ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՒԻՐՒԱԾ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՕՆԻՆ, ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՒ ԴՊՐՈՒԹԵԱՆ ՕՐՒԱՆ

Դարերի ընթացքում մեծ թւով ազգեր դադարեցին գոյութիւն ունենալ, որովհետեւ չունէին իրենց ուրոյն լեզուն եւ գիրը:

Սուրբ Թարգմանչաց տoն՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց, «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անւան ներքոյ տօնւում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա աւագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշէի, Մովսէս Խորենացու, Դաւիթ Անյաղթի, ինչպէս նաեւ Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Շնորհալու յիշատակը։

Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ միամեայ դադարից յետոյ, չորեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 20-ին, «Թունեան» տարրական դպրոցի շրջափակում մեծ հանդիսաւորութեամբ նշւեց Հայ ժողովրդի եւ Հայ եկեղեցու պատմութեան մէջ մեծ կարեւորութիւն եւ արժէք ներկայացնող Թարգմանչաց եւ Դպրութեան տօնը, որի ընթացքում մեծարւեցին եւ պարգեւատրւեցին 2019-2020 եւ 2020-2021 ուսումնական տարեշրջաններում հանգստի կոչւած՝ թւով 14 ուսուցիչ-ուհիներ:

Ձեռնարկին ներկայ էին Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում՝ Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ Նոյն խորհրդի անդամներ՝ պրն. Աշոտ Սինանեանը, տկն. Անի Միրզախանեանը եւ պրն. Հայրիկ Աղանեանը, նաեւ հայոց դպրոցների տեսուչներ, փոխտեսուչներ, ուսուցիչներ եւ հիւրեր:

Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառումը Կրթական խորհրդի կողմից ամէն տարի նշւում էր մեծ հանդիսաւորութեամբ եւ բազմութեամբ, սակայն երկրում տիրող համաճարակի պատճառով այս տարի նշւեց սակաւաթիւ շրջանակով:

Միջոցառման հաղորդավարն էր Նարինէ Ղարիբեանը, որը ներկայացնում էր Մշակութային յանձնախմբի խօսքը. միամեայ ընդմիջումից յետոյ հնարաւորութիւն ընձեռնւեց սեղմ շրջանակով տօնելու Ս. Թարգմանչաց տօնը, Հայ Մշակոյթի տօնը, Հայոց տառերի գիւտի տօնը, որը դարեր հային հայ պահեց, երաշխաւորեց հայ ժողովրդի գոյութիւնն ու յարատեւութիւնը:

Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհուրդը, ամէն տարւայ նման այս տարի եւս, Սրբ. Թարգմանչաց կամ Հայ Մշակոյթի տօնի առիթով կազմակերպել է այս միջոցառումը, որի ընթացքում գնահատւեցին եւ մեծարւեցին 2019-2020 եւ 2020-2021 ուսումնական տարեշրջաններում հանգստի կոչւած ուսուցիչ-ուսուցչուհիները:

Միջոցառումն սկսւեց Տէրունական աղօթքով՝ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած հայոց դպրոցների աշակերտներից կազմւած «Նոր ձայներ» երգչախմբի ձայնագրութեամբ՝ ղեկավարութեամբ՝ Արփի Սիմրոջեանի:
Կրթական խորհրդի երկամեայ աշխատանքային գործունէութիւնը ներկայացւեց ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի կողմից:

Նա ողջունելով ներկաներին անդրադարձաւ օրւայ խորհրդին, նշելով, որ. «Մարդկային հասարակութեան ձեւաւորման սկզբից սկսած՝ հայ ժողովուրդը բարձր է գնահատել կրթութեան, դաստիարակութեան դէրը եւ դրան վերաբերւել մեծագոյն պատասխանատւութեամբ: Այդ է պատճառը, որ այսօր էլ մեր ազգը համարւում է մտաւոր բարձր կարողութիւններով օժտւած ժողովուրդ:

Մենք էլ մեր հերթին մէկ անգամ եւս գալիս ենք փաստելու, որ հենց կրթութիւնն է եղել հայ ժողովրդի ինքնութեան, պետականութեան պահպանման կարեւոր գրաւականը եւ որ այն եղել է, կայ եւ կը լինի մեր երկրի, մեր ազգի, ապագայ սերունդների զարգացման կարեւորագոյն հենասիւներից մէկը»:

Նա համառօտ անդրադարձաւ Կրթական խորհրդի կատարած աշխատանքներին, ուսումնասիրութիւններին, LMS համակարգի գործադրմանը, դպրոցների վերադասաւորման գործընթացին եւ խորհրդի ապագայ անելիքներին:

Նա սրտի խոր ցաւով նշեց, որ այս տարի չարաբաստիկ հիւանդութիւնները մեզանից խլեցին սիրելիներ՝ Սրբազան Մեղրիկ Բարիքեանին, Տէր Կոմիտաս աւագ քահանայ Ղարախանեանին, մշակութային գործիչ, ուսուցիչ Ալմինին, վաստակաւոր ազգային-հասարակական եւ կրթական գործիչ Նորայր Էլսայեանին, վաստակաշատ ու սիրւած ուսուցչուհի օրիորդ Արմինէ Մինային եւ տակաւին շատ երիտասարդ մեր յարգարժան գործընկերոջը՝ Ռոդրիկ Մանգասրեանին: Նշեց, որ իրենց վաստակն ու յիշատակը յաւերժ կը մնայ բոլորիս յուշերում:

Կարճ տեսաֆիլմով ներկայացւեց խորհրդի կատարած երկամեայ ընդհանուր աշխատանքները:

Ծրագրի գեղարւեստական բաժինն ամբողջութեամբ գործադրւեց դպրոցական աշակերտների միջոցով, որոնք ընտրւել էին Մշակութային յանձնախմբի կողմից:

Ասմունքներով հանդէս եկան՝ Անդրէ Պողոսեանը, Անամարիա Եղիայեանը, Թրէյսի Նաւասարդեանը եւ Սելին Իսայեանը:

Իր երախտագիտական խօսքով հանդէս եկաւ հանգստի կոչւած` «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի տեսչուհի՝ Այրինա Նորաւեանը: Վաստակաշատ տեսչուհին նախ շնորհաւորեց Հայ մշակոյթի ծառաներին, յատկապէս՝ հոգեւոր եւ ազգային առաջնորդներին ու գործակիցներին, ելոյթի ընթացքում ընդգեց, որ սփիւռքահայ ուսուցիչների աշխատանքը այնքան է կարեւորւել որ նրանց մեծ պատիւ է ընծայւել ու իրենց է նւիրւել Հայ մշակույթի եւ Թարգմանչաց տօները։ Նա նշեց, որ դա մեծ պատիւ ու պատասխանատւութիւն է ուսուցիչների համար եւ դրա կաեւորութիւնը պիտի միշտ յիշւի նրանց կողմից: Նա ուսուցչին որպէս ուժ եւ ներշնչանք տւող խօսքեր ակնարկեց Մեծն Կոմիտաս Վարդապետի խօսքերը:

-Ուսուցիչ պարոններ ու քոյրեր,
Զգուշութեամբ ու երկիւղածութեամբ մօտեցէք Դաստիարակութեան գործին.
Խիստ փափուկ պաշտօն մըն է ձերը.
Դաստիարակելու կոչուած էք սերունդ մը, որ ապագայ ազգն է.
Սխալ ուղղութեամբ ազգ մը կխորտակէք վերջը։

Վերջում իր շնորհակալական խօսքն ուղղեց Գերաշնորհ Սրբազան Հօր, Թեմական եւ Կրթական խորհուրդներին, Հաշւէքննիչ մարմնին, հոգաբարձուներին Ծնողական խոհուրդներին եւ իր գործակիցներին:

Թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների եւ Իսլամական խորհրդարանում՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի ձեռամբ գնահատագրերը յանձնւեցին հանգստի կոչւած ուսուցիչ-ուհիներ՝

  • Այրինա Նորաւեանին
  • Ժասմէն Մինասեանին
  • Քաթրին Քեշիշեանին
  • Արսինէ Յովհաննիսեանին
  • Անետ Մուշկամբարեանին
  • Ռուբինա Շահումեանին
  • Սաթօ Խաչատրեանին
  • Մարգարիտ Խաչատրեանին
  • Հայրիկ Աղանեանին
  • Աղաւնի Մինասեանին
  • Հերմինէ Նազարբէգեանին
  • Լիդա Ասաւիրդեանին
  • Անետ Կարապետեանին
  • Առլետ Դիլանեանին

Oրւայ պատգամը յղեց Սրբազան Հայրը. «Աստծոյ տւած արժէքներից ամենակարեւորը Հայրենիքն է, այնուհետեւ՝ լեզուն: Աստւած մեզ տւեց հող, որպէսզի այդ հողի վրայ մենք ապրենք ու ստեղծագործենք, այնուհետեւ օժտեց լեզւով, եւ իր խոնարհ աշակերտը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը այդ լեզուն ձեւաւորեց, կերպաւորեց եւ անունը դրեց «Հայոց լեզու»: Անցել է հազարաւոր տարիներ, լեզուն բանաւորից վերածւեց գրաւորի, եւ այդ բանաւոր ու գրաւոր լեզւով մեր կեանքը արժեւորւեց եւ իմաստաւորւեց: Մշակոյթն իր բազմազան դրսեւորումներով յաւիտենական արժէք է, եւ այդ արժէքներով իր կենաքը իմաստաւորողը վստահաբար կը կարողանայ անսայթաք կերպով քայլել դէպի յաւերժութիւն»:

Սրբազան հայրը եզրափակիչ խօսքում իր գնահատանքը յայտնեց Կրթականի խորհրդին, մասնաւորապէս ասելով, որ այս երկու տարների ընթացքում Թեմական խորհրդի հետ համագործակցաբար կարողացել են կարելին եւ անկարելին անել անբնական միջոցներով եւ անբնական պայմանների նեքոյ դաստիարակել մեր երեխաներին, նրանց տալ անհրաժեշտ ուսում ու կրթութիւն:

Գնահատանքի խօսք ուղղեց նաեւ ուսուցիչներին, որոնք աշխատում են կրթական ոլորտում եւ հաստատութիւններում, յատկապէս շնորհաւորեց հանգստի կոչւող ուսուցիչներին, որոնք արժանացան Կրթական խորհրդի կողմից գանահատագրերի՝ իրենց տարիների եւ վաստակաշատ աշխատանքի դիմաց:

Կրթական խորհուրդն իր շնորհակալութիւններն է յայտնում Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի անդամներին՝ Անահիտ Գրիգորեանին, Բեսի Յովհաննիսեանին, Արմինէ Ազոյեանին, Արմինէ Գրիգորեանին, եւ այն բոլոր անհատներին, ովքեր իրենց աջակցութիւնն են ցուցաբերել հայոց դպրոցի նւիրեալների համար կազմակերպւած Հայ մշակոյթի օրւայ ձեռնարկին:

Ձեռնարկն աւարտւեց Կրթական խորհրդի Նոր ձայներ երգչախմբի «Ւմ ուսուցիչ» երգի կատարումով, որի խմբավարն է՝ տկն. Արփի Սիմրոջեանը:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ