ՄԵՌԵԼՈՑԻ ԱՌԻԹՈՎ ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՅՈՑ ԶՈՅԳ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ

Երկուշաբթի ապիլի 18-ին, մեռելոցի օրը Սուրբ եւ Անմահ Պատարագ Մատուցւեց Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում նախագահութեամբ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի ու ձեռամբ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, իսկ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ Մատուռում նախագահութեամբ Գերշ. Տ.Մակար Ս. Եպս. Աշգարեանի եւ ձեռամբ Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն հայ ազգի բոլոր հին ու նոր ննջեցեալների, ինչպէս նաեւ արցախեան եռեակ պատերազմների նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Սրբազան Հայրը յաւարտ հոգեհանգստեան արարողութեան, յընթացս քարոզի անդրադառնալով օրւայ խորհրդին, ասաց, որ հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներին յաջորդող օրերը եկեղեցու հայրերի կողմից տնօրինւել են որպէս յիշատակ ննջեցելոց եւ այդ օրը յատուկ պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում հանգուցեալների հոգիների հանգստեան համար:Սրբազան Հայրը այս տնօրինումը իմաստալից համարելով ասաց՝ երբ մենք ուրախութեամբ տօնում ենք մեր տաղաւար տօները, գալիս ենք ամրացնելու եւ վերակենդանացնելու մեր հաւատքը: Նա յաւելեց որ մենք որպէս հաւատացեալներ գիտակից ենք այն իրողութեան, որ կեանքում կայ մահ կոչւած իրականութիւնը,որուն Քրիստոսը իր մահով յաղթեց ու նւաճեց ու Իր յարութեամբ մեզ կեանք պարգեւեց, եւ երբ մենք գալիս ենք մեր ննջեցեալների շիրիմների առջեւ խոնարհւելու եւ աղօթք մատուցանելու, հաւատում ենք, որ նրանք երկնքից նայում են մեզ եւ աղօթում են մեզ համար:

Ապա անդրադառնալով եկեղեցու մասերին, յաւելեց մեռելոցը այն օրն է, որ զինւորեալ եկեղեցին (մենք) աղօթում ենք յաղթական Անդրանկաց եկեղեցու այսինքն այն հաւատացեալների համար, որոնք իրենց բարի պատերազմը պատերազմել, հաւատքի ընթացքը աւարտել եւ երկնային արքայութեան բնակիչեն դարձել։
Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Սրբազան Հայրն այցելեց, Թեհրան-Երեւան աւիավթարի զոհերի եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների շիրիմներին եւ աղօթեց նրանց հոգիների խաղաղութեան համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ