Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ՄԵԴԻԱՄԱՔՍ»Ի ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ

Վարեց՝ ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ

 ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- Վեհափառ տէր, ինչպէ՞ս ստացաք Արցախի դէմ Ադրբեջանի կողմից ռազմական յարձակման մասին լուրը:

 ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ.- Ապրիլի 2ի առաւօտեան իմացայ, որ Արցախի որոշ ճակատներում իրավիճակը լարուել է: Անմիջապէս զանգահարեցի Արցախի նախագահ Բակօ Սահակեանին: Բնականաբար, պարոն նախագահը այս դժուար կացութեան ժամանակ ղեկավարում էր դիմադրութիւնը: Ես նախագահի մօտ նկատեցի հաւատքի տոկունութիւն եւ թշնամու ներխուժումը դիմագրաւելու ամուր վճռականութիւն: Մէկ օր անց հեռախօսազրոյց ունեցայ ՀՀ նախագահի հետ՝ յայտնելով պատրաստակամութիւնս օգնելու Արցախին մեր կարելիութեան սահմաններում: Յստակ կերպով ասացի, թէ մենք Սփիւռքում պատրաստ ենք անելու հնարաւոր ամէն ինչ՝ օգտակար լինելու այս պահին:

Որոշեցի անձնապէս այցելել Արցախ, ուր երբեք չէի եղել մինչեւ այս: Հակառակ այն իրողութեանը, որ միշտ էլ Արցախի նախագահը հրաւիրում էր եւ յիշեցնում, բայց առիթ չէր լինում այցելելու համար: Ժամանակը եկաւ, եւ ես որոշեցի, որ պէտք է գնամ Արցախ: Կապ հաստատեցի Գարեգին վեհափառի հետ, եւ մենք միասին որոշեցինք գնալ եւ մեր եկեղեցու զօրակցութիւնը յայտնել Արցախի ժողովրդին, բանակին եւ պետութեանը:

 ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- Նշեցիք, որ կամքի տոկունութիւն նկատեցիք Արցախի նախագահի մօտ: Իսկ ի՞նչ տեսաք արցախահայերի շրջանում:

 ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ.- Ժողովրդի մօտ նկատեցի որոշ ապրումներ, երբեմն հակասական, տարբեր: Ժողովուրդը յուսահատ չէ, նա մնում է ամուր կանգնած իր հողին: Բայց այս կացութեան դիմաց, բնականաբար, ժողովրդի մօտ նկատեցի նաեւ մի տեսակ անորոշութիւն: Մարդիկ մտածում են՝ եթէ թշնամին այս կերպով յարձակում գործեց, ապա վաղը կարող է նոյնը կրկնել: Այս զգացումը կարող է ամէնօրեայ տագնապի վերածուել եւ ժողովրդին մղել անորոշութեան: Մենք այս կացութեան մատնուեցինք: Ինչո՞ւ մեր բարեկամ Ռուսաստանը մեզ օգտակար չեղաւ, ինչո՞ւ զինեց Ադրբեջանին եւ նոյն ձեւով չզինեց մեզ: Այս խօսակցութիւնները կային ժողովրդի բոլոր շերտերի շրջանում: Վերջապէս, մեր ժողովրդի մօտ տեսայ բանակի հանդէպ խորը յարգանք:

Բայց այս ամէնից յետոյ, կարծում եմ, երբ ալիքները հանդարտուեն, մենք պէտք է նստենք ազգովի եւ հարցադրումներ կատարենք ինքներս մեզ համար: Կեանքում ուրիշին հարցեր տալը շատ դիւրին է, մեր անձին հարց տալը՝ շատ դժուար: Ուրիշի հանդէպ պահանջկոտ լինելը շատ դիւրին է, մեր անձի հանդէպ՝ շատ դժուար: Այս պարագայում ուրիշներին պէտք է դնենք մէկ կողմ: Նախ մենք՝ Հայաստանը, Արցախը, հայութիւնը, Սփիւռքը՝ որպէս հաւաքական ուժ, պէտք է նստենք եւ մտածենք, թէ ի՛նչ է պատահել, պատահակա՞ն էր դա արդեօք, ծրագրուա՞ծ էր, ինչո՞ւ պատահեց: Միթէ մենք տեղեակ չէի՞նք, որ Ադրբեջանը նման բան է ծրագրում: Եթէ տեղեակ չէինք, ինչո՞ւ տեղեակ չէինք: Նշանակում է՝ պակաս բան ենք արել: Եթէ տեղեակ էինք, ինչո՞ւ համապատասխան կերպով չհամախմբուեցինք: Որտե՞ղ ենք թերացումներ ունեցել, որտե՞ղ ենք յաջողել: Նման հարցադրումները պէտք է անենք անկեղծ, ինքնաքննական մօտեցմամբ: Եթէ հիմա դա չանենք ու հարցին նայենք միայն զգացական մօտեցմամբ, մենք ապագայում աւելի լուրջ վտանգի առջեւ կարող ենք կանգնել: Հետեւաբար, այս հարցերի մասին անկեղծ պէտք է խօսենք:

Իմ սպասումն է, որ թէ՛ Հայաստանի եւ թէ Ղարաբաղի նախագահները ժողովրդի առջեւ հանդէս կը գան յոյս ներշնչող ուղերձով՝ բացատրելով կատարուածը: Զգացական հայրենասիրութեանը պէտք է յաջորդի իրական, գիտակցական հայրենասիրութիւնը:

 ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- Մօտ եօթ ամիս առաջ Լիբանանում կայացած մեր նախորդ զրոյցի ժամանակ դուք նշեցիք, որ մեծ սպասումներ ունէք Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից՝ զգացական հայրենասիրութիւնից գործնական փուլ անցնելու իմաստով: Այս չորսօրեայ պատերազմն արթնութեան կոչ դարձա՞ւ հայութեան համար՝ Արցախի եւ հզօր Հայաստան կառուցելու շուրջ համախմբուելու հարցում:

 ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ.- Հայաստանի կամ Արցախի հարցն ամբողջ հայութեան խնդիրն է: Սա սովորական կարգախօս չէ, ազգային իդէալին պատկանող զգացական արտայայտութիւն չէ, այլ ռազմավարական իմաստ է: Արցախը, Հայաստանը եւ Սփիւռքը սերտօրէն կապուած են միմեանց: Երբ խօսում ենք ազգային պահանջատիրութեան մասին, ես դրա հիմքը տեսնում եմ Հայաստանի հզօրացումը:

Հայաստանը մեր իրաւունքների պաշտպանն է: Մենք այդպէս էինք ասում դեռեւս Սովետական Հայաստանի պարագայում: Ազատ եւ անկախ Հայաստանը մեր ժողովրդի արդար դատի դրօշակակիրն է, պաշտպանն է, իրաւատէրն է միջազգային հարթակներում: Ուստի, Հայաստանն ինքը պէտք է զօրեղ լինի, եւ սա մեզ համար առաջնային է: Արցախը Հայաստանի պաշտպանութեան դուռն է, պարիսպն է: Հետեւաբար՝ Արցախն էլ պէտք է պահենք հզօր: Պէտք է հասկանանք, որ բարբարոսների հետ գործ ունենք, ոչ պարզապէս թշնամու, այլ ցեղասպանի հետ: Արցախի հզօրացումը կենսական է: Սփիւռքում Հայ Դատը մեր ամէնօրեայ պայքարն է, մեր ազգային գաղափարների ներուժն է, բայց մենք չենք կարող այն հետապնդել առանց հզօր Հայաստանի եւ հզօր Արցախի:

Եթէ Ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով ընդունուած Համահայկական հռչակագիրը չգործածուի իրական կեանքում, կը դառնայ թղթի կտոր: Արցախի հարցը համայն հայութեան խնդիրն է: Այս օրերի ամենագլխաւոր հարցը հայկական բանակի հզօրացումն է, եւ սա անելու համար չպէտք է միայն դիմել Սփիւռքին՝ դրամահաւաք կազմակերպելու համար: Ո՛չ: Իւրաքանչիւր հայ այս ուղղութեամբ անելիք ունի:

Փառք Աստծոյ, մեր ազգի մէջ մենք ունեւորներ ունենք, ովքեր միայն Սփիւռքի մէջ չեն: Այդ ունեւորները նախ եւ առաջ Հայաստանում են, եւ նրանք նախ եւ առաջ պէտք է ներդրում կատարեն: Սովորական հանգանակութիւններով մենք չպէտք է այս հարցերը քննարկենք:

 ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ի՞նչ դասեր պէտք է քաղեն ՀՀ իշխանութիւններն այս չորսօրեայ պատերազմից: Հիմա շատերը մեր երկրում ակնկալում եւ պահանջում են կտրուկ եւ արմատական փոփոխութիւններ թէ՛ երկրի սահմանների պաշտպանութեան, թէ՛ ներքին կեանքի բարելաւման ուղղութեամբ:

 ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ.- Այս պահից պէտք է դասեր քաղենք, ինքնաքննութեան ենթարկենք մեզ, բայց պէտք չէ այս լոյսի ներքոյ յանցաւորներ փնտռել: Եթէ յանցաւորներ կան, բոլորս էլ յանցաւոր ենք: Ձախողումներն ու յաջողութիւնները բոլորինս են: Այո՛, այն ինչ կատարուեց Արցախում, մեզ պէտք է ազգովի՝ պետութեանը, եկեղեցուն, քաղաքական կուսակցութիւններին, մտաւորականութեանը, բոլորին մղի ինքնաքննութեան: Պէտք է գեղեցիկ, երկար յայտարարութիւններից, կոչերից անցնենք անելիքներին: Եկէք համախմբուենք դրանց շուրջ եւ ձեռնամուխ լինենք Հայաստանի եւ Արցախի ինքնապաշտպանութեանը: Այստեղ կամ այնտեղ գումար հաւաքելով հարցերը չեն լուծւում: Հարցեր կան, որ պարզապէս միայն դրամով չեն լուծւում: Ահաւասիկ, Արցախը ցոյց տուեց, որ Ադրբեջանի կատարելագործուած զէնքերի դիմաց մեր տղաներն իրենց արիւնով յաղթեցին: Հետեւաբար, երբ խօսում ենք վերակազմակերպման, հզօրացման մասին, միայն դրամին չպէտք է նայենք:

Համախմբում է պէտք մեր արժէքների, հաւատքի եւ հայրենիքի շուրջ: Պէտք է հասկանանք, թէ Արցախի շուրջ այս տագնապը ի՛նչ է ասում մեզ: Պէտք է նշանները ճիշդ կարդանք: Սա պատահական բան չէր, կատարուածը լաւ ծրագրուած էր: Տողատակերում բաներ կան, որ պիտի կարդանք: Մենք չենք կարող նոյնը լինել, չենք կարող լինել այն, ինչ էինք երկու շաբաթ առաջ: Նոյնը չպիտի լինենք:

ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- Դուք կարեւոր ուղերձով եկաք Արցախ: Ի՞նչ ուղերձ էք տանելու Արցախից:

 ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ.- Իմ ուղերձի բառերը մի երգի մէջ է, որտեղ ասւում է. «Հայեր միացէ՛ք, միացէ՛ք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնութեան հասէք»: Այսօր Սփիւռքը պէտք է գիտակցի, թէ ինչ կացութեան մէջ է Արցախը եւ որ այն Սփիւռքի օժանդակութեան կարիքն ունի: Այս կարիքը միայն նիւթական չէ: Պատերազմն այսօր միայն զէնքով չի մղւում: Այն ունի իր քաղաքական, քարոզչական եւ դիւանագիտական ճակատները: Եւ այս երեք ոլորտներին յատուկ կարեւորութիւն պէտք է տանք: Տղաները հերոսաբար կռուեցին, իմ սպասումն է, որ նոյն մօտեցմամբ մեր դիւանագիտութիւնը պայքարի՝ ոչ կրաւորական, այլ յարձակողական ոգով՝ համախմբուելով մեր ազգի խնդիրների շուրջ:

 ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- Վեհափառ տէր, կորստի ամենամեծ ցաւն այս օրերին բաժին ընկաւ այն ընտանիքներին, որոնք կորցրին որդի, հայր, եղբայր, ամուսին: Ի՞նչ կ՛ասէք այդ ընտանիքներին:

 ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ.- Մենք՝ որպէս պետութիւն, եկեղեցի, ժողովուրդ, պէտք է մեր խոր գնահատանքը եւ երախտագիտութիւնը յայտնենք մեր հերոսների եւ նրանց ծնողների, ընտանիքների նկատմամբ: Հեշտ չէ զաւակ կորցնել: Անչափ գնահատելի է այն նուիրումը, որ մարդիկ պատրաստ են իրենց զաւակներին ճանապարհել Արցախը պաշտպանելու:

Բայց պէտք է զգոյշ մնանք որոշ անձնական, քարոզչական նպատակներից, երբ մարդիկ մեկնում են առաջնագիծ, զինուորական հագուստ հագնում, զէնք վերցնում ձեռքը, լուսանկարւում, տեղադրում այդ լուսանկարը համացանցում եւ իրենց «Արցախի հերոս» հռչակում: Այս երեւոյթները ես նկատեցի որոշ շրջանակներում: Զգոյշ պէտք է լինել այս երեւոյթներից: Բայց միեւնոյն ժամանակ ցանկանում եմ նշել, որ մեր զինուորների եւ նրանց ընտանիքների նկատմամբ մենք յարգանքից աւելին պէտք է ցուցաբերենք: Նախեւառաջ, պէտք է օգտակար լինենք նրանց կարիքներին՝ թէ՛ նիւթական, թէ՛ հոգեբանական: Պէտք է զօրավիգ կանգնենք նրանց:

Անտարբերութիւնը նրանց հանդէպ անթոյլատրելի է: Այստեղ անելիք ունեն բոլորը՝ եկեղեցին, պետական ու համայնքային կառոյցները:

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ