Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Յարաբերական Մարմնի և Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան Կենտրոնի Հանրային Կապի համագործակցութեամբ, երեքշաբթի մայիսի 17-ին, Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում կազմակերպւել էր միջոցառում՝ իրանցի լրագրողների համար: Միջոցառումը նւիրւած էր Հանրութեան հետ Կապի, Հաղորդակցութեան և Թանգարանի Համաշխարհային Օրերին:
Եկեղեցու շրջափակում, «Արտակ Մանուկեան» թանգարանի մուտքի առջև, ցուցադրւած էր հայկական տարազներ և ժամանակին օգտագործւող գորգեր ու իրեր: Առաւօտեան ծրագիրը մեկնարկեց Իրանի զանգւածային լրատւամիջոցների հրաւիրեալ մեծ թւով լրագրողների ներկայութեամբ: Սկզբում, ներկաներին բարի գալստեան խօսք ասաց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Յարաբերական մարմնի ատենապետ՝ Գասպար Ամիրխանեանը, Թեհրանի հայոց թեմի մասին բացատրութիւններ փոխանցեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանը, Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ»-ի աշխատանքները ներկայացրեց՝ Իսիկ Իւնանէսեանը, իսկ «Արտակ Մանուկեան» թանգարանի մասին արտայայտւեց թանգարանի տնօրէն՝ Ալիս Շահմուրադեանը: Այնուհետեւ լրագրողները այցելեցին թանգարան և Ս. Աստւածածին եկեղեցի:
Այցի երկրորդ բաժնում լրագրողները հանրակառքով մեկնեցին «Արարատ» մարզաւան, և Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամների ուղեկցութեամբ շրջեցին մարզաւանում, ծանօթանալով Հ.Մ.Ա.Կ.-ի և մարզաւանի աշխատանքներին: Մարզաւան այցի ընթացքում «Շահբազեան» սրահում կազմակերպւած ընդունելութեան ընթացքին, ներկաներին իրանահայ համայնքի եւ «Արարատ»-ի մասին համապարփակ բացատրութիւններ փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանեանը:
{gallery}201605/2016051901{/gallery}