Չորեքշաբթի, 7 յունիս 2023 թւականին, գումարւեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, ազգային առաջնորդարանի դահլիճում:
Նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի, ժողովը գումարւեց 22 պատգամաւորների ներկայութեամբ, որը ընթացքում թւային յաւելում կրեց:
Նիստին ներկայ էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը:
Ժողովի սկզբում ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը, կարեւորեց ՊԺ-ի ժողովների լիագումար կազմւելու անհրաժեշտութեանը եւ անդրադարձաւ ՊԺ-ի չորս յանձնաժողովներ՝ կրթականի, հասարակականի, տնտեսականի եւ կազմակերպչականի աշխատանքներին եւ նշեց, որ երկու յանձնաժողովներ դիւանին են յանձնել գրաւոր զեկոյցներ: Նա դիմեց ՊԺ-ի կրթական եւ տնտեսական յանձնաժողովներին, որպէսզի ներկայացնեն դիւանին յանձնած իրենց զեկոյցները, իսկ հասարակական եւ կազմակերպչական յանձնաժողովների անդամները բանաւոր զեկոյցներով հանդէս եկան: Զեկոյցները առնչւում էին համայնքի կրթական եւ կրթօջախների հարցերին, կանոնագրութեան փոփոխութեան անհրաժեշտութեանը, տնտեսական ու կալւածային խնդիրներին, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի կարգավիճակին, Նոր Բուրաստան գերեզմանատան աշխատանքներին եւ հասարակական խնդիրներին եւ ընդհանուր առմամբ ժողովը ունկնդրեց յանձնաժողովների զեկոյց-գնահատականը՝ ազգային, հասարակական եւ կրօնական կեանքի զարգացումների, պահանջների եւ առկայ մտահոգութիւնների մասին: Զեկոյցները ներկայացւելուց յետոյ պատգամաւորներին առիթ էր տրւում ներկայացնելու իրենց հարցերը, արծարծել տեսակէտներ եւ առաջարկութիւններ: Յաջորդ օրակարգով ժողովը հակիրճ գծերով անդրադարձաւ ՊԺ-ի անցեալ 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքներին եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդին ուղղած տարբեր հարցեր շօշափող նամակ-գրութիւններին:
Վերջում, հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Պատգամաւորը համապարփակ գծերով անդրադարձաւ համայնքային հարցերի վերաբերեալ՝ պետական շրջանակների հետ իր հանդիպումներին, եւ իրականացւած աշխատանքներին, կապւած՝ դպրոցների մի շարք սարքաւորումների ապահովման, իր եւ ազգային իշխանութեան եւ ի մասնաւորի թեմակալ առաջնորդի հետ կապերին, կարգաւորելու՝ համայնքային հարցերը, այդ թւում ԿՕՄ-ի, Ազգային «Ա. Աւետիսեան» բուժարանի եւ հասարակական ու համայնքային այլ խնդիրներ: Պատգամաւորը կարեւորեց, ՊԺ-ի պատգամաւորների եւ իրենց ընտրատարածքների բնակիչների հետ յաճախակի շփումները եւ խորհրդարանի պատգամաւորի ու ՊԺ-ի պատգամաւորների աւելի սերտ կապերը, համայնքային հարցերը աւելի արագ թափով կարգաւորելու նպատակով: Նա իր գնահատանքը յայտնեց 16-րդ Պատգամաւորական ժողովին, իրենց կատարած աշխատանքների համար:
Ժողովը շարունակելու է իր հինգշաբթի 8 յունիս 2023 թւականին:
Լուրը՝ «Ալիք»-ից