Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան և Շուշիի Անի Փլազա հիւրանոցի միասնական ջանքերով արդէն 5-րդ տարին է ինչ կազմակերպւում է «Ասմունքի Մրցութիւն» Արցախի արծւաբոյն Շուշիում, որին իրենց մասնակցութիւնն են բերում նաև Թեհրանահայ աշակերտները:
Թ. Հ. Թ. Կրթական Խորհուրդը, նոյն խորհրդի մշակութային յանձնախմբի օժանդակութեամբ, ամէն տարի գերազանց և լաւագոյն նիշ ստացած աշակերտներին, որպէս քաջալերանք, ուղարկում է այդ մշակութային փառատօնի մրցոյթներին:
Շուշիում կայանալիք ասմունքի մրցութեանն այս տարի մասնակցում են Թեհրանահայ 22 աշակերտ-ուհիներ, 7 ծնողների նաև 4 պատասխանատուների՝ տիկնայք Ժասմէն Մինասեան, Բեսի Յովհաննիսեան, Անահիտ Գրիգորեան և պրն. Հայրիկ Աղանեանի ընկերակցութեամբ:
Շաբաթ յուլիսի 30-ի երեկոյեան, ճամբարին մասնակցող խումբը, Ս. Սարգիս եկեղեցում մասնակցեց կիրակնամուտի ժամերգութեան, որը կատարւեց Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի գլխաւորութեամբ: Ժամերգութեան աւարտին, Սրբազան Հայրը դիմելով աշակերտներին ասաց. «Ժամերգութեան ընթացքին աղօթեցինք Հայաստանի և աշխարհի խաղաղութեան համար, իմաստութեան և շնորհքի, Աստւածային օրհնութեան համար և յատկապէս ձեզ համար, որպէսզի այսօրւայ ձեր ճանապարհորդութիւնը լինի Աստւածային ընկերակցութեամբ, Աստծոյ կենդանի ձեռքերի հովանու ներքոյ առաջադրւէք, անփորձանք հասնէք և անփորձանք վերադառնաք»: Միւս բաժնում Սրբազան Հայրն ասաց. «Դուք հանդիսանում էք մեր մշակոյթի դեսպանները, որ պիտի գնաք Արցախ և ներկայացնէք Թեհրանահայութիւնը, կատարեալ յաջողութիւններ ձեռք բերէք և մեզ համար պածանք լինէք»:
Ապա Սրբազան Հայրը ճանապարհորդութեան յատուկ աղօթք կատարեց և ճամբարին մասնակցող խումբն Տէրունական աղօքթից յետոյ և ստանալով Սրբազան Հօր օրհնութիւնը, ճանապարհւեց դէպի Հայաստան, ապա Շուշի:
Մրցութիւնը կայանալու է օգոստոսի 1-ից մինչև 5-ը:
{gallery}201607/2016073101{/gallery}