Հարցազրոյց «Ասրէ Անդիշէ» թերթի ներկայացուցիչների հետ

Երկուշաբթի 18 Յուլիս 2016-ի կէսօրին, Թեհրանի Ազգային Առաջնորդարան այցելեցին, «Ասրէ Անդիշէ» հասարակական կրօնական թերթի անձնակազմը, հարցազրոյց ունենալով թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ։

Անձնակազմի անդամները հասարակական, կրօնական ոլորտում հարցեր ուղղեցին Սրբազան հօրը։

Հարցերում քննարկւեցին Իրանում գտնւող հայ եւ այլ քրիստոնեայ համայնքների իրաւունքները, որոնք առկայ են Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանադրական օրէնքում՝ որոնք գործադրւելով Իրանի համայնքում, ստեղծում են հայ համայնք-կառավարութիւն եւ իսլամ-քրիստոնեայ փոխ հասկացողութիւն եւ համատեղ բարեկեցութիւն։

Հարցերից մէկն ակնարկում էր Աստւածաշունչի առհասարակ կրօնների Սուրբ Գրքերի արդիականութեան խնդրին, որոնցով հոգեւոր առաջնորդը ատակ է լինում լուծել այսօրւայ մարդու՝ ի մասնաւորի երիտասարդներին մարտահրաւէր նետող արդի խնդիրները։ Սրբազան հայրը այս բաժնում ակնարկեց Աստւածաշնչի արդիականացման, նշելով որ արդի մարտահրաւէրները Սուրբ Գրքում նշւած լինելով ունեն իրենց լուծումը։

Մատնանշւեց, որ ուղղափառ եկեղեցին հասարակական խնդիրների լուծման համար օգտագործում է հայրաբանական օրէնսդրութիւնները, որոնց աղբիւրն է Աստւածաշունչը, օրինակ կարելի է յիշել «Հայ Եկեղեցու իրաւունքը» գործը։ Սրբազան հայրը յիշեց նաեւ Հայ Առաքելական եկեղեցու կենսական դերը, որ ունեցել է հայ ժողովրդի կեանքում, որը դարաւոր քաղաքական իշխանութեան չգոյութեան ժամանակ իսկ որպէս հոգեւոր իշխանութիւն ստանձնել է եւս քաղաքական իշխանութիւն։ 

Նոյնպէս քննարկւեց «Արդարութեան» պարագան։ Սրբազան հայրը ըստ Տէրունական աղօթքի արդարութիւն սեպեց Աստծու կամքի երկրի վրայ իրականացումը։

Ըստ Աստծու խօսքի երկրում առկայ անարդարութիւնների աղբիւրն է մարդու Աստծուց եւ կրօնից հեռացումը։ Արդարութեան հաստատումը ունի իր ազդակները, որոնք են սէրը, եղբայրասիրութիւնը, փոխադարձ յարգանքը, փոխհասկացողութիւնը։ Այդ ազդակներն են, որ մարդու համար կը ստեղծեն առաւել բարենպաստ կեանք ինչպէս մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոսն ասաց «Ես եկայ որ կեանք ունենաք, առաւել կեանք ունենաք» (Յհ. 10։10)։

Կրօնների եւ քաղաքակրթութիւնների միջեւ խաղաղութիւն եւ հաշտութիւն հաստատելու ծիրում Սրբազան հայրն ասաց.- ՛՛Տարբեր քաղաքակրթութիւնների եւ կրօնների դարաւոր ընդհարումներից յետոյ, աւելի քան յիսուն տարի է, որ աշխարհի կրօնների եւ քաղաքակրթութիւնների առաջնորդները հակասութիւնների ու պատերազմների լռեցման համար կազմակերպում են միջազգային համագումարներ, որոնց եզրահանգումները կարող են նպաստել հասարակութիւններում խաղաղութեան եւ փոխհասկացողութեան ամրապնդման, բայց դեռ երկար ժամանակ է պահանջւում իրական խաղաղութեան հաստատման համար՛՛։

Անշուշտ Սրբազան հայրը այդ բոլորը հնարաւոր սեպեց այն պարագային երբ մարդ արարածը կ՛իրագործի Աստծու Ոսկէ Օրէնքը. «Այն, ինչ ուզում էք, որ մարդիկ ձեզ անեն, նոյնը դո՛ւք արէք նրանց», այս սկզբունքն իր մէջ ամփոփում է օրէնքն ու մարգարեների ուսուցումը։

Վերջում Սրբազան հայրը հայերէն Աստւածաշունչ նւիրեց հաստատութեան։