ՀՐԱԺԵՇՏ ԵՒ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ԹՈՒՆԵԱՆ-ԹՈՎՄԱՍԵԱՆ» ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ԵՒ ՆՈՐ ՏԵՍՉՈՒՀԻՆԵՐԻՆ

Հինգշաբթի թւականիս նոյեմբերի 4-ին, «Թունեան-Թովմասեան» դպրոցի փոխտեսչի եւ ծնողական խորհրդի հրաւէրով, Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըկճեանը եւ նոյն խորհրդի անդամներ՝ Մարլէն Աշուղեանը եւ Խաչատուր Խաչատրեանը այցելեցին դպրոց հրաժեշտ տալու վաստակաշատ տեսչուհի՝ տկն. Սաթօ Խաչատրեանին, որը շուրջ 34 երկար տարիներ իր ներդրումն է ունեցել հարազատ դպրոցում:

Նա իր ծաւալած ջանադիր աշխատանքի շնորհիւ բազմիցս գնահատւել է Կրթադաստիարակչական տարբեր կենտրոնների, Կրթական խորհրդի, ծնողների եւ աշակերտութեան կողմից: Երկար տարիներ դպրոցում աշխատելով՝ տկն Սաթօն իր կեանքը նւիրել է սերունդների դաստիարակութեանն ու ջանք չի խնայել նրանց կրթութեան, բազմակողմանի զարգացման օրինակելի ու լաւ մարդ դառնալու ուղղութեամբ:

Այս ուսումնական տարեշրջանում Թեհրանի ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 8-րդ շրջանի կողմից ներկայացւել է դպրոցի նոր տեսչուհին՝ օրդ. Արսինէ Խաչատրեանը, որը դպրոցում աշխատում էր, որպէս փոխտեսչուհի:
Կրթական խորհուրդը գեղեցիկ ծաղկեփնջերով, իր շնորհակալական եւ բարեմաղթանքի խօսքը յղեց տեսչուհիներին, արժեւորելով տկն. Սաթոյի երկար տարիների անմնացորդ վաստակն ու նւիրումը, իսկ նոր տեսչուհուն ցանկացան օգտաշատ աշխատանք եւ արդիւնաւէտ համագործակցութիւն:

Այս փոքրիկ միջոցառմանը ներկայ էին նաեւ դպրոցի փոխտեսչուհի՝ Արսինէ Բոնիադեանը եւ ծնողական խորհրդի անդամները, նրանք համեստ հիւրասիրութեամբ եւս իրենց մաղթանքներն ու բարի ցանկութիւնները յղեցին տեսչուհիներին:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ