ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի թւականիս յուլիսի 24-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տօնակատարւեց Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը:

Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանը:
Սուրբ եւ անմահ պատարագին սպասարկում էր Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:
Արարողութեանը ներկայ էր Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի անդրադառնալով օրւայ խորհրդին յայտնեց.- «Պայծառակերպութեան տօնին ընթերցւող աւետարանական հատւածները կապւած են Յիսուս Քրիստոսի անձի հետ եւ մեզ առաջնորդում է մտածելու հիմնական ճշմարտութիւնների մասին, որոնք անժամանցելի են եկեղեցու կեանքի մէջ եւ սերտօրէն առնչւած են պայծառակերպութեան տօնի հետ: Նա յաւելեց՝ պայծառակերպութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ Քրիստոսի աստւածային էութեան մի անգամ եւս յայտնաբերումը Իր առաքեալներին եւ ընդհանրապէս Իր հետեւորդներին»:

Նա տօնի խորհուրդը լուսաբանելով ասաց.- «Որ Քրիստոսը որպէս լոյս յայտնւեց հեթանոսներին եւ այդ լոյսը առաջնորդեց ոչ միայն առաքեալներին այլ ամբողջ շրջապատը: Քրիստոսի պայծառակերպութեան խորհուրդը իր մէջ պարունակում է Նրան հետեւելու պայմանները՝ ուրանալ անձը, խաչը վերցնել եւ հետեւել Նրան»:

Սրբազան Հայրը բացատրելով թէ ի՞նչ է նշանակում անձը ուրանալ ասաց, որ անձն ուրանալը մեր ներքին ես-ի ուրացումն է, մի ես որ ասես թէ մի աստւած է, որ գործում է մեր մէջ: Եսը ուրանանալը այդքան էլ դիւրին չէ:

Սրբազան Հայրն ապա անդրադարձաւ տօնի մեր ժողովրդի կեանքի մէջ ունեցած դերակատարութեան մասին: Նա ասաց.- «Եթէ երբեք պայծառակերպութեան տօնը բացայայտում է Քրիստոսը որպէս աշխարհը լուսաւորող գերագոյն լոյս, ուրեմն այս տօնը մեզ համար լոյսի աղբիւր է: Աղբիւր որից ըմպելով ու լոյս ստանալով բերկրանքի ենք արժանանում: Անցնող հազարաւոր տարիների ընթացքին, մեր հայրերը այդ լոյսով լուսաւորւած պայծառակերպւեցին եւ այդպիսով կարողացան յաղթահարել ամէն տեսակ դժւարութիւն եւ նեղութիւն»: Նա յաւելեց, Քրիստոսի պայծառակերպութեան տօնը՝ տօնն է ոգիի պայծառակերպութեան: Սրբազան Հայրն իր խօսքը շարունակելով կոչ արեց հաւատացեալներին, որ պայծառակերպեն իրենց հոգիները Քրիստոսի աստւածային լոյսով, որպէսզի պայծառակերպութեան տօնը մեր կեանքում իմաստաւորւի:

Սրբազան Հայրն իր քարոզի միւս բաժնում լոյսի գաղափարի մասին բացատրելով ասաց, լոյսը պայծառացնում է մարդու կեանքն ու միտքը, լոյս՝ որի ներքոյ մեր հայրերը ապրեցին, գործեցին եւ ստեղծագործեցին, եւ մենք այսօր կոչւած ենք արտասահմանեան իրականութեան մէջ այդ լոյսով առաջնորդւելու:

Նա իր խօսքում մի անգամ եւս կոչ անելով, հաւատացեալներին հրաւիրեց առաքեալների նման Յիսուսին դաւանեն որպէս Փրկիչ եւ Մեսիա:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ