«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ» «ՍԱԱԴ ԱԲԱԴ» ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական աւելի քան 25 պատմական տարազների ցուցահանդէսը, որոնք ներկայացնում են թէ՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թէ՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները:

Մայիսի 19-ի առաւօտեան բացումը կատարւեց ցուցահանդէսի, որը նախաձեռնութիւնն է «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի եւ «Թագաւորական զգեստների թանգարանի»:

Բացման հանդիսութեանը «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը իր գնահատանքի խօսքը ուղղեց՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդին, Թեհրանի «Հայ կին» միութեանը, որի ջանքների շնորհիւ տասնամեակներ հաւաքագրւել ու պահպանւել են հայկական պատմական տարազները եւ տարիներ է ինչ գտնւում են «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանում: Նա նաեւ գնահատանքով անդրադարձաւ բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիւ կազմակերպւել է ցուցահանդէսը, ինչպէս՝ Կարինէ Մանուչերեանին՝ ցուցահանդէսը դասաւորելու համար:

Միջոցառմանը Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը իր գնահատանքի խօսքը ուղղեց «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տնօրինութեանը իր ջանքերի համար, նաեւ գնահատեց «Հայ կին» միութեանը: Նա կարեւորեց նման վայրերում հայկական մշակոյթը ներկայացնող նմանօրինակ ցուցահանդէսների կազմակերպումը, այն համարելով խաղաղ գոյակցութեան եւ բարի կամքի դրսեւորման ակնյայտ օրինակը: Ցուցահանդէսի բացման հանդիսութեանը ներկայ էին երկու արւեստագէտներ՝ Օֆիկ Նազարեանն ու Մարօ Զովելեանը, որոնց ձեռքի աշխատանքները եւս ցուցադրութեան էին դրւած:

Ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, ազգային իշխանութեան ներկայացուցիչները, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ.Մ. «Սիփան» միութեան վարչութիւնների անդամներ եւ միութենականներ, համալսարանի դասախօս եւ Իրանի նորաձեւութեան ասպարէզում աշխատող առաջինը համարւող՝ դոկտ. Էդնա Զէյնալեանը: Ցուցահանդէսը իր աշխատանքը շարունակելու է մինչեւ մայիսի 26-ը, առաւօտեան ժամը 9-ից մինչեւ երեկոյեան ժամը 18-ը:

Ուրախութեամբ նաեւ տեղեկացանք, որ Թանգարանների միջազգային օրւայ առիթով կազմակերպւած միջոցառման ընթացքում, «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանը ԻԿՕՄ-ի կողմից առաջին տեղն է գրաւել թանգարանների մէջ, վերջին մէկ տարւայ ընթացքում իր դրսեւորած անվերապահ համագործակցութիւնների կապակցութեամբ:

ԼՈՒՐԸ՝ ԱԼԻՔԻՑ