ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Կիրակի, 10 մարտ 2024 թւականին Ազգ. Առաջնորդարանի դահլիճում, տեղի ունեցաւ Թեմական եւ Կրթական խորհուրդների համատեղ հանդիպումը, որի ընթացքում նախ անդրադարձ կատարւեց եւ զեկոյց ներկայացւեց դպրոցներին առնչւող աշխատանքների ընթացքից իսկ հանդիպման հիմնական օրակարգում խորհրդակցութիւն եւ քննարկում կատարւեց Կրթական խորհրդի ներկայացրած երկու հիմնական ծրագրերի վերաբերեալ:

Կրթական խորհուրդը, որպէս հեռանկարային ծրագիր՝ մասնագէտ մարդուժ դաստիարակելու առաջարկութեամբ ներկայացրեց «Հայոց Դպրոցների համար նոր մարդուժի (ուսուցիչ-ուհիների) դաստիարակութեան կարճատեւ ծրագիր»-ը: Այս ուղղութեամբ բացատրւեց, որ առաջիկայ մի քանի տարիների ընթացքում արդէն իսկ հանգստի են կոչւելու փորձառու ուսուցիչներից մի քանիսը, որոնց անհրաժեշտ կը լինի փոխարինել նոր մարդուժով: Խորհրդակցութեան ընթացքում համապարփակ բացատրւեց ուսումնասիրւած եւ նախատեսւած ծրագիրը եւ նախահաշիւը, որը Թեմական խորհրդի հաստատումով, Կրթական խորհրդին յանձնարարւեց գործնական աշխատանքներն իրականացնել:

Երկրորդ օրակարգում անդրադարձ կատարւեց «Սողոմոնեան» դպրոցին առնչւող մի շարք դժւարութիւններին եւ յիշեալ դպրոցը «Նայիրի» եւ «Մարիամեան» դպրոցների հետ միատեղման առաջարկութեանը: Այս կապակցութեամբ մանրամասն տւեալները ներկայացւեց եւ որոշւեց ուսումնասիրութիւնները համալրւելուց յետոյ ծրագիրը ներկայացւի Թեմական խորհրդին: Հարկ է նշել, որ այս ուղղութեամբ հանդիպումներ են կայանալու դպրոցի ծնողների եւ պատկան պատասխանատուների հետ:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը գնահատեց Կրթական խորհրդի գործունէութիւնը եւ արժեւորեց հայկական դպրոցների գոյատեւման ու յարատեւման համար սատար հանդիսացող բոլոր աշխատանքները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ