Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Շաբաթ՝ սոյն թւականի Ապրիլի 2-ին, Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապ տօնն էր. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այդ իսկ առիթով, նոյն օրը նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ձեռամբ Արժ․ Տ. Մեսրոպ քհնյ․ Ռատթէոսեանի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: Կրօնական արարողութեանը ներկայ էին քահանայից դասը, Ի.Ի. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շավերդեանը եւ հաւատացեալ ժողովուրդ։

Սրբազան Հայրն իր խօսքի սկզբում փառք ու գոհութիւն յայտնեց Աստծուն, որ կրկին անգամ շնորհեց միասնաբար տօնելու այս առիթը։

Ապա անդրադառնալով օրւայ աւետարանական հատւածին` ուր Քրիստոսն իրեն հետեւելու նախապայմանը սեփական անձն ուրանալ եւ խաչը վերցնել է բնորոշում ասաց, որ մենք բոլորս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները դառնալու համար պիտի դադարենք եսասէր լինելուց եւ յաւելեց թէեւ դժւար է անձն ուրանալը, բայց աստւածահաճ կեանքով ու Աստծու պատւիրանները կատարելով դիւրացւում է անձն ուրանալու եւ խաչը վերցնելու պատւիրանը։ Նա ասաց, որ Խաչի կեանքը սիրոյ եւ նւիրումի կեանք է. խաչը վերցնել` նշանակում է Քրիստոսին անձի մէջ ընդունել ու զոհողութեան եւ նւիրումով լեցուն կեանք ապրել։ Երբ Քրիստոսի խաչի խորհրդով լցւում ես հեշտացնում է Քրիստոսին հետեւելը։ Առաջնորդ Սրբազան Հայրն իր խօսքը շարունակելով վկայակոչեց մեր եկեղեցու հայրերին, որոնք աստւածային լոյսով լուսաւորւած իրենց ամբողջ կեանքը կարողացան իրենց եսը մոռանալով Քրիստոսին կրել իրենց սրտում։ Ապա անդրադառնալով օրւայ տօնի խորհրդին յաւելեց, որ մեր հաւատքի հայր` Ս. Գրիգոր Լուսաւորիչն իր անձն ուրանալով, ըստ շարականագրի ու Պօղոս առաքեալի խօսքի իր մարմնում լրացրեց Քրիստոսի չարչարանքների պակասը չարչարանք եւ նեղութիւն, որ նա սիրով կրեց եւ երբեք չտկարացաւ իր հաւատքի մէջ։

Ապա Սրբազան Հայրն եզրակացնելով ասաց, որ մեր ժողովուրդը եւս իր վրայ վերցնելով Քրիստոսի խաչը կրեց բազում չարչարանքներ։

Ահա երբ մենք մեր հաւատքի հօր տօնն ենք ոգեկոչում մեզ մնում է մեր հաւատքը վերանորոգենք։ Վերջում դիմելով Սուրբ Գրիգոր Լուսաւորչի բարեխօսութեանը հայցեց Աստծուց, որ մեր հաւատքն ու ժողովուրդն ու հայրենիքը անսասան պահի։

Յետ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերարների՝ Գրիգոր Մելիքեանի եւ իր ծնողաց ու նորոգ հանգուցեալ Ռաֆֆի Տ. Պետրոսեանի եւ Արմէն Հախնազարեանի հոգիների հանգստեան համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ