Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մայիսեան ոգին թեւածեց՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան յարկի ներքոյ

Տօների տօն Մայիսի 28-ի 106-ամեակի տօնակատարութիւնը նշւեց 30 մայիս 2024 թւականին, Զէյթուն քաղաքամասի Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, նախաձեռնութեամբ միութեան Արւեստից բաժանմունքի եւ Գրական խմբի: Միջոցառումը յագեցած էր բանախօսութեամբ եւ գեղարւեստական կատարումներով: Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:

Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների օրհներգերով, որից յետոյ միութեան պատանի եւ երիտասարդ անդամներ՝ Դաւիթ Միրզախանեանը, Մանէ Սիմոնը, Անիա Բաղումեանը եւ Էմելիա Պօղոսեանը հատւածներ ընթերցեցին Մայիսեան յաղթանակին հանգեցրած հերոսամարտերից:

Կազմակերպիչ յանձնախմբի անունից հանդիսութեան բացման խօսքը ընթերցեց, ծրագրի հաղորդավար Ալին Քեշիշեանը:

Ծրագրին, օրւայ բանախօս, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը համապարփակ գծերով անդրադարձաւ մայիսեան յաղթանակի քաղաքական, բարոյական ու հոգեբանական անժխտելի դերակատարութեանը հայ ժողովրդի եւ Հայաստան աշխարհի, որպէս Հանրապետութիւն գոյատեւման գործում եւ խօսեց ՀՀ ներկայի իշխանութիւնների հայրենակործան ընթացքի եւ Սրբազան պայքարի շուրջ միաւորւելու անհրաժեշտութեան մասին: Նա իր ելոյթը սկսեց հետեւեալ տողերով. «Իմի ենք եկել նշելու մեր պատմութեան ամենապայծառ էջի 106-ամեակը՝ Մայիսի 28-ը, որը դարձաւ հայ մարդու կամքի եւ վճռակամութեան մարմնաւորումը: Կամք ու վճռակամութիւն՝ կերտելու եւ ստեղծելու պետականութիւն, կերտելու եւ դարբնելու անկախ իշխանութիւն»: Բանախօսը ընդգծեց. «Հայ մարդու հոգեմտաւոր աշխարհում այս շրջադարձային փոփոխութիւնը տեղի ունեցաւ այն բանից յետոյ, երբ հայ մարդու մօտ բիւրեղացւեց այն միտքը եւ ընկալումը, որ սեփական ճակատագրի տէրը պէտք է դառնայ, որ ազատ ապրերելու համար պէտք է պայքարել, այլ ոչ թէ սողալ ու ազատութեամբ ապրելու իրաւունք մուրալ, որ այն հողը, որի վրայ ապրում դրան պէտք է վերաբերւի որպէս հայրենիք, այլ ոչ թէ լոկ բնակավայր: Այդ բանից յետոյ էր, որ հայ մարդը կարողացաւ ոտքի կանգնել, կարողացաւ իր մէջքը շտկել, կարողացաւ պայքարել, կարողացաւ յաղթահարել Ցեղասպանութեան արհաւիրքը եւ ընդամէնը երեք տարի յետոյ քաոսի միջից, կերտել յաղթանակ, կերտել պետականութիւն, դարբնել ու կռել անկախութիւն»: Բանախօսը ընդգծեց, որ հայրենիքը, պետականութիւնը եւ ազատութիւնը բացարձակ արժէքներ են, որոնց համար անհրաժեշտ է մարտնչել ամէն օր եւ ամէն վայրկեան եւ դրանք չեն գոյատեւում եթէ ժողովուրդը պայքարելու կամք չունենայ, եւ դա Մայիսի 28-ի գլխաւոր պատգամներից էր: Բանախօսը յստակեցրեց, որ ՀՀ հիմնադիր այրերը մեզ կտակեցին մի շատ կարեւոր հանգամանք, եւ նրանց գործունէութեան հիմքում նպատակները երեքն էին՝ հայրենատիրութիւն, հայկական հողերի ազատագրում եւ պետականաշինութիւն ու պետականակերտում: Իր ելոյթի ընթացքում բանախօսը անդրադարձաւ Արամ Մանուկեանի այն խօսքին, որ հայերով ոչ ոք չի հետաքրքրւում, եթէ հետաքրքրւողներ կան, բացառապէս իրենց շահերից ելնելով, ուրեմն գոյատեւելու եւ յաղթելու համար անհրաժեշտ է ապաւինել սեփական ուժին: Նա նշեց, որ մայիսեան այդ ոգով տոգորւած մեր ազատամարտիկները հիմքը դրեցին Արցախի անկախ Հանրապետութեանը: Իր ելոյթի այլ բաժնում բանախօսը ցաւով անդրադարձաւ այն հանգամամքին որ այսօր ՀՀ գործող իշխանութիւնը հակառակ 1918 թւականի պետական այրերի մեզ կտակ թողած աւանդին, ծւէն ծւէն են անում հայրենիքը, ծնկել են թշնամու առջեւ, եւ փորձում են խաղաղութիւն մուրալ, որը երբեք գոյութիւն չի ունենալու, քանզի մեր թշնամին նոյն մտածողութեամբ է ընթանում: Իր ելոյթի ընթացքում նա դատապարտեց ՀՀ գործող իշխանութեան այն քաղաքականութիւնը, որով փորձում է հային պարպել իր ինքնութիւնից եւ ազգային արժէքներից, որոնք են՝ Հայոց Եկեղեցին, Զինանշանը եւ հայ ժողովրդի խորհրդանիշ՝ Արարատ Լեռը: Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ ընթացող պայքարը սրբազան է, քանզի այն յանուն հայրենիքի է եւ ընտրւած կարգախօսը՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք, Արցախ եւ Աստւած», ամբողջովին արժէքային-հոգեղէն համակարգ է, որը կարող է մեզ տանել դէպի փրկութիւն:

Միջոցառման եզրափակիչ խօսքը փոխանցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, ընթերցելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամը: Պատգամի մէջ նշւած էր. «Մայիս 28 է կրկին, հայ ժողովրդի գոյապայքարի, հայրենիքի ազատագրման, հայի լինելիութեան, պայքարի ու յաղթանակի տօնակատարութեան օրը: Տօն, որը ամէն մի հայի անձնական թէ համայնական կեանքում իր ուրոյն տեղն ու դերն ունի: Այսօր Հայաստան աշխարհը կարիք ունի մեր աղօթքների, կարիք ունի մեր զօրակցութեանը, կարիք ունի մեզ իր կողքին ունենալու, որպէսզի կարողանայ ամէն ձեւով գոյատեւել: Հայրենիքը մարդուն տրւած մեծագոյն շնորհքն ու պարգեւն է, հայրենիքը մարդու ինքնուրոյնութեան գրաւականն է, իսկ այսօր դժբախտաբար հայ ժողովուրդը տառապում է հայրենիքի ցաւով ու վշտով, եւ հայրենիքի այսօրւայ կացութեամբ, քանի որ հայոց աշխարհի ամբողջականութիւնը վտանգւած է եւ Արցախը, որը հայ ժողովրդի գոյութեան եւ հայրենիքի ամրապնդման հիմնական առանցքն էր, այսօր դժբախտ վիճակի մէջ է: Հետեւաբար մենք այս օրերին, որեւէ մէկ ժամանակից աւելի, որպէս սփիւռքի մէջ ապրող հայորդիներ կոչւած ենք միասիրտ, միակամ ու միախորհուրդ՝ իրար ձեռք տալու եւ գործելու իխնդիր մեր հայրենիքի ամբողջութեանը»:

Միջոցառման գեղարւեստական յատագիրը հագեցած էր ասմունքային կատրումներով, պամական տեսաֆիլմերի ցուցադրութեամբ, մեներգերով ու հայկական ազգագրական պարերով:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւոր ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային իշխանութեան, մարմինների, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ հայրենակիցներ:

Գեղարւեստական յայտագրում, մեներգերով հանդէս եկան Էրիքա Դաւթեանը, Թենի Ֆարմանեանը եւ Մոնիկա Միրզախանեանը, ջութակի կատարումով ելոյթ ունեցաւ Արեգ Շահվերդեանը, ասմունքային առանձին կատարումներով հանդէս եկան՝ Քելին Տէր-Պետրոսեանը, Միշելլա Միրզախանեանը, Լիանա Միրաւագեանը եւ Ադելինա Թէյմուրեանը, իսկ վերջում ազգագրական պարերով հանդէս եկան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի սաները, պարերի բեմադրութիւնը Արտաւազդ Աւետիսեանի, պարուսոյցներ՝ Թինա Անտոն եւ Սիւնէ Շահվալադեան:

Վերջում միութեան տարբեր միաւորների պատանի-պարմանուհիները Արցախի եւ Հայաստանի դրօշակներով երթ կատարեցին եւ շնորհաւորեցին տօների տօն Մայիսի 28-ը:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 17 Յունիսի 2024;
Սրբոց վկայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիքտոսի եւ Փոտինոսի

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօնէ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Չորեքշաբթի 19 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.1‐16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.1‐8։

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ

Ուրբաթ 21 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.16‐23։

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ, Աշխէնի տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն

Կիրակի 23 Յունիսի 2024;
Ե կիրակի. զկնի Հոգեգալստեան: Տօն գիւտի տփոյ Սրբուհւոյ Աստուածածնի

Երկուշաբթի 24 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կալիստրատոսի, քառասուն եւ ինն վկայիցն եւ Ղունկիանոսի քահանային

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Չորեքշաբթի 26 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 10.5‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.31‐42։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ