ԱՄՓՈՓ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԿԱԶՄԵՐԻ ԳՈՒՄԱՐՒԱԾ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԵՐԻՆ

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով, երեքշաբթի եւ չորեքշաբթի թւականիս դեկտեմբերի 14 եւ 15-ին, ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի եւ ներկայութեամբ Թեմական խորհրդի անդամների գումարւեցին 16-րդ Պատգամաւորական ժողովի դեկտեմբերի 4-ի նիստում հաստատւած Ազգային մարմինների Անդրանիկ նիստերը, որի ընթացքում կատարւեցին դիւանի ընտրութիւնները եւ փոխանցւեցին ապագայ գործունէութեան ուղեցոյցերը, որոնք կարելի է ամփոփել ըստ հետեւեալի՝

Կալւածային մարմնի աշխատանքներն ներկայ տնտեսական ճգնաժամում դիտարկելով, որպէս Կառոյցիս զարկերակ, Մարմնի հետ հանդիպման ժամանակ ընդգծւեց թեմապատկան կալւածներին առնչւող ծրագրերի իրականացման եւ արդիւնքի հասնելու նաեւ Թեմիս Շրջաններում առկայ կալւածների աշխատանքներին վերահասու լինելու անհրաժեշտութիւնը:

Շինարարական մարմնի հետ կայացած հանդիպման ընթացքին, անդրադառնալով եկեղեցիների, դպրոցների եւ թեմապատկան կալւածների շինութիւնների շինարարական աշխատանքներին վերահասու լինելու Մարմնի պարտականութեան, կարեւորւել է նաեւ նորոգման եւ պահպանման համակարգ ունենալու պարագան, որն ինքնին ազդու կը լինի մեծածախս շինարարական աշխատանքների կանխմանը:

Բարեսիրական աշխատանքներն ընթանում են Կարիքաւորներին օժանդակող մարմնի միջոցով, որն ընդմիշտ Թեմակալ Առաջնորդի եւ Թեմական խորհրդի հովանաւորութիւնն ունենալով եւ նաեւ բարերարների օժանդակութեամբ, համայնքիս տասնեակ կարիքաւոր ընտանիքներին եւ խնամակալ չունեցող անհատներին նաեւ «Սահակեան» բարեսիրական կենտրոնի շէնքում բնակութիւն հաստատեցրած անձանց նեցուկ է հանդիսացել՝ կանոնաւոր կերպով յատկացւել են ամսական նպաստներ, բնակարանի վարձի կանխավճարի նպաստներ, «Ա.Աւետիսեան» բուժարանի հետ համադրելով զեղչով բժշկական սպասարկութիւններ եւ հնարաւորութեան պարագային հոգացել են անակնկալ ծանր հիւանդութիւնների բուժման ծախսերի եւ վիրահատութիւնների ծախսերի որոշ տոկոսը նաեւ Թեմական եւ Կրթական խորհուրդների հետ համադրաբար ուսումնավճարների զեղչեր են ապահովել նիւթական դժւար պայմաններ ունեցող աշակերտութեան համար, որոնք շարունակւելու են նաեւ այս շրջանում: Նախորդ շրջանում համավարակի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամային պայմանների բերումով, վերանորոգւեց «Սահակեան» բարեսիրական կենտրոնի երկրորդ եւ երրորդ յարկաբաժինները, որոնք այս շրջանում փուլ առ փուլ կօգտագործւեն:

Ուսանողական ֆոնդի մարմինն ըստ իր առաքելութեան եւ ուսման կարեւորութիւնից ելնելով, նպաստում է նիւթական համեստ պայմաններ ունեցող ընտանիքների ուսանողներին, որոնց թիւը ներկայիս կազմում է 39 հոգի, որոնցից 35-ը ուսանում են գերդիպլոմ եւ լիսանս իսկ 4-ը գերլիսանս մակարդակում: Հանդիպման ընթացքին Մարմնի ապագայ գործունէութեան համար մատնանշւեց քարոզչական աշխատանքների ընդլայնմանը, նաեւ առաջարկւեց այն, որ հնարաւոր է աշխատանք ծաւալել՝ խրախուսելու ուսանողներին մասնակցել ազգային աշխատանքներին և հետազօտութիւններին, որոնք արտացոլում են Համայնքիս պատմութիւնը:

Այսօր վիրտուալ աշխարհը եւ սոցցանցերը համարւում են հաղորդակցման, քարոզչական եւ տեղեկատւական հիմնական միջոցները իսկ միեւնոյն ժամանակ շատ կարեւոր է ճշգրիտ եւ հաւաստի տեղեկատւութիւնների տրամադրումը, որոնք կարող են մեծ դերակատարութիւն ունենալ փոխյարաբերութեան եւ փոխադարձ վստահութեան զարգացման գործում: Կառոյցիս դրւածքում, այս յոյժ կարեւոր առաքելութիւնը վստահւած է Յարաբերական մարմնին, որի նորընտիր կազմի հետ հանդիպման ժամանակ յանձնարարւեց, այն աւելի ակտիւացնել եւ զարգացնել:

Նշելի է, որ «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի եւ Դատական խորհրդի նորընտիր կազմերի Անդրանիկ նիստերը գումարւելու են յառաջիկայ կիրակի թւականիս դեկտեմբերի 19-ին իսկ հայոց զոյգ գերեզմանատների վարչութեան եւ Կրթական խորհրդի կազմերը համալրւած եւ հաստատւած չլինելու պատճառով, կը գումարւեն յառաջիկայում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ