Ասիայի Եկեղեցիների խորհուրդը (CCA) Դատապարտում է Թրքա-Ադրբեջանական ահաբեկչական յարձակումը Արցախի վրայ

Թայլանդում հաստատւած Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) ընդհանուր քարտուղար՝ դոկտ. Մատթիոս Ջորջը ընդառաջելով Թեհրահի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսեանի առաջարկին յատուկ յայտարարութեամբ խստօրէն դատապարտեց թրքա-ադրբեջանական ահաբեկչական յարձակումը Արցախի վրայ:

Շղթայազերծւած յարձակումի պատճառով Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը Ստեփանակերտ, Շուշի եւ այլ քաղաքներ եւ գիւղեր անընդհատ ենթարկւում են ծանր հրետակոծութեան:

Լեռնային Ղարաբաղը իր աւելի քան հարիւր յիսուն հազար հայ բնակչութեամբ միջազգային ընտանիքի ուշադրութեան առարկայ եղաւ երբ Սովետի ղեկավարութեան կողմից 1920-ական թւականներից ադրբեջանի հովանաւորութեան տակ դրւեց: Սովետական միութեան անցեալ եօթանասուն տարիների ընթացքին Ղարաբաղցիները յաճախ պահանջել են անկախութիւն եւ կամ միացում Հայաստանի հետ սակայն իրենց աշխատանքները իզուր են անցել:

Սովետական միութեան փլուզումով Լեռնային Ղարաբաղը իր խորհրդարանի եւ ժողովրդի կամքով յայտարարեց իր անկախութիւնը, ինչ որ պատճառ եղաւ զինական բախումների ադրբեջանի հետ: 1994 թւականին խաղաղութեան զինադադարի հաստատումով Լեռնային Ղարաբաղը ամրագրեց իր անկախութիւնը կառուցելով ժողովրդավար հանրապետութիւն:

Ասիայի Եկեղեցիների Խորհուրդը իր խոր մտահոգութիւնն է յայտնում պատերազմի վերսկսման առիթով եւ կոչ է անում կռւող կոմերին յարգել հրադադարը եւ վերսկսել բանակցութեանց: «Հետեւելով Աւետարանի ուսուցումներին մենք դատապարտում ենք ամէն տեսակի բռնութիւն եւ խաղաղութեան բռնաբարում եւ աղօթում խաղաղութեան հաստատման համար» գրւել է Ասիայի Եկեղեցիների Խորհրդի ընդհանուր քարտուղարի կոչում:

Յայտնենք, որ Ասիայի Եկեղեցիների Խորհրդի մաս են կազմում Ասիայի եւ ծայրագոյն Արեւելքի երկրների աւելի քան երեսուն եկեղեցիներ, որոնց մաս է կազմում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Հայոց Եկեղեցին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ
17.10.2020