ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ` ԱԼՖՐԷԴ ՇԱՀՄԻՐԵԱՆԻՆ

Չգիտեմ ինչպէս սկսեմ …։
Գրասենեակում նստած, գրասեղանիս առաջ կարծում եմ, որ հիմա ներս ես մտնելու եւ ասես.«Սրբազան մի բան ուզում էք»։ Իզուր եմ դուռին նայում, միայն քո ստւերն եմ տեսնում եւ յանկարծ ժպտում եմ եւ դէմքդ ուրւագծւում է մի պահ. հեռաձայնի զանգը սթափեցնում է ինձ… սառն ու դառն իրականութիւն… Ալֆրէդը չկայ։ Չկայ իր պայծառ ու խնդումերես դիմագծով, իր քաղցր ժպիտով ու ծառայելու պատրաստակամ ոգիով։ Չկայ իր հաճելի ու դիւրահաղորդ ներկայութեամբ։


Քսաներկու տարւայ իմ առաջնորդական կեանքում Ալֆրէդը մնայուն ներկայութիւն էր առաջնորդարանում, տնում, այցելութիւններիս ընթացքին, տարբեր շրջաններին տւած հովւական այցելութիւններիս ընթացքին։

Բարի էր, ծառայասէր ու հաւատարիմ։ Բոլորի հետ ընկեր էր, մեծին թէ փոքրին եւ դրա համար բոլորն էլ սիրում ու յարգում էին իրեն։ Որպէս պաշտօնեայ պարտաճանաչ էր ու գաղտնապահ։

Իւրայատուկ սիրով կապւած էր Անթիլիասից եկող միաբաններին, ամէն ինչ անում էր, որ ուրախացնէր ու գոհացնէր նրանց. «Ինչ լաւ վարդապետներ են» ասում էր ամէն անգամ երբ գալիս ու գնում էին. մեր միաբաններն էլ կապւած էին իրեն փոխադարձ սիրով եւ յարգանքով։

Քաղցրալեզու ու հաճոյակատար անձնաւորութիւն էր Ալֆրէդը, որ իր ընկերոջ, իր նմանին եւ ընդհանրապէս ամենին ծառայելու, օգտակար լինելու պատրաստակամ էր. փոքրին հետ փոքր էր, մեծին հետ՝ մեծ։

Նկարագրային իր բարեմասնութիւնները արտայայտութիւնն են իր հաւատքին եւ սիրոյն։ Հաւատացեալ էր ու եկեղեցասէր։ Յաճախ Ս. պատարագին ներկայ էր լինում եւ Ս. Հաղորդութիւն էր ստանում։

Այո՛, Ալֆրէդը ամէն տեղ էր եւ ամենուն հետ էր. ցաւակից էր տառապեալին, վշտակից էր վշտահար հոգիներին եւ խնդակից էր ուրախացողների հետ։

Մարդը ծնւում, աշխարհ գալիս մերկ վիճակում եւ մերկ մեկնում այս աշխարհից։ Ծննդեան եւ մահւան արանքում երկարաձգւող ժամանակահատւածն արժեւորւում ու իմաստաւորւում է մարդու գործով եւ աշխատանքով։ Ալֆրէդը իր ապրած կեանքով կարողացաւ նւաճել այդ ժամանակահատւածը եւ գրաւել իր շրջապատի սէրն ու համակրանքը։

Վստահաբար Ալֆրէդը դեռ շատ երկար կենդանի է մնալու ոչ միայն իր հարազատների այլեւ բոլոր նրանց մէջ ովքեր ճանաչեցին ու յարաբերւեցին իր հետ իբրեւ հաւատաւոր ու հաւատարիմ ընկեր։ Երեւի որեւէ մէկից աւելի ես ճանաչեցի ու փոխադարձ սիրով ու հաւատարմութեամբ միմեանց վայելեցինք։

Այո՛, սիրելի Ալֆրէդ, դեռ շատ երկար մնալու ես իմ յիշողութեանս մէջ… խաղաղ ու հանգիստ հանգչի՛ր Ալֆրէդ ջան։

Թող այս քանի մը տողերը մխիթարութիւն լինեն քո տիկնոջ՝ Կարինէին, դստրիկիդ՝ Թենիին, ծնողքիդ, եղբայրներիդ եւ բոլոր քեզ սիրողներին։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

2 Հոկտեմբեր 2021
Թեհրան