ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՂՕԹՔ՝ ՎԱՍՆ ՍԻՐՈՅ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ

Սիրելի եւ թանկագին հաւատակից քոյրեր եւ եղբայրներ,

2021 նոր տարւայ այս առաջին պահերին, քրիստոնէական ջերմ սիրով ու անկեղծագոյն բարեմաղթութիւններով ողջունում եմ ձեզ սիրելի հաւատակից քոյրեր եւ եղբայրներ, որտեղ որ կաք ցանկանալով միաժամանակ բոլոր աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լի տարի։

Անցեալ 2020 տարին աշխարհը ցնցեց իր տհաճ, մարդակուլ եւ անկանխատեսելի դէպքերով ու չարաբաստիկ պատահարներով։
Ամբողջ աշխարհը իրմով զբաղեցնող պսակաձեւ ժահրը – քորոնա վարակը ոչ միայն հարիւր հազարաւորների մահւան պատճառ է եղել եւ, միաժամանակ, մարդկութիւնը մի պահ անորոշ ապագայի առաջ է դրել, այլ կարծէք մարդ արարածը պարբերաբար ուղեղային ցնցումների է ենթարկել, առաւել դժւարացնելով կեանքը տագնապահար մարդուն, մարդկութեան։

Պատահական չէ, որ աշխարհով մէկ լսւում են յուսահատութեան, վախի ու անորոշութեան բացագանչութիւններ, աշխարհի ղեկավարների մտահոգութիւններ եւ գլխապտոյտ պատճառող հակասական յայտարարութիւններ։

Աւելի քան տաս ամիս է ինչ աշխարհը հարւածող այս ժահր համաճարակը դամոկլեան սուրի նման կախւած է մարդկութեան գլխավերեւ։
Ամիսներէ ի վեր զանազան դեղագործական տարրալուծարաններ աշխատում են ոգի ի բռին, որպէսզի կարողանան ապահով փորձարկումների փուլը թեւակոխեն եւ բարի Աւետիս փոխանցեն մարդկութեան։

Անցեալ 2020 թւականի տօնական օրերը՝ Ծաղկազարդ, Աւագ Շաբաթ, Ս. Յարութեան տօն, Համբարձում, Հոգեգալուստը, Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը եւ այլ ազգային ու եկեղեցական տօները պահանջւած պատրաստւածութեամբ չկատարւեցին դժբախտաբար։ Այս օրերին մամուլի, լսատեսողա-զանգւածային հաղորդումները աղօտ յոյս են ներշնչում։ Երկրների ղեկավարներ կամաւոր փորձարկումների են ենթարկւում. բժշկական գիտաղբիւրներն ու տարրալուծարանները փորձում են առաւելագոյն արագութեամբ աւետել աշխարհին այս չարորակ հիւանդութեան պատւաստի գիւտը, սակայն միւս կողմից էլ Եւրոպան եւ աշխարհը ընդհանրապէս նոր յարձակումների է ենթարկւում, որի արդիւնքում այս օրերին, պետութիւնները կրկին անգամ խիստ սահմանափակումների են գնում։

Այստեղ եւս մեր պետական այրերն ու համավարակի շտաբի պատասխանատուները օր աւուր հետեւում են այս համաճարակի ընթացքին եւ ըստ այնմ կողմնորոշւում եւ կատարում անհրաժեշտ թելադրութիւններ։

Աւելի մասնաւորելով մեր խօսքը ասենք, որ մեր գաղութը եւս անմասն չմնաց այս վարակի յարձակումներից. մինչ օրս ունեցել ենք 65-ից աւել ննջեցեալներ-զոհեր։ Միջին Արեւելքի մեր հայկական գաղութները եւս անմասն չմնացին այս ահաւոր աղէտից եւ ունեցել են նկատառելի թւով զոհեր։

Համաճարակի կողքին ողջ մեր ժողովուրդը դիմագրաւեց, նոր իմն համաճարակ վարակ, արտայայտւած Էրդողան-Ալիեւ երկեակ սադայէլատիպ անձնաւորութիւններով։
27 սեպտեմբեր 2020-ին այս վերջին չարորակ Էրդողան-Ալիեւ վարակը աննախընթաց յարձակում գործեց Արցախի մեր խաղաղ ու շինարար ժողովրդի վրայ եւ 44 օրերի վրայ երկարաձգւած քանդիչ ու աւերիչ պատերազմը աւարտւեց եռակողմ խայտառակ, ամօթալի եւ յանձնատւական հրադադար-համաձայնագրի ստորագրութեամբ, որով Արցախի հանրապետութեան մեծ մասը անցաւ թշնամու ձեռքը, պատճառ դառնալով հազարաւոր քաղաքացիների տնազրկման եւ հազարաւոր հայրենիքի պաշտպան զինւորների նահատակութեան, եւ մի մասին էլ անյետ կորուստի կամ գերութեան մէջ յայտնւելուն։

Արդարեւ, տօնական այս օրերին, ազգովին սուգի մէջ ենք. մեր պատմական հողերի կորուստը, անտուն մնացած հազարաւոր հայորդիների տխուր հայեացքները, հազարաւոր նահատակների արեան կանչը, որդեկորոյս մայրերի արցունքախառն նայւածքները, հարիւրաւոր վիրաւորների թախծոտ նայւածքը մեզ լալու չափ յուզում են, առանց սակայն յուսահատութեան, յուսախաբութեան մատնելու։ Յիշենք Պօղոս առաքեալի Կորնթացիներին գրած երկրորդ նամակում իր յուսադրիչ խօսքերը.«Ամէն կողմից նեղւած ենք, բայց ընկճւած չենք, տագնապի ենք մատնւած, բայց յուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքւած չենք, յաճախ խոշտանգւած, բայց խորտակւած չենք»(Բ. Կրն. 4։8-9)։
Այս օրերի մեր տառապանքն ու վիշտը, սուգն ու ցաւը հրեղէն բոցեր են մեր կեանքում այրելու, հրկիզելու չարն ու թշնամութիւնը, ատելութիւնն ու չարաբանութիւնը, անհանդուրժողութիւնն ու այլամերժութիւնը, սուտն ու կեղծիքը եւ նրանց տեղ մեր սրտերում սերմանելու սէր, խաղաղութիւն, եղբայրութիւն եւ այլասիրութիւն, անշահախնդիր հայրենասիրութիւն եւ հաւատարմութիւն, այլ խօսքով նոր եւ Աստւածահաճ կեանք։

Խուսափենք դիմատետրեան տհաճ, վիրաւորական ու հայու անվայել տգեղ արտայայտութիւններից եւ լինենք զգաստ ու զգօն եւ Քրիստոսի սիրոյ եւ հաճութեան զգացումներով լցւենք։ Այո՛, դառն է պարտութիւնը, աւելի դառն է հայրենիք կորսնցնելը։ Յաճախ ունեցած ենք պարտութիւններ։ Քանի՜ քանի՜ անգամներ մեր հայրենիքը արշաւող հրոսակների ձիերի ոտքի կոխան է եղել եւ սակայն չենք ընկճւել իբրեւ ժողովուրդ։ Հաւատանք որ այս օրերն էլ անցնելու են եւ մենք կրկին անգամ վերատիրանալու ենք մեզնից խլւածին։ «Մի վախեցիր, բայց միայն հաւատա» ասում է Քրիստոս։

Ահա այս խոհերով ու սրտաբուխ կոչով շնորհաւորում եմ ձեզ սիրելի հայորդիներ, թանկագին ու հաւատաւոր զաւակներ հայոց փառապանծ ազգին։ Աղօթում եմ, որ ծնեալ Փրկիչը իր ծնունդով աշխարհ բերի, մի անգամ եւս, սէր, խաղաղութիւն, եղբայրութիւն, միութիւն ու միասնականութիւն ու մեզանից հեռացնի ատելութիւնն ու թշնամանքը, անհանդուրժողութիւնն ու նենգութիւնը եւ սիրոյ ու խաղաղութեան սերմերով մեր սրտերը վերածի կանաչ արօտավայրի, որտեղ տիրի խաղաղ ու համերաշխ կեանք։
Յիշեցէ՛ք, Քրիստոսի ծննդեան գիշերը հրեշտակներն ու երկնային զօրքերը երգեցին.-

Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում,
Խաղաղութիւն երկրի վրայ
Եւ հաճութի՜ւն մարդկանց միջեւ

Աւետարանը ասում է, որ այդ օրերին արեւելքից երեք մոգեր եկան Բեթղեհէմ եւ նորածին Մանուկ Յիսուսին ընծայեցին իրենց նւէրները՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ Մոգերի նման մենք էլ մեր ընծաները մատուցենք Արցախի մեր մանուկներին, հայրենազուրկ մեր ժողովրդին։
Աղօթենք միասնաբար սիրելիներ մեր եկեղեցու պայծառութեան, նւիրապետական մեր Աթոռների, հայրենիքի ու Արցախի խաղաղութեան համար։ Աղօթենք միմեանց համար, աշխարհի եւ յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ իր հոգեւոր ու աշխարհական ղեկավարութեան եւ ժողովրդի համար։

Շնորհաւոր նոր տարի եւ Ս. Ծնունդ
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս. Ամէն։

Սիրով, օրհնութեամբ եւ աղօթասացութեամբ.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com