Կայացաւ «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ կազմակերպած՝ «Արդարութիւն եւ կայուն խաղաղութիւն» Երաժշտական փառատօնը

«ԱԼԻՔ» - Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցին նւիրւած, Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն, «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ թւականիս յունիսի 15-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում կազմակերպւել էր երաժշտական իւրայատուկ փառատօն. «Արդարութիւն եւ կայուն խաղաղութիւն» խորագրով:

Իրանի պետական հիմնով մեկնարկած միջոցառման բացման խօսքը ներկայացրեց Արգին Արիստակէսեանը: Ապա ցուցադրւեց Հայոց Ցեղասպանութեան իրողութեան մասին պատմա-վաւերագրական տեսֆիլմ: Օրւայ բանախօսն էր համալսարանի աւագ դասախօս, ճանաչւած մտաւորական, միջազգային յարաբերութիւնների փորձագէտ դոկտ. Դաւուդ Հերմիդաս Բաւանդը, ով հանգամանօրէն անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող պատմական իրադարձութիւններին եւ փաստերին՝ յոյս յայտնելով, որ կը գայ մի օր, երբ բոլոր ազգերին կը յաջողւի ապրել խաղաղ գոյակցութեան պայմաններում:

Ծրագրի գեղարւեստական բաժնում հայկական եւ իրանական երգերով հանդէս եկաւ «Օրդիբեհեշթ» երգչախումբը, ղեկավարութեամբ դոկտ. Համիդ Ասգարիի: Կոմիտասի հեղինակած երգեր կատարելուց առաջ, խմբավարը խօսեց Ցեղասպանութեան ընթացքում հայ ժողովրդին հասցւած մշակութային վնասների մասին՝ Կոմիտասին համարելով Հայոց Ցեղասպանութեան մշակութային զոհերից մէկը:

Երգչախմբի ելոյթից յետոյ ցուցադրւեց տեսահոլովակ՝ Իրանի մեծանուն բանաստեղծ Սաադիի ամենայայտնի ստեղծագործութիւններից մէկի հիման վրայ, որի երաժշտութեան հեղինակը իրանահայ ճանաչւած երաժշտագէտ Վարդան Սահակեանն էր:

Տեսահոլովակի ցուցադրութիւնից յետոյ բեմ հրաւիրւեց Երաժշտական փառատօնի ժուրիի կազմի նախագահ, համալսարանի դասախօս, երաժշտագէտ Վարդան Սահակեանը, ով անդրադառնալով փառատօնի նպատակներին եւ կազմակերպչական աշխատանքների ընթացքին՝ նշեց, որ երբ նման փառատօնի մասին տեղեկացւեց Իրանի երաժշտական շրջանակը, ստացւեցին բազմաթիւ ստեղծագործութիւններ, որոնք բոլորն էլ արժանանալու են գնահատագրերի, իսկ լաւագոյնները՝ մրցանակների: Գնահատագրերն ու մրցանակները յանձնելու համար բեմ հրաւիրւեցին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանը, Իրանի երաժշտական տան նախագահ դոկտ. Սարիրը, փառատօնի ժուրիի անձնակազմը, եւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան վարչութեան նախագահ Արամ Շահնազարեանը:

Մրցանակաբաշխութիւնից յետոյ «ՀՈՒՍԿ» հաստատութեան վարչութեան նախագահ Արամ Շահնազարեանը, շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր նպաստել էին փառատօնի կայացմանը՝ նշելով, որ փառատօնի խորհրդանիշ խաղաղութեան սպիտակ աղաւնին թռիչքի համար կարիք ունի այնպիսի ղեկավարների, որոնք մարդկային արժանապատւութիւնը վեր կը դասեն ամէն ինչից:

Նա եզրափակիչ խօսքի համար բեմ հրաւիրեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին: Պատգամաւորը բարձր գնահատելով միջոցառումը՝ նշեց, թէ ուրախ է այն փաստի համար, որ Գերմանիայի խորհրդարանն օրերս պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը: Նա միաժամանակ յուզումով նշեց, որ տխուր է, քանզի իր Հայրենիքը՝ Իրանը մինչ օրս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, այն դէպքում, երբ աշխարհի բազմաթիւ երկրների համեմատութեամբ Իրանն ունի բարոյական ամենամեծ իրաւունքը՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանութիւնը, քանզի հազարամեակների ընթացքում, Իրանը երբեւէ բռնութիւն չի կիրառել որեւէ ժողովրդի կամ ազգի հանդէպ: