ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՏԵՆԱՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Երեքշաբթի 12 Յուլիս 2016-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան յատուկ հանդիպում ունեցաւ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ միասնաբար քննարկելու եկեղեցու կեանքի եւ կրօնական ու ազգային-եկեղեցական տօների հետ կապւած հարցերը։

Առաջնորդ Սրբազան հայրը գնահատեց եկեղեցական խորհուրդները իրենց նախանձախնդիր գործունէութեան համար եւ այնուհետ կարեւորութեամբ շեշտեց եկեղեցական խորհուրդների ներկայութեան անհրաժեշտութիւնը ուրբաթ եւ կիրակի օրերին մատուցւող Ս. պատարագին եւ ընդհանրապէս եկեղեցական արարողութիւններին՝ պսակ, մկրտութիւն, նշանախօսութիւն եւ թաղում։

՛՛ Եկեղեցական խորհուրդները պէտք է հետամուտ լինեն նաեւ թաղի ժողովրդի կրօնական դաստիարակութեան ՛՛ ասաց Սրբազան հայրը եւ այս ուղղութեամբ կատարեց կարեւոր եւ այժմէական թելադրութիւններ։ Խօսւեց նաեւ նոր դպիրներ, երգեցիկ խմբերի նոր անդամներ ունենալու անհրաժեշտութեան մասին. այս բնագաւառում շատ կարեւոր է քահանայ-եկեղեցական խորհուրդ համագործակցութիւնը, եզրակացրեց Սրբազան հայրը։