ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ «Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵՐԻՑ ԱՄԱՑ Ի ՏԱՃԱՐՆ ԸՆԾԱՅՄԱՆ» ԵՒ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԱՆՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Նոյեմբերի 21-ը տօնն է «Ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն» եւ տօնն է նաեւ համանուն եկեղեցւոյ անւանակոչութեան:

Այդ առիթով կիրակի թւականիս նոյեմբերի 20-ի առաւօտեան, Ս. Աստւածածին եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ձեռամբ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի արտօնութեամբ եւ Առաջնորդ Սրբազան Հօր հրաւէրով Թեհրան ժամանած Տ․ Վաղինակ Ծ․ վարդապետ Մելոյեանի մատուցւեց Սուրբ Եւ Անմահ Պատարագ:

Յընթացս քարոզի Հայր Սուրբը Ս․ Աստւածածնին նւիրւած տօներին անդրադառնալով ներկայացրեց Երից ամաց ընծայման տօնի խորհուրդը։

Նա իր քարոզի ընթացքում տօնի պատմականը ներկայացնելուց յետոյ յաւելեց, որ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածինը երբ Գաբրիէլ հրեշտակից լսեց աւետիսը, մի նշանաւոր խօսք ասաց․« Ահա ես Աստծու աղախինն եմ, թող Աստծու կամքը լինի»։ Հայր Սուրբը լուսաբանելով յաւելեց, որ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածինը ամբողջովին ենթարկւել էր Աստծու կամքին մերժելով իր սեփական կամքը եւ մի այլ խօսքով իր սեփական կամքը Աստծու կամքի առաջ զոհել էր։ Նա յայտնեց, որ նրա կեանքի նպատակը իր Տիրոջ կամքի կատարելն էր։

Հայր Սուրբը իր քարոզի միւս բաժնում իր խօսքը ուղղելով եկեղեցում ներկայ մայրերին եւ քոյրերին ասաց, որ այսօր Աստւածամայրը նրանց հրաւիրում է, որ նրանք իրենց սեփական կամքը Քրիստոսին ընծայեն։ Նա յաւելեց, որ հայ ժողովուրդը Սուրբ կոյսի անձի մէջ տեսել է հայ մայրը եւ հայ կնոջ մէջ Սուրբ Կոյսը տեսնել։ Նա յորդորելով հաւատացեալներին ասաց, որ այսօր ժամանակն է բոլորս միասնաբար Տիրոջ առջեւ կանգնած ասենք թող քո կամքը լինի եւ ոչ իմ կեանքը։ Նա յաւելեց, որ մենք պատրաստակամութիւն պիտի յայտնենք կատարելու Նրա կամքը։

Նա ասաց, որ Սուրբ կոյսի ծնողները իրենց մանկան ընծայաբերեցին տաճարին, յետագային Մարիամ եւ Յովսէփն եւս իրենց ծնողներին հետեւելով եւ Աստծու խօսքը կատարելու համար Յիսուս Մանուկին ընծայեցին տաճարին։
Նա նաեւ ասաց, որ Աստւածածինը հայ մայրերին կոչ է ուղղում եւ հրաւիրում, որ իրենց մանուկներին եկեղեցու ճամբան սովորեցնեն ու այսպիսով Աստծու տաճարը ընծայեն եւ նրանց մէջ քաջալերեն Աստւածասիրութիւնն ու եկեղեցասիրութիւնը եւ այսպիսով հաւատքի եւ աղօթքի կեանք ապրեն ու Աստւածաշունչի համեմատ կեանք վարեն։ Հայր Սուրբը առաւել լուսաբանելով իր խօսքը ասաց, որ տաճար ընծայումը Քրիստոսին վստահել ու յանձնւել է նշանակում, մի առաքինութիւն, որ պիտի հայ մայրը սովորեցնի իր երեխային։

Նա իր խօսքը եզրակացնելով յորդորեց հայ մայրերին, որ իրենց երեխաներին սովորեցնեն այս անապահով աշխարհին վստահեն եւ ապաւինեն Քրիստոսին: Նա յաւելեց, որ իւրաքանչիւր մայր իր մանկան փրկութեան համար Աստծու առաջ պատասխանատու է եւ պարտաւոր է իր զաւակին մասնակից դարձնել եկեղեցու աղօթական կեանքին․ քանի որ ըստ Յովհան Օձնեցի Հայրապետի մայրը տան առաջին քահանան է եւ այս խօսքով ուզում է ասել , որ ծնողների պարտականութիւնն է երեխաներին եկեղեցասիրութիւն սովորեցնեն։ Վերջում հայցելով Աստւածածնի բարեխօութեանը խնդրեց նրանց, որ նա իր քաղցրութեամբ եւ օրհնութեամբ լցնի իւրաքանչիւրիս սիրտը եւ կեանքը։

Արարողութեանը ներկայ էին, Թեմական խորհրդի անդամ Հայկազ Շիրւանեանը, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալներ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ