ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՍԱՍՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ ՀԵՏ. ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ Թ.Հ.Թ. 16-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆԻ

Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի դիւանի, շաբաթ թւականիս հոկտեմբերի 15-ի երեկոյեան կազմակերպւել էր հանդիպում, Սասուն քաղաքամասի պատգամաւորների հետ «Նայիրի» սրահում:

Հանդիպմանը, որի բացումը յայտարարեց 16-րդ շրջանի ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը, ներկաներին համապարփակ գծերով ընդհանուր տեղեկութիւններ փոխանցեց ՊԺ-ում անցեալ տարիներում քննարկւած համայնքային հիմնահարցերի մասին:

Նա նշեց, որ երբ ՊԺ-ն սկսեց իր աշխատանքը նախ մշակեց հայեցակարգ, որի հաստատումը կատարւել է սրանից 6 տարի առաջ եւ այն ներկայացւել է հերթական Թեմական խորհուրդներին, որպէսզի դա լինի գործադիր մարմնի ուղղութիւնը իրենց համայնքային աշխատանքները իրականացնելու համար: Հայեցակարգը ներառում է՝ Թեհրանի հայոց թեմի թեմապատկան կալւածների, կրթական օջախների կարգավիճակի, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի, գերեզմանատան եւ համայնքային մի շարք հիմնահարցեր: Նա նշեց. «Հայեցակարգում նախ գնահատւել է համայնքային կացութիւնը եւ կացութիւնը բարեկարգելու համար քայլերի կիրառման ինչպիսութիւնը»: Նա ապա օրինակների կարգով անդրադարձաւ հայեցակարգում նշւած մի շարք հարցերի. «Թեմին պատկանող հայաթափւած շրջաններում կան կալւածներ, որոնք պէտք է առաջնահերթաբար վաճառել եւ հասոյթը օգտագործել Թեհրանի հայոց թեմի համայնքի աշխատանքների բարելաւման համար: Հիմնական հարցերից է մեր հայոց դպրոցների որակը բարելաւելու համար քայլերի կիրառման եղանակները, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի հասութաբեր դարձնելու միջոցները, գերեզմանատան հարցերի կարգաւորումը, մի շարք անաւարտ շինարարական ազգապատկան կառոյցների աշխատանքների կատարելագործումը եւ դրանք հասութաբեր դարձնելը, ինչպէս «Զանգ» տպարանի տարածքի, Սուլթանի հողատարածքի եւ նման ազգապատկան տարածքների հարցերի կարգաւորմանը արագ թափ հաղորդելը»:

ՊԺ-ի ատենապետը միաժամանակ իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ այն բազմաթիւ խոչընդոտներին, որոնք առկայ են հարցերի արագ կարգաւորման համար, ինչպէս գերեզմանատան քարտաշների հարցը, որոշ կալւածների վաճառքի հանելու դժւարութիւնները: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ Թեհրանի հայոց թեմի կանոնագրի բարեփոխմանը, որը մշակւել է 1983 թւականին եւ մէկ անգամ վերանայւել է 2000 թւականին ու ընդգծեց, որ այն այսօր կրկին ժամանակավրէպ լինելով անհրաժեշտ է վերանայման ենթարկել: Նա ընդգծեց. «Բնականաբար հայեցակարգից բացի օրւայ թեմական խորհուրդները հոգ են տանում համայնքային բազմաթիւ առօրեայ հարցերի մասին»:

Նա իր խօսքի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի, երիտասարդների հարցերով զբաղւող ֆոնդերի աշխատանքներին: Խօսւեց Հայաստանում ժամանակին գնւած եւ հետագայում վաճառւած հողատարածքի գումարի օգտագործման եղանակների, Այիդա Եդգարեան անւամբ կտակւած գումարի եւ նմանօրինակ հարցերի մասին: ՊԺ-ի Ժոզէֆ Մեհրաբեանը զեկոյց ներկայացրեց համայնքային հսկայական ծախսերի եւ ոչ համահաւասար հասոյթների մասին, որոնց հետեւանքով հսկայ բացերի դիմաց է կանգնած ազգային իշխանութիւնը: Նա նաեւ քննադատական հայեացքով մօտեցաւ այն հարցին որ դժբախտաբար որոշ հարցերի կարգաւորման համար դանդաղկոտութիւնը աւելի է վնասում եւ անհրաժեշտ համարեց աւելի վճռական մօտեցումները եւ կարեւորեց այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ազգային ոգով տոգորւած, սրտցաւ եւ մասնագէտ անձանց ներգրաււածութիւնը, եւ միասնական աշխատանքը համայնքի իրավիճակը բարելաւելու համար:

 

Աւելի քան երկու ժամ տեւած հանդիպման աւարտին ներկաները հնչեցրեցին համայնքային հարցերին առնչւող հարցեր:

Լուրը՝ «Ալիք»-ից