ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄԱՐՄՆԱՄՏԱՅԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ «ԱԿՈՒՆՔ» ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵՍՉՈՒԹԵԱՆ ԵՒ ՍԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Երկուշաբթի, 2 հոկտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհուրդը Մարմնամտային երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի Տեսչութեան եւ սաների ծնողների դիմումին ընդառաջելով, հանդիպում ունեցաւ Ազգային Առաջնորդարանի դահլիճում:

Հանդիպմանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի բարիգալստեան եւ ողջոյնի խօսքերից յետոյ անդրադարձ եղաւ Կենտրոնի գործունէութեանը, երեխաների խնամքին, կրթութեանը եւ այս ուղղութեամբ մատուցւող ծառայութիւններին, որոնց կապակցութեամբ համապարփակ բացատրութիւն ներկայացւեց յիշեալ կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանի միջոցով, որը նշեց նաեւ, որ ներկայիս կենրոն են յաճախում տարբեր տարիքի 19 սաներ:

Հանդիպման ընթացքում ծնողները նաեւ իրենց հերթին անդրադարձան առկայ մտահոգութիւններին ու դժւարութիւններին, որոնք առնչւում էին նաեւ ֆինանսական հարցերին:

Նշելի է, որ «Ակունք» կենտրոնի հիմնական աշխատանքը կենտրոնացած է սաների խօսելու եւ մտային կարողութիւնները զարգացնելուն, կատարւում է ֆիզիոթերապիա եւ տարբեր աշխատանքներ նաեւ կազմակերպւում են տարբեր արշաւներ եւ այցելութիւններ:

Անդրադառնալով նիւթա-տնտեսական խնդիրներին նշւեց, որ կենտրոնի բիւջէն հիմնականում ֆինանսաւորւում է նւիրատւութիւնների եւ բարերարների աջակցութեամբ, որոնք բացի մի քանի շարունակական պարագաների, մնացեալը պատահական է եւ բնականաբար հնարաւոր չի լինում ունենալ յստակ նախատեսում եւ նիւթական ապահովութիւն, որի համար առաջարկւեց հասութաբեր միջոցառումներ ունենալու նաեւ բարերարների յստակ ցուցակ կազմելու տարբերակը:

Պրն. Արամեանը Թեմական խորհրդի անունից գոհունակութեամբ անդրադարձաւ Կենտրոնի աշխատակազմի մարդասիրական ու դժւարին աշխատանքին, ինչը սաներին հնարաւորութիւն է տալիս զարգանալ եւ առաջադիմել՝ իրենց կարողութեան սահմաններում: Պրն. Արամեանը հաւաստիացրեց, չնայած այն հանգամանքին, որ «Ակունք» կենտրոնը անկախ կառոյց է, սակայն իր աշխատանքի բնոյթից ելնելով միշտ եղել է Թեմական խորհուրդների ուշադրութեան կենտրոնում, որին աշխատել է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ