Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ՍՈՒՐԲ ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՒԱԾԱԾԻՆԸ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՅԵԼԻ» ԹԵՄԱՅՈՎ ԿՈՆԳՐԵՍ

Հինգշաբթի թւականիս դեկտեմբեր 23-ի առաւօտեան ժամը 9-ին, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Սրբ. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ. Տ. Գրիգորիս Քահանայ Ներսէսեանի եւ Արժ. Տ. Սարգիս Քահանայ Խոսրովեանի իր մասնակցութիւնը բերեց Ներքին գործոց նախարարութեան եւ Իսլամական քարոզչութեան նախաձեռնութեամբ կազակերպւած կանանց միջազգային չորրորդ կոնգրեսին՝ «Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածինը արդարութեան հայելի» թեմայով:

Միջոցառմանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, նոյն Խորհրդի անդամ Արմէն Նազարեանը, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ հայոց դպրոցների ծնողական խորհրդների եւ ուսուցչական կազմերից նաեւ նահատակների եւ անձուրացների ընտանիքներից ներկայացուցիչներ: Ներկայ էին նաեւ ասորի հոգեւոր եւ աշխարհիկ ծերակոյտի ներկայացուցիչները:

Յետ Ղուրանի եւ Աւետարանի ընթերցման՝ իսլամական յեղափոխութեան հանրապետութեան հիմնով սկսւեց ծրագիրը: Սրբազան Հայրը քրիստոնէական ջերմ սիրով ողջունեց բոլոր ներկաներին եւ միաստւածեան կրօնների բոլոր ներկայացուցիչներին շնորհաւորեց մօտալուտ նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, մաղթելով որ յառաջիկայ 2022 տարին լինի խաղաղութեան, առաւել սիրոյ եւ երջանկութեան տարի ամբողջ աշխարհի եւ յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ մեր տարածաշրջանի համար, ներառեալ Հայաստանն ու Արցախը։

Ապա շարունակելով իր խօսքը անդրադարձաւ քրիստոնէական ընդհանրապէս հայ եկեղեցում Աստւածամօր տեղի ու դերի մասին: Նա իր խօսքում ակնարկեց, որ Աստւածամայրը անսահման սիրոյ եւ յարգանքի է արժանացած Քրիստոսի Ծննդեան օրւանից մինչեւ այսօր, անձ որ քրիստոնէական եկեղեցում բացառիկ եւ անգերազանցելի անձնաւորութիւն է այլեւ սրբերի թագուհի։

Սրբազան հայրը եկեղեցու սուրբ հայրերի խօսքերի եւ Նրա պատւին հիւսւած շարականների եւ գանձերի ու տաղերի ընդմիջից բնութագրեց Աստւածամօրը: Նաեւ ակնարկելով Աւետարանական հատւածներին անդրադառնալով նրա իւրայատուկ անձնաւորութեան՝ նրան սեպեց տիպար մայր եւ խոնարհ ծնող եւ աղախին իր Միածին Որդու եւ Տիրոջ Յիսուս Քրիստոսի:

Սրբազան Հայրը Սուրբ Կոյսին նւիրւած տօները մէջբերելուց յետոյ, ակնարկեց այն ճշմարտութեան որ, Աստւածամայրը եղաւ տիպար մայր, աւելին մայրերի մայր, որ հաւատքով, սիրով ու յոյսով զօրացած հետեւեց իր Որդու իւրաքանչիւր քայլին, իր հետ ուրախացաւ, իր հետ տառապեց, խաչելութեան պահին ինքն էլ հոգեպէս խաչւեց եւ սակայն երբէք իր հաւատքի մէջ չթուլացաւ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Լուսանկարիչներ՝ Ժուաննա և Ժենիա Աւետեաններ

ԱՍՏՒԱԾԱՄՕՐ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԷՋ

Քրիստոնէական ջերմ սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ սիրելի ներկաներ՝ միաստւածեան կրօնների հետեւորդներ եւ մօտալուտ նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով շնորհաւորում եմ ձեզ եւ ողջ Իրանի մեր քոյրերն ու եղբայրները, մաղթելով որ յառաջիկայ 2022 տարին լինի խաղաղութեան, առաւել սիրոյ եւ երջանկութեան մի տարի ամբողջ աշխարհի եւ յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ մեր տարածաշրջանի համար, ներառեալ Հայաստանն ու Արցախը։

Այսօր հաւաքւած ենք այստեղ մեր Փրկչի մօտալուտ ծննդեան տօնի առիթով միասնաբար խորհելու Քրիստոսի մօր՝ Աստւածամօր տեղի ու դերի մասին քրիստոնէական եկեղեցում ընդհանրապէս եւ հայ եկեղեցում մասնաւորապէս։

Աստւածամայրը անսահման սիրոյ եւ յարգանքի է արժանացած Քրիստոսի Ծննդեան օրւանից մինչեւ այսօր։ Նա քրիստոնէական եկեղեցում բացառիկ եւ անգերազանցելի անձնաւորութիւն է այլեւ սրբերի թագուհի։ Մեր եկեղեցական հայրերը ամենագեղեցիկ շարականներն, գանձերն ու տաղերը ձօնած են Աստւածամօր։
Աստւածամայրը մեր շարականների մէջ կոչւած է Արդարութեան Արեգակ եւ իր բացառիկ ու առաքինի նկարագրի համար սիրւած եւ յարգւած է, բայց ամենից կարեւորը իր Քրիստոսի մայր լինելն է եւ իբրեւ այդպիսին Աւետարանների մէջ յատուկ տեղ է գրաւում Աստւածամայրը, որ իբրեւ կիների մէջ ամենաօրհնեալ արժանանում է Աստծու հրեշտակի այցելութեան որ գալիս ու աւետում է իրեն Տիրոջ իր հետ լինելու իրողութիւնը «Ուրախ եղիր, բերկրեալդ, Տէրը քեզ հետ է»։ Շնորհալի կոյսը մի պահ մտածում է թէ ինչ է սա, նոյն վայրկեանին հրեշտակը ասում է.«Մի վախենայ Մարիամ, որովհետեւ դու արժանացար Աստծու շնորհքին։ Ահա կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես»։
Մարիամն ասաց հրեշտակին.
- Ինչպէ՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ։
Հրեշտակը պատասխանեց.
- Սուրբ Հոգին կը գայ եւ Բարձրեալի զօրութիւնը կը հանգչի քեզ վրայ, որովհետեւ քեզանից ծնւելիք զաւակը սուրբ է եւ Աստծու Որդի պիտի կոչւի։ Ահա քո ազգական Եղիսաբէթն էլ չնայած որ ծեր եւ ամուլ էր, այս վեցերոցդ ամիսն է, ինչ յղի է, իմացիր որ Աստծու համար անկարելի բան չկայ։
- Ես Աստծու աղախինն եմ, թող քո ասածը լինի. պատասխանում է Մարիամը։ (Ղկ. 1։26-38)
Աւետարանը ասում է, որ նոյն օրերին Մարիամը այցելութեան գնաց Զաքարիային եւ Եղիսաբէթին, որը բարեկամ էր Մարիամին։ Երբ Մարիամը տնից ներս մտաւ եւ ողջունեց։ Եղիսաբէթը այդ ողջոյնը լսելուն պէս երեխան շարժւեց որովայնում եւ Եղիսաբէթը Ս. Հոգու ներշնչումով ասաց.
- Օրհնեալ ես դու կանանց մէջ եւ օրհնեալ է այն զաւակը, որ կրում ես քո որովայնում. ինչպիսի երջանկութիւն, որ իմ Տիրոջ մայրն այցելում է ինձ, որովհետեւ երբ քո ողջոյնը լսեցի, երեխան ուրախութեամբ շարժւեց իմ որովայնում. երանի՜ քեզ, որ հաւատացիր, որովհետեւ Աստծու կողմից քեզ ասածները պիտի կատարւեն եւ Մարիամը արտասանեցին իր օրհներգութիւնն, որ խոնարհութեան, հաւատքի եւ արդարութեան զօրաւոր պատւանդանն է։
«Կը գովերգեմ Տիրոջը.
ահա հոգիս ցնծում է
Աստծով՝ իմ փրկիչով,
որովհետեւ նա տեսաւ
հեզութիւնն իր աղախնի։
Այսուհետեւ սերունդները բոլոր
երանի են տալու ինձ,
քանզի հզօր Աստւածն ինձ համար
մեծամեծ գործեր արեց.
սուրբ է անունը նրա։
Բոլոր ժամանակներում
ողորմութեամբ է նայում նա
աստւածավախ մարդկանց վրայ։
Նա զօրութիւն ցոյց տւեց իր բազկով,
ոչնչացրեց հպարտներին
իրենց բոլոր խորհուրդներով։
Քրիստոնէական եկեղեցու ամենագեղեցիկ ու ներշնչող հոգեւոր երգերից է, որ գալիս է պատմութեան խորքից։
Մեր եկեղեցին տարւայ ընթացքին եօթը առիթներով տօնում է յիշատակը Ս. Աստւածամօր, այսպէս իր յղիութիւնը(Դեկտեմբեր 9-ին)։ Աստւածամօր ծնողներն են Յովակիմն ու Աննան, որոնք աստւածավախ, բարեպաշտ ու աղօթասէր էին։ Աստւած լսեց նրանց աղօթքը եւ իր հրեշտակին ղրկեց, որպէսզի յայտնէր Յովակիմին եւ Աննային թէ շուտով Աննան յղիանալու է եւ մի զաւակ է ունենալու։ Երկրորդ տօնը՝ Ծնունդ Ս. Աստւածածնին է (8 Սեպտեմբեր), որի Մարիամ անունն են տալիս։ Եկեղեցու հայրերը սա պէս նկարագրում են Մարիամին.-
«Ահարկուն հրեշտակներին եւ սարսափը դեւերի.
Մեծութիւն կանանց ազգի եւ պարծանք բոլոր հոգեղէնների.
Կեանքի մայրը եւ Աստծու ծնողը
Ուստի խոնարհւենք նրա առջեւ մենք՝ մեղաւոր որդիներս,
Աղաչենք նրան ամբողջ սրտով եւ ասենք.
Աստծու Բանի մաքուր տաճար.
Սուրբ Աստւածածին Մարիա՛մ, բարեխօսի՛ր համայն աշխարհի համար որդոյդ մօտ, տալ երկրին խաղաղութիւն, մարդկանց առողջութիւն, ննջեցելոց արքայութիւն, գերիներին ազատութիւն։

Ով Աստւածամայր քեզմով երկնքից երեւաց արդարութիւնը։
Երրորդ տօնը իր երեք տարեկանին տաճար ընծայման տօնն է (նոյեմբեր 21)։ Երեք տարեկան Մարիամին ծնողները նրան մեծամեծ նւէրներով տաճար տարան եւ Աստծուն ընծայեցին։ Այստեղ նա, կրթւեց եւ ասւում է, որ Աստւածամայրը եօթնարփիան շնորհաց հոգւոյն արժանացաւ, եօթը առաքինութիւններով զարդարւեց։

Չորրորդ տօնը Աստւածամօր երկինք վերափոխման տօնն է, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են Օգոստոսի 15-ին։ Մեր եկեղեցին էլ այն տօնում է Օգոստոսի 15-ին, բայց երբ այս թւականը կիրակիին չէ համընկնում, այն տօնում ենք Օգոստոսի 15-ին ամենամօտիկ կիրակիին։

Աւանդութիւնը պատմում է, որ Աստւածամայրը մինչեւ իր երկրաւոր կեանքի վերջը ապրել է առաքեալների հետ միասին։ Աստւածամայրը իր մահից առաջ ձեռք առնելով մի տախտակ, խաչակնքում է նրա վրայ եւ դնում դէմքին, թրջում է այն արցունքներով եւ Աստծուց խնդրում, որ նրանով բժշկւեն բոլոր տեսակի ցաւերը։ Նոյն պահին սրբուհու վրայ մի լուսեղէն կամար է կազմւում եւ լսւում է մի ձայն որ ասում էր.«Ուզածիդ պէս է լինելու, մայր իմ»։ Այնուհետ Աստւածամայրը առաքեալներին է տալիս իր կենդանագիր պատկերը, որի վրայ նկարւած էր իր դէմքը եւ ապա Աստւածամայրը իր հոգին աւանդում է իր միածին Որդու ձեռքը։

Աստւածամօր ընկերուհիները պատանքով ծածկում են մարմինը եւ դագաղի մէջ են դնում։ Առաքեալները ուսամբարձ տանում եւ թաղում են Գեթսեմանիի ձորում յատուկ պատրաստւած տեղում։ Երեք օր շարունակ առաւօտեան ժամերին գերեզմանին այցելում եւ երկար ժամանակ մնում էին այնտեղ եւ հրեշտակների փառաբանութեան երգեր էին լսում։ Երեք օրից յետոյ չորրորդ օրւայ առաւօտեան անմարմին զօրքերի մի բանակ իջաւ երկնքից՝ մեր Տէր Քրիստոսն, որ լուսափայլ ամպով կանգ առաւ Սուրբ կոյսի գերեզմանի վերեւում եւ կնքւած գերեզմանից, առանց տապանը խախտելու հրեշտակներն ամպի վրայ իր Միածին Որդու մօր, վերցրին Սուրբ կոյսի աստւածընկալ մարմինը։

Առաքեալներից Բարթողիմէոսը չէր հասել Աստւածամօր ննջման։ Չորրորդ օրւայ առաւօտեան երբ միւս առաքեալները աղօթում էին գերեզմանի վրայ, վրայ հասաւ Բարթողիմէոսը եւ իմանալով Աստւածամօր ննջման մասին, ողբում ու լաց է լինում եւ խնդրում է, որ գերեզմանն ու դագաղը բանան, որպէսզի տեսնի Աստւածամօր երեսը։ Առաքեալները թոյլատրեցին եւ սակայն ի զարմանս ներկաների դագաղում Աստւածամօր մարմինը չգտան։ Նոյն պահին վերեւից մի ձայն լսւեց, որ ասում էր.«Նրա մարմնի համար մի շփոթւէք, որովհետեւ իր Արարիչն ու Որդին այն երկինք փոխադրեց, իսկ նրա փայտէ պատկերը Բարթողիմէոսին տւէք, որպէսզի նրանով մխիթարւի եւ տանի այն երկիրը, ուր պիտի քարոզելու գնայ»։

Այս գլխաւոր տօների կողքին կան նաեւ Աստւածամօր պատկանող իրեղէնների յիշատակները, որոնց տօները մեր հայրերը մատնանշած են առաջին՝ Գիւտ Տփոյ Սուրբ Աստւածածնի Տօնը եւ երկրորդ՝ Գիւտ Գօտւոյ տօնը։
Ինչպէս երեւում է Աստւածամայրը եղաւ տիպարը մայր, աւելին մայրերի մայր, որ հաւատքով, սիրով ու յոյսով զօրացած հետեւեց իր Որդու իւրաքանչիւր քայլին, իր հետ ուրախացաւ, իր հետ տառապեց, խաչելութեան պահին ինքն էլ հոգեպէս խաչւեց եւ սակայն երբէք իր հաւատքի մէջ չթուլացաւ։

Աստւածամայրը իբրեւ լոյսի ու արդար արեգակի մայր նկարագրւած է իբրեւ սափոր երկնային առաքինութիւններ բովանդակող, իբրեւ լուսաւոր ամպ, որ անընդմէջ լուսաւորում է կեանքը հաւատացեալների, այսինքն եկեղեցու եւ որի անձից ճառագայթում են հաւատքը, յոյսն ու սէրը, աստւածային երեք առաքինութիւններ, որոնք եկեղեցու աւազանից եկեղեցու բոլոր հաւատացեալներին շնորհւում են իբրեւ երկնային գերագոյն պարգեւ։ Աստւածամայրը իր հաւատքով Աստուծոյ վստահութիւնը շահեցաւ, եւ դարձաւ խոստովանիչ մայրը Քրիստոսի, նոյն ձեւով նա դարձաւ խորհրդանիշը, կենդանի ապրեցնողը յոյսին եւ ի վերջոյ ան եղաւ սիրող մայր թէ իր զաւկին եւ թէ հոգեւոր զաւակներին։ Աւելին Աստւածամայրը եղաւ սիրոյ խորհրդանիշ, սիրոյ վերնատուն , սիրոյ դրախտ։

Իր այս առաքինութիւններով զարդարւած Աստւածամայրը եղաւ կապն ու կամուրջը երկրի եւ երկնքի, այլ խօսքով կենդանի բարեխօսը մարդկութեան առ Քրիստոս իր միածին որդուն. Ան Եւայի պատճառած մեղքի անէծքը վերածւեց օրհնաբեր արդարութեան, դրա համար մեր շարականագիր վարդապետը ասում է.«Օրհնաբանիչ Տիրուհի, Եւային երկունքին լուծիչ եւ կեանքի մայր»«Անէծքի վերացուցիչ եւ մեղքերի քաւիչ Սուրբ Կոյս»«Դուն մարդկային սեռի անթառամ ծաղիկը եւ մեր բնութեան նախածնողի օրհնութեան շառաւիղը»,«Դրախտի բոյրը մեզի կրկին բերող գերահրաշ ծաղիկը»։

Այո՛, այսպիսին եղաւ Աստւածամայրը եւ հենց դրա համար իր հանդէպ մեր ունեցած սէրն ու յարգանքը անսահման է, դրա համար է, որ բազմահարիւր եկեղեցիներ իր անունով են օծւած եւ հենց դրա համար է, որ մեր եկեղեցիների խորանների կենտրոնում կայ իր նկարը որպէս յուշարար բոլորիս իր կեանքի օրինակով ապրելու համար։
Վստահաբար իսլամութեան մէջ էլ Աստւածամայրը յատուկ տեղ եւ դեր ունի։ Ես սրանից մօտաւորապէս քառասուն տարիներ առաջ իսլամութեան մասին մի յօդւածաշարք գրեցի եւ օրին Ազդակ օրաթերթում տպւեց, այդ շարքին մէջ մի յօդւած էլ կար «Մարիամ Աստւածածինը Ղուրանում եւ իսլամական հատիսում-աւանդութիւնում» վերնագրով։
Աստւածամօր կերպարը նաեւ կամուրջ է կրօնների միջեւ յարաբերութեան ամրապնդման եւ երկխօսութեան անկրկնելի երեւոյթին։

Ահա թէ ինչու համար մեծապէս գովելի է այս ձեռնարկը կազմակերպողների գործը եւ որի համար նրանց փոխանցում ենք մեր սէրը, գնահատանքն ու օրհնութիւնը։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 17 Մայիսի 2022;
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.32‐48։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18.1‐11։ Ա Յովհաննէս 2.7‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37‐8.11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.13‐21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.1‐16։

Չորեքշաբթի 18 Մայիսի 2022;
ԼԲ օր Յինանց Ղկ 12.49‐13.9։ Գրծ 18.12‐28։ Ա Յհ 2.18‐23։ Յհ 8.12‐20։ Մտ 14.22‐36։ Մր 7.17‐30։

Հինգշաբթի 19 Մայիսի 2022;
ԼԳ օր Յինանց Ղկ 13.10‐21։ Գրծ 19.1‐20։ Ա Յհ 2.24‐25։ Յհ 8.21‐30։ Մտ 15.1‐20։ Մր 7.31‐37։

Ուրբաթ 20 Մայիսի 2022;
ԼԴ օր Յինանց Ղկ 13.22‐35։ Գրծ 19.21‐40։ Ա Յհ 2.26‐28։ Յհ 8.31‐59։ Մտ 15.21‐28։ Մր 8.1‐9։

Շաբաթ 21 Մայիսի 2022;
ԼԵ օր Յինանց Ղկ. 14.1-24։ Գրծ. 20.1-16։ Ա. Յհ. 2.28-3.1։ Յհ. 9.1-38։ Մտ. 15.29-16.12։ Մր. 8.10-26։

Կիրակի 22 Մայիսի 2022;
Զ կիր Յինանց Ղկ. 14.25-15.32։ Գրծ. 20.17-38։ Ա. Յհ. 3.2-6։ Յհ. 9.39-10.10։ Մտ. 16.13-17.13։ Մր. 8.27-9.12։

Երկուշաբթի 23 Մայիսի 2022;
ԼԷ օր Յինանց Ղկ 16.1‐31։ Գրծ 21.1‐14։ Ա Յհ 3.7‐10։ Յհ 10.11‐21։ Մտ 17.14‐20։ Մր 9.13‐28։

Երեքշաբթի 24 Մայիսի 2022;
Գշ. ԼԸ օր Յինանց ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ