«ԱԼԻՔ» - Պաշտօնական այցով Իրան ժամանած Լիբանանի արդիւնաբերութեան նախարար՝ Հոսէյն Ալհաջ Հասանը, Իրանում Լիբանանի դեսպանը, եւ նախարարին ընկերակցող պատւիրակութիւնը, երեքշաբթի օգոստոսի 30-ի երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեցին Թ.Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, Եկեղեցական խորհուրդների, քահանայ հայրերի եւ ազգային մարմինների ներկայացուցիչներին:
Հանդիպման սկզբում թեմակալ առաջնորդը բացատրութիւններ փոխանցեց համայնքի ազգային կառոյցների եւ ծաւալւող աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ իրանահայ համայնքը, որպէս Իրանի ժողովրդի անբաժան մասը, միշտ իր ներդրումն է ունեցել Իրանի կեանքի բոլոր բնագաւառներում:
Իր խօսքում, Լիբանանի արդիւնաբերութեան նախարարը կարեւորութեամբ անդրադարձաւ քրիստոնեայ-իսլամ ընդհանրութիւններին եւ Իրանում ու Լիբանանում քրիստոնեաների եւ մուսուլմանների դարաւոր խաղաղ գոյակցութեանը: Նա նաեւ անդրադարձաւ տարածաշրջանային վերջին իրադարձութիւններին եւ ահաբեկչական ոճրագործութիւններին:
Նախարարը նշեց, որ Իրան կատարած այցի նպատակն է ընդլայնել երկու երկրների առեւտրա-տնտեսական յարաբերութիւնները:
Նշենք, որ Լիբանանեան 70 հոգանոց պատւիրակութեանը անդամակցում է լիբանանահայ առեւտարականների միութեան նախագահ Նազարէթ Սապունջեանը: Հանդիպմանը նա հակիրճ կերպով անդրադարձաւ լիբանանահայ համայնքին: Հանդիպման աւարտին պրն. Հոսէյն Ալհաջ Հասանը թեմակալ առաջնորդին նւիրեց յուշանւէր:
{gallery}201609/2016090101{/gallery}