Յատուկ արարողութիւն Հայոց Բանակի, Հայրենիքի պաշտպանութեան եւ զոհւածների հոգու հանգստեան համար

 


Ուրբաթ, թւականիս հոկտեմբերի 2-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ ի զօրակցութիւն հայոց բանակի։ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Արիստակէս Քհնյ․ Շահմիրեանը։

Արարողութեանը ներկայ էին, Հայ Կաթողիկէ եկեղեցու Հոգեւոր Հովիւ՝ Գերապայծառ Սարգիս Դաւթեանը, Հայ Աւետարանական Համայնքի Հոգեւոր հովիւ՝ Վերապատւելի Սերգէյ Շահվերդեանը, Թեմական Խորհուրդի ատենապետ՝ պրն․ Նորայր Արամեանը եւ թեմական խորհրդի անձնակազմից՝ ներկայացուցիչներ, «Ալիք» հաստատութեան ներկեյացուցիչ՝ Սուրիկ Աբնուսեանը եւ այլ անդամներ, Հ․Մ․ «Արարատ» Կազմակերպութեան Սկաուտական Միութեան անդամները եւ հաւատացեալ ժողովուրդ։ Յընթացաս Պատարագի Առաջնորդ Սրբազան Հայրը ի լուր հաւատացեալների ներկայացրեց իր հայրական պատգամը։

Սրբազան հայրը իր խօսքի սկզբում մէջբերելով Քրիստոսի արտասանած խօսքը․ «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ որ տարբեր է այս աշխարհի տւած խաղաղութիւնից։» (Յհ. 14։27) բնութագրեց մարդուն ի վերուստ տրւած խաղաղութինը, շնորհ՝ որի մասին Տիրոջ ծննդեան գիշեր հրշետակների կողմից աւետւեց համայն մարդկութեան։ Ապա նա շարունակելով իր խօսքը, անդրադարձաւ մարդուն Աստծուն նմանեցնող ստորոգելինեից՝ կամքի ազատութեան՝ որով վերջինս ազատօրէն ապրելու եւ հայրենիքի հողի վրայ ստեղծագործելու իրաւունք է ստանում։ Սրբազան Հայրը կարեւորելով այս աստւածային շնորրհները՝ ասաց․ «Արդարեւ խաղաղութիւնը ի սկզբանէ եղել է մարդկային կեանքի հիմնական նպատակներից, երազներից մէկը, դրա համար էլ խաղաղութիւնը, իրական խաղաղութիւնը բոլոր ժամանակների մարդու սրտի ամենից խոր ու անկեղծ փափաքներից է եղե՛լ եւ է՛, որովհետեւ այն մարդկային կեանքի ամենից կենսական ու հրամայական պահանջքներից է »։

Ապա Սրբազան Հայրը ականարկեց, որ մարդկային կեանքի ամենից դժբախտ ու տխուր երեւոյթները խաղաղութեան բացակայութեան հետեւանքն են»։ Նա իր խօսքում Հայ ժողովրդին խաղաղութեան եւ ազատութեան համար պայքարող ժողովուրդ բնորոշելով ասաց․ «Մեր եկեղեցին ու ժողովուրդը դարերով ապրել, գործել ու պայքարել են յանուն խաղաղութեան, յանուն ազատութեան, ազատ ու խաղաղ կեանքի։

Ազատութիւնը մեր իրաւունքն է, առաւել եւս ամէն մի ժողովուրդի իրաւունքն է ազատօրէն ապրելու իր հայրենի հողի վրայ։ Մեր ժողովուրդը յանուն իր
հայրենիքի եւ իրաւունքների ձեռքբերման յարատեւօրէն պայքարի մէջ է եղել։ Մեր կեանքը եղել է Գողգոթա ու խաչի ճանապարհ եւ միաժամանակ վերածնունդ ու յարութիւն։

Վերջին երկու հարիւր տարիների մեր ժողովրդի պատմութեան արիւնոտ էջերը վկայում են այն իրողութեան որ ունեցել ենք եւ հիմա էլ ունենք ծանօթ եւ անծանօթ հազարաւոր քաջամարտիկներ, ազատամարտիկներ, որոնք իրենց արեամբ սրբագործեցին հայրենի մեր հողը զայն վերածելով սրբազան խորանի։ Ժողովուրդների յաւերժական գոյութիւնը երաշխաւորւում է իրենց հայրենիքով, հայրենի հողի վրայ ապրելու եւ ստեղծագործելու իրողութեամբ։ Արդարեւ հայրենիքի ազատութեան եւ ամբողջականութեան պահպանման համար մղւող պայքարը սուրբ է ու նւիրական»։

Սրբազան Հայրը յիշելով վերջին հինգ օրերի ընթացքին Թուրքիայի ուղղակի եւ անուղղակի հովանաւորութեան ներքոյ Ադրբէյջանի սանձարձակ յարձակումները Արցախի վրայ, ու բարձր գնահատելով Հայոց բանակի անօրինակ սխրանքները, կոչ արեց՝ եկեղեցու նւիրական կամարների ներքոյ, հայ ժողովրդի զաւակները իրենց ուղղակի եւ անուղղակի զօրակցութեամբ, նիւթական ու բարոյական օժանդակութեամբ սատարել հայ զինւորին։

Նաեւ կոչ արեց,աղօթել մեր նահատակ զինւորների հոգիների խաղաղութեան համար, աղօթել հայոց բանակի անկոտրում կամքի եւ յաղթանակի համար, աղօթենլ միաժամանակ տարածաշրջանի եւ ինչու չէ նաեւ ողջ աշխահի խաղաղութեան համար, այն խոր վստահութեամբ ու հաւատքով որ իր ազատութեան, հայրենիքի գոյապահպանման համար պայքարող, պատերազմ մղող հայկական բանակը յաղթական դուրս է գալու այս աւերիչ ու կործանարար պատերազմից»։

Յաւարտ Պատարագի հայրենիքի պաշտպանութեան համար նահատակւած քաջարի զինւորների ու զոհւած խաղաղ բնակիչների համար տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ