Ազգային առաջնորդարանի պատւիրարկութեան այցը՝ Քաղխորհրդի կենտրոն

Երեքշաբթի՝ թւականիս յունւարի 19-ին ԻԻ Քաղխորհրդի հրաւէրով կենտրոնի ժողովասրահում գումարւեց խորհրդակցական հանդիպում, Դուլաբի գերեզմանատնում քաղաքապետարանի կողմից գործադրւած աշխատանքներից զեկոյց ներկայացնելու նպատակով:

Ազգային առաջնորդարանի կողմից իրենց մասնակցութիւնը բերեցին՝ ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, նոյն խորհրդի անդամ եւ զոյգ գերեզմանատների վարչութեան հետ կապ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը եւ նախկին շրջանի Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը:

Հարկ է նշել հանդիպումը նախագահել է Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ եւ քաղխորհրդի մշակութային յանձնաժողովի նախագահ՝ դոկտ. Մոհամադ Ջաւադ Հաղշնասը: Հանդիպման նաեւ ներկայ էին՝ Թեհրանի Բեհեշթ Զահրա կազմակերպութեան տնօրէն՝ դոկտ. Սայիդ Խալը, Բեհեշտ Զահրայի շինարարութեան պատասխանատու՝ Ճրտգ․ Ֆաթեմին, Թեհրանի նահանգային խորհրդի նախագահ եւ Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ՝ դոկտ. Էլհամ Ֆախարին, Թեհրանի քաղաքապետարանի քաղաքային ծառայութիւնների և կենսոլորտի պահպանման տեղակալ՝ ճրտգ. Մոջթաբա Եազդանին, Թեհրանի Քաղաքապետարանի վերանորոգման կազմակերպութեան տնօրէն՝ դոկտ. Քաւէ Հաջի Ալի Աքբարին, Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Քամբիզ Մոսթաֆա Փուրը եւ քաղխորհրդի մշակութային յանձնաժողովի եւ քաղաքապետարանի մի շարք պատասխանատուներ:

Հանդիպման սկզբում ճրտպ. Արամեանը իր եւ միւս ներկաների կողմից, Դուլաբի գերեզմանատան բարեկարգման եւ բարեզարդման տարած աշխատանքների համար, իր երախտագիտութիւնը յայտնեց: Այնուհետեւ Քաղաքապետարանի ներկայացուցիչները Դուլաբ գերազմանատնի աշխատանքներից զեկոյց ներկայացրեցին, ապա կառոյցիս ներկայացուցիչներին առիթ ընձեռնելով, լսեցին համայնքիս կողմից արծարծւած մտահոգութիւնները եւ յոյս յայտնեցին համատեղ համագործակցութեամբ եւ նկատի առնելով կառոյցիս առաջարկներն ու գերեզմանատան աւանդական ձեւի պահպանման հրամայականը, իր ցանկալի աւարտին կը հասնի նախագիծը:

Նիստին կրկին անգամ Ազգային Իշխանութեան կողմից շեշտւեց Դուլաբի՝ ազգային սեփականութիւն լինելու հարցը վերյիշեցնելով, որ տարածքի լիակատար հսկողութիւնը եւ տնօրինումը վերապահւած է Ազգային առաջնորդարանին, որը բազմիցս հաստատւել է քաղխորհրդի եւ քաղաքապետարանի պատասխանատունների կողմից:

Պարոնայք Հաղշենասն ու Խալը կարեւրորելով Դուլաբի գերեզմանատները, դրանք մշակութային, քաղաքային եւ ազգային գանձարան համարեցին։

Բանակցութիւնների ընթացքին նաեւ խօսւեց մօտակայ հրապարակի վերանւանման վերաբերեալ եւ քննարկւեց աւտոկանգառի ապահովման հարցը: Նշելի է, որ Դուլաբի գերեզմանատներին կից «35 Մետրի Քերման» պողոտան սալապատւելու է: Հանիպումը կայացաւ մտերմիկ եւ ջերմ մթնոլորտում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ