Շարունակւում է Կ.Օ.Մ.-ի աշխատանքները՝ ի նպաստ կարիքաւոր ընտանիքներին

Թ.Հ.Թ.Կարիքաւորներին օժանդակող մարմինը տարիներ ի վեր, իր ազգանպաստ եւ Աստւածահաճոյ ծառայութիւնն է մատուցել համայնքիս խնամքի կարօտ հայորդիներին։

Կարիքաւորներին օժանդակող մարմնից տեղեկանում ենք, որ թւականիս օգոստոսի 8-ին ուրբաթ առաւօտեան «Սահակեան» բարեսիրական կենտրոնում, նիւթական անբարենպաստ պայմանների ենթարկւած ընտանիքներին տրամադրւել է իրենց հասանելիք պարէնները։ Հարկ է նշել, որ Կ.Օ.Մ.-ի ցանկում գրանցւած անհատներից բացի պարէնային փաթեթներ է տրամադրւել նաեւ Հայ Կանանց Բարեգործական միութեան կողմից ներկայացւած կարիքաւորներին:

Նոյն օրը, մարմնի անդամները հիւրընկալել են, ԻԻ խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ Կ.Օ.Մ.-ի հետ կապ՝ պրն․ Արամ Նովշադեանին։ Պրն. Արա Շահվերդեանը հետաքրքրւելով մարմնի կողմից կատարւած աշխատանաքների գործընթացի մանրամասնութիւնից, խորհրդակցական այս հանդիպման՝ հանդէս եկաւ իր շինիչ առաջարկներով։

Կ.Օ.Մ.-ի ատենապետ՝ պրն․ Մուշեղ Ծատուրեանը իր հերթին հակիրճ բացատրութիւններ տւեց կայանալիք եւ յառաջիկայ աշխատանքների վերաբերեալ, ապա երախտագիտական ու շնորհակալական խօսք ուղղեց մարմնի անդամներին, բարերարներին, որոնք իրենց անխոնջ աշխատանքով ու նւիրումով սատար հանդիսացան մարմնի աշխատանքներին եւ կարիքաւոր ընտանիքներին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ