասարան

* * *

Ես առաջին անգամն էր, որ հեռու ընտանիքիցս եւ ընկերուհիներիս հետ ճամբորդում էի: Շատ ուրախ եմ, որ լաւ տպաւորութիւն ստեղծւեց ինձ համար: Բայց, այդ ամէն լաւ ժամերի կողքին լաւ կը լինէր, որ խաղի եւ մարզանքի ժամը աւելի շատ լինէր եւ աւելի շատ լինէր ճամբորդութեան օրերը:

8-րդ դասարան

* * *

Շատ ուրախ եմ, որ այսպիսի բախտ եմ ունեցել, որ այս ճամբարի փոքրիկ մի բաժինը կազմեմ: Այս ընթացքում ես սովորեցի ինչպիսի աւելի ճիշտ դասաւորում տալ իմ գործերը եւ աւելի ժամաճանաչ լինել: Ձեռք եմ բերել շատ բարի եւ խելացի ընկեր եւ ընկերուհիներ, որոնց հետ ունեցել եմ ուրախ ժամանց: Այցելեցինք Նոր Ջուղայի տեսարժան վայրերը եւ մօտկից ծանօթացել ենք դրանց պատմութեան հետ:

Ամէն ինչ շատ դասաւորւած էր եւ ժամանակի վրայով եւ սիրելի պատասխանատուները ոչ մի ջանք չխնայեցին, որպէսզի մեզ լաւ անցնի:

Այս կարճ ժամանակի ընթացքում ես շատ բաներ սովորեցի եւ բաւական օգտակար փորձառութիւններ ձեռք բերեցի:

9-րդ դասարան

* * *

Ինձ համար այս երեք օրը Ջուղայում շատ հաճելի էր եւ վստահաբար կը կազմի իմ կեանքի անմոռանալի յուշերը: Երեք օր անծանօթ մարդկանց հետ շփւելը շատ հաճելի փորձառութիւն էր եւ պատճառ դարձաւ շփւել ու ծանօթանալ նոր ընկեր-ընկերուհիների հետ, որոնց հետ մեր ընկերութիւնները վստահաբար կը շարունակւի:

Յոյսով, միւս աշակերտ-աշակերտուհիներն էլ ունենան այս հնարաւորութիւնը, վայելելու այս ուրախ եւ մտերիմ մթնոլորտը, որ մենք վայելեցինք:

Շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր այս նոր շփումների ու ընկերութիւնների պատճառը դարձան:

9-րդ դասարան

* * *

Այս երեք օրում, շատ հաճելի պահեր անցկացրինք: Նոր ընկերներ ձեռք բերեցինք:

Շնորհակալ ենք մեր սիրելի պատասխանատուներին, որ մեծ պատասխանատւութիւն են յանձն առել եւ ջանք չեն խնայել հաճելի ժամանց կազմակերպելու համար:

Ընդհանուր շատ լաւ անցաւ, բայց լաւ կը լինէր երեք օրից աւելին լինէր, որովհետեւ կը կարողանայինք տարբեր տեղեր, օրինակ «Չեհելսոթուն» գնայինք: