ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՒԱՅ ՇԵՄԻՆ

Շաբաթ՝ թւականիս սեպտեմբերի 18-ին, Ազգային առաջնորդարանի շրջափակում, Կրթական խորհրդի հրաւէրով, Սրբազան Հօր առաջարկով կազմակերպւեց հանդիպում Թեհրանի հայոց դպրոցների ուսուցիչների հետ:
Հանդիպմանը ներկայ էին Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը և Թեմական խորհրդում Կ.Խ.-ի կապ՝ Աշոտ Սինանեանը:

Հանդիպումը սկսւեց Տէրունական աղօթքով, այնուհետև Խորհրդիս ատենապետ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանը խորհրդի անունից ողջոյնի և շնորհակալական խօսքեր յղեց ներկաներին, նշելով որ այս կարևոր և անմիջական հանդիպումը, նոր ուսումնական տարւան ընդառաջ կազմակերպւել է Սրբազան Հօր առաջարկով և պատգամով: Նա իր երախտագիտութիւնը յայտնեց անցած ուսումնական տարեշրջանում, արտակարգ իրավիճակում ուսուցիչների կատարած աշխատանքների, առցանց դասաւանդումների համար: Յաւելեց նաև, որ այս ուս. տարում ևս հայերէն առարկաների դասաւանդումը կը իրականացւի LMS հարթակում:

Իր խօսքով հանդէս եկավ Թ.Խ.-ի ատենապետ՝ Նորայր Արամեանը, նա նոյնպէս ողջունելով ներկաներին նշեց, որ համավարակի պատճառով մարդկային առկայ յարաբերութիւններն համարեայ թէ գոյութիւն չունեն, այդ էր պատճառը, որ անհրաժեշտութիւն առաջացաւ կազմակերպելու հանդիպումներ ուսուցիչների, փոխտեսուչների և համայնքի այլ միաւորների հետ: Հանդիպման նպատակն է, նախ և առաջ ուսուցիչներից տեղեկանալ նրանց դժւարութիւնների, մտահոգութիւնների մասին և լսել առցանց դասաւանդման հետ կապւած հարցերը: Նա մէկ առ մէկ շնորհակալութիւն յայտնեց բոլոր ուսուցիչներից, շեշտելով, որ այս իրավիճակում Կրթական խորհրդի հետ միասնաբար յաղթահարել են բազմաթիւ խոչընդոտներ:

Առաջիկայ ուսումնական շրջանում ևս կան յաղթահարելու բազմաթիւ մարտահրաւէրներ, քանի դեռ աշակերտների հետ առկայ շփումը դեռ մնում է ապագայի հարց:

Սրբազան Հայրը կարևորելով այս հանդիպումը մեծապէս գնահատեց ուսուցիչ-ուհիների աշխատանքը, որը իրենց սիրոյ եւ հաւատքի արտայայտութիւնն է աշակերտութեան եւ իրենց առաքելութեան նկատմամբ: Նա դիմելով ուսուցիչներին ասաց. «Որպէս մեր մեծ ընտանիքի՝ համայնքի նոր սերնդի դաստիարակութեան պատասխանատուներ, կողք կողքի կանգնենք և միասնաբար Աստծուն փառք տալով սկսենք դաստիրակչական, անչափ պատասխանատու առաքելութիւնը: Նա ընդգծեց, որ կասկած չկայ, եթէ մի գործ Աստծոյ գոհութեամբ և աղօթքով է սկսւում անպայմանօրէն իր աստւածահաճ բնոյթով պտղաբեր ու օգտաբեր է լիում»:

Սրբազան հայրը անդրադարձաւ անցեալ երկու տարիների ընթացքում աշխատանքների մէջ, առաջացած դժւարութիւններին և տագնապներին, նա նշեց, որ տակաւին դժբախտաբար յոյսի կամ լոյսի նշոյլ հորիզոնում չի երևում, ոչ միայն այստեղ այլ նաև ամենուրէք: Անորոշութիւն է, որն էլ ստիպում է ինչպէս ամէն անհատ, այնպէս էլ բոլորս մեր պայմանների ներածի չափով դասաւորենք մեր անելիքներն ու գործերը:

Սրբազան հայրը ներկայացրեց նոր կազմւած Կրօն առարկայի դասագրքերը, որոնք փոփոխութեան են ենթարկւել, թէ տեսքով, թէ ձևով և դարձել են աւելի գունաւոր ու գրաւիչ, նա յոյս յայտնեց, որ այս նոր դասագրքերը կը գոհացնեն, թէ՛ աշակերտներին, և թէ՛ ծնողներին:

Ուսուցիչները ևս իրենց հերթին արտայայտւեցին խնդիրեների եւ դժւարութիւնների մասին, կարևորելով դժւարութիւնների միասնաբար լուծելու անհրաժեշտութիւնը:
Հանդիպումն անցաւ հաճելի մթնոլորտում, իսկ վերջում հիւրերի համար նախատեսւել էր համեստ հիւրասիրութիւն:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ