Կիրակի, 12 մայիս 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան՝ դկտր. Շաֆիղ Տայուպին եւ նրան ընկերակցող Թեհրանում Սիրիայի դեսպանատան լիազօր նախարար՝ դկտր. Մոհամմադ Թաուֆիք Աբու Գալունին եւ դեսպանատան երրորդ քարտուղար՝ պրն. Ղադիր Սալմանին:
Հանդիպմանը ներկայ էր Սրբազան Հօր հրաւէրով քաղաքս գտնւող՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ իր ուրախութիւնը յայտնեց քաղաքավարական այցի առիթով:
Պրն. Դեսպանը, իր բարեմաղթանքները փոխանցեց Քրիստոսի Յարութեան տօների առիթով նաեւ զօրակցութիւն յայտնեց հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի կապակցութեամբ եւ շեշտեց, որ Սիրիայի հայ համայնքը ամենահաւատարիմ քաղաքացիներն են Սիրիական հայրենիքի։
Սրբազան Հայրն իր կարգին շեշտեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է սիրիական հայրենիքին եւ արաբ ժողովրդին, որ Հայոց Ցեղասպանութեան տարիներին տէր կանգնեց մեր ժողովրդին։
Հանդիպման ընթացքում խօսւեց հայ-սիրիական պատմական-մշակութային յարաբերութիւնների եւ սիրիական տնտեսութեանը եւ ճարտարարւեստին բերած հայ ժողովրդի ներդրման մասին։
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ