ԿՈՉ` ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄԻ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՒԱԿՆԵՐԻՆ

Այսու քրիստոնէական ջերմ սիրով եւ գոհունակութեամբ ողջունում եւ կոչ ենք անում Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն յառաջիկայ ուրբաթ 26 փետրւար 2016-ին Իրանի ողջ տարածքում տեղի ունենալիք 10-րդ նստաշրջանի Իրանի Իսլամական Խորհրդարանի եւ փորձագէտների ընտրութիւններին, ի կատարումն եւ լրացումն մեր պարտականութիւնների որպէս լիիրաւ քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետութեան։

Իւրաքանչիւր քաղաքացի իր հայրենիքի նկատմամբ իր պարտականութիւններն ու պարտաւորութիւնները ունի, հայրենիքն էլ իր քաղաքացիների հանդէպ ի՛ր պարտականութիւններն ու պարտաւորութիւններն ունի։ 

Մենք որպէս հայ եկեղեցու զաւակներ կոչւած ենք խուռներամ մասնակցելու 10-րդ նստաշրջանի Իսլամական Խորհրդարանի ընտրութիւններին։ Մեր կոչն է մեր ժողովրդի զաւակներին, որ այնպէս ինչպէս համաժողովրդական մասնակցութեամբ մեր պահանջատիրական քայլարշաւին 24 Ապրիլ 2015-ին արտայայտեցինք մեր կամքն ու զօրութիւնը, նոյն ոգիով եւ թափով, մասնակցենք Խորհրդարանական եւ Փորձագէտների ընտրութիւններին ի վկայութիւն մեր գաղութի ուժին, զօրութեան ինչպէս նաեւ ի հաստատումն մեր ամբողջական ու անվերապահ մասնակցութեան իրանեան մեր հայրենիքի քաղաքական, մշակութային, ընկերային, տնտեսական կեանքի առաւել զարգացման, բարգաւաճման ընթացքին։ 

Ուրբաթ օրը բոլորիս համար լինելու է մի նոր փորձաքար. եկէք արժեւորենք մեր քաղաքացիական իրաւունքը խուռներամ մասնակցութեամբ Խորհրդարանական եւ Փորձագէտների ընտրութիւններին։ 

Ողջ լերուք ի Տէր եւ զօրացեալք Ս. Հոգւով։