Հայոց Ազգային Դպրոցների Մշակութային փառատօնի՝ Ասմունքի ծրագիր

Ուրբաթ, փետրւարի 19-ի առաւօտեան ժամը 11-ից մինչեւ երեկոյեան ժամը 8:30-ը, տեղի ունեցաւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի կազմակերպած հայոց դպրոցների Մշակութային փառատօնի ասմունքի ծրագիրը, 197 աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Առաւօտեան ժամը 11-ից մինչեւ կ. յ. 2-ը կայացաւ տարրական դպրոցների Ա, Բ եւ Գ դասարանների, թւով 89 աշակերտների ելոյթները, ապա կէսօրից յետոյ ժամը 3-5:30-ը իրաւարար կազմը ունկնդրեց Դ, Ե եւ Զ դասարանների թւով 67 աշակերտների արտասանութիւններ. երեկոյեան ժամը 5:30-8:30-ը միջնակարգ օղակի 39 աշակերտների ասմունքները:

Ասմունքի բաժնի իրաւարար կազմի անդամներն էին հերթականութեամբ՝ Հիլդա Յարութիւնեանը, Շարիս Մելքոմ Աբգարը, Աննա Զարգարեանը, Անի Զաքարեանը, Ալինա Յովսէփեանը, Հրանուշ Սարգսեանը, Անժէլ Մինասեանը եւ Վերժիկ Թահմասեանը:

Աշակերտների գնահատագրերը յանձնւեցին իրաւարար կազմի անդամների եւ Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանի եւ միւս անդամներ՝ Ժասմէն Մինասեանի, Ռուբինա Օհանեանի եւ Մելինէ Բադալի միջոցով:

Կրթական խորհրդի ատենապետը իր արտայայտութիւնների ընթացքում գնահատելով մեծ թւով աշակերտների մասնակցութիւնը, ի մասնաւորի ասմունքի մրցոյթների, մեծ դեր վերապահեց ծնողներին եւ հայերէն առարկայ դասաւանդող ուսուցիչներին, երեխաներին խրախուսելու գործում:

Նա ակնարկելով առաջիկայ ուրբաթ տեղի ունենալիք խորհրդարանական ընտրութիւնները, կարեւորեց հայ պատ-գամաւորների դերակատարութիւնը հայոց դպրոցներին վերաբերող հարցերին բարւոք լուծումներ տալու գործում: