ԻՄԱՄ ԽՈՄԷՅՆԻՆ ԿԵՆԴԱՆԻ Է ՈՒ ՄՆԱԼՈՒ Է ԻԲՐԵՒ ԱՅԴՊԻՍԻՆ

 

Այս տարի լրանում է Իրանի Իսլամական յեղափոխութան Հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 33-րդ տարելիցը։

Հանգուցեալ Իմամ Խոմէյնին, որպէս խոնարհ, խոհեմ ու ժողովրդամէտ հոգեւորական, իր պարզութեամբ ու անայլայլ եւ անվրդով վերաբերմունքով տիրեց Իրանի ազնիւ ժողովրդի սրտին։ Որպէս արթուն հոգեւոր առաջնորդ ժամանակի քաղաքական վարչակարգի կողմից Իրանցի ժողովրդի արժանապատւութիւնն ու իրաւունքն ոտնահարող օտարերկրացիներին յատկացւած կապիտոլացիայի օրէնքի դէմ բողոքով ու իր յայտնի Ճառով «Ողբամ քեզ իրանի ժողովուրդ» սկզբնաւորեց իր արդար պայքարը․ կոչ՝ որ իրանի արդարամիտ ժողովրդի կողմից ընդունելութիւն գտնելով բոցավառեց իսլամական յեղափոխութեան շարժումը: Շատեր փորձեցին մարել այս շարժումը, բայց ոչ ուժը եւ ոչ բանտն ու աքսորը չկարողացան յաղթահարել նրան, եւ ի վերջոյ Իմամ խոմէյնիի վառւած բոցը բոցավառեց ամբողջ Իրանը ու փլուզեց հին վարչակարգի խարխլւած հիմքերը։

Հանգուցեալ Իմամ Խումէյնին յաղթեց, քանի որ նա ժողովրդամէտ էր ու նրա յենակէտը, իր սեփական ժողովուրդն էր։ Նա յաղթահարեց ժամանակի վարչակարգին ու նրան արժէքներին, որովհետեւ նրա գաղափարական աշխարհը հիմնւած էր կրօնական ճշմարտութիւնների եւ մարդկային ու բարոյական անժամանցելի արժէքների վրայ։

Իրանը միակ երկիրն է, որ Իմամի առաջնորդութեամբ, բոլոր փոքրամասնութիւնները երկրի սահմանադրական օրէնքի համաձայն պետական հովանաւորութեամբ իրենք իրենց ազատ քաղաքացիներ զգացին եւ իբրեւ այդպիսին վայելեցին ու վայելում են քաղաքացիական իրենց իրաւունքները, գործընթաց, որ հաւատարմօրէն շարունակւեց իրաւայաջորդ տեղակալի՝ Այաթօլլահ Խամէնէի միջոցով։ Նրա գլխաւոր նշանաբանն էր․ «Մեր բոլորի կրօնը միաստւածութիւնն է, մենք մի ժողովուրդ ենք ու Իրանը մեր բոլորի հայրենիքն է։» Աւետարանաբոյր այս խօսքը համահունչ է Տէրունի այն խօսքին, որ ասում է․ «Մարդիկ քոյր ու եղբայրներ են ու Աստւած բոլորի Երկնաւոր Հայրն է»։
Այս իրողութեան գեղեցկագոյն փաստը՝ Յեղափոխութեան եւ ութամեայ պատերազմի ընթացքին Իրանի ժողովրդի տարբեր խաւերի կողմից հայրենիքի հանդէպ ցուցաբերած զոհաբորութիւնն ու հաւատարմութիւնն էր։

Հանգուցեալ Իմամի կեանքի ուղին շարունակում է այսօր Իսլամական Յեղափոխութեան իմաստուն, քաջարի առաջնորդ Այաթուլլահ Ալի Խամէնէին, որ իր խոհական իմաստութեամբ, ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ ունեցած իր անվերապահ յանձնառութեամբ եւ անմնացորդ սիրով ղեկավարում է Իրանի Իսլամական Հանրապետութիւնը։ Ուստի այսօր մեզ է մնում կենդանի պահել նրա յիշատակը եւ վառ պահել նրա ջահը․ Աւետարանական խօսքերով միայն խօսքով չսիրենք հանգուցեալ առաջնորդը, այլ գործով եւ ճշմարտութեամբ։

Յաւիտենական յիշատակն արդարոյ՝ օրհնութեամբ եղիցի։

Սեպուհ Արք․Սարգսեան
Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեհրան Թեմի
1 Յունիս 2021