7-րդ եւ 8-րդ դասարանցիների արշաւը՝ «Արարատ» մարզաւանում

Թւականիս ապրիլի 7-ին եւ 14-ին կայացաւ հայոց դպրոցների միջնակարգ Ա օղակի 7-րդ եւ 8-րդ դասարանցիների արշաւը Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպմամբ:

Հինգշաբթի, ապրիլի 7-ին, 8-րդ դասարանցիների արշաւին իրենց մասնակցութիւնը բերեցին թւով 165 աշակերտ-աշակերտուհիներ, որոնք բաժանւեցին 12 խմբերի եւ ընտրեցին իրենց խմբի անունն ու խմբապետը:

Ամէն խումբ ունէր նաեւ իր պատասխանատուն, որոնք երիտասարդներ էին, սկաուտական միութիւնների անդամներ, դպրոցների օժանդակ ծնողներ եւ յանձնախմբի հետ համագործակցողներ:

Ապրիլի 7-ի ծրագրի բովանդակութիւնը բաղկացած էր մարզական աշխատանքից, զրոյցից, գիտելիքների մրցութիւնից, դասախօսութիւնից ու խաղից: Որպէս դասախօս հրաւիրւել էր Գրիգոր Ղազարեանը:

Իսկ մարզական առաւօտեան աշխատանքին իրենց համագործակցութիւնն էին բերել Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի անդամներ՝ Վրէժ Աբգարեանը, Լուդւիկ Նազարեանը եւ Էդւին Աւանէսեանը, ուսուցիչներ՝ Քարմէն Ղահրամանեանը եւ Կարինէ Ասատրեանը:

Հինգշաբթի, ապրիլի 14-ին եւս տեղի ունեցած արշաւին իրենց մասնակցութիւնը բերեցին Թեհրանի հայոց դպրոցների 7-րդ դասարանի աշակերտներ՝ թւով 162 հոգի:

12 խմբերի բաժանւած աշակերտները դարձեալ զբաղւեցին մարզական աշխատանքներով, մասնակցեցին խաղերի, դասախօսութեան, գիտելիքների մրցութեան եւ երգի դասարանին, որի ընթացքում մեծ խանդավառութեամբ երգեցին ազգային-յեղափոխական երգեր եւ ծանօթացան այդ երգերի պատմութեան հետ:

Ապրիլի 14-ին եւս յանձնախմբի հետ համագործակցեցին մեծ թւով երիտասարդներ, միութենականներ, ծնողական խորհուրդների անդամներ եւ յանձնախմբի հետ մշտապէս համագործակցող անձինք: Իսկ դասարանները եւ մարզական աշխատանքները ղեկավարեցին Գրիգոր Ղազարեանը, Լուդւիկ Նազարեանը, Թալին Յարութիւնեանը եւ Անդրանիկ Իփրանոսեանը:

Արշաւների ընթացքում ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը եւ նոյն խորհրդի անդամ Դաւիթ Մարգարեանը եւ Նարբէ Աբուլեանը:

Ջերմագին շնորհակալութիւններ պէտք է յայտնել Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեանը, «Արարատ» մարզաւանի պատասխանատուներին եւ յանձնախմբի հետ բոլոր համագործակցողներին՝ իրենց ցուցաբերած օժանդակութիւնների համար:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախումբ